Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեջրի «գաղտնիքները»

Փետրվար 21,2009 00:00

Երբեմն կատակով ասում են՝ գարեջուրը նույնքան հին է, որքան մարդկությունը

Այդ ոսկեգույն ըմպելիքը պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ եւ շատ երկրներում նույնիսկ դարձել տեղի մշակույթի անբաժանելի մասը: Գարեջրի գոյության արմատները շատ հեռու են գնում, օրինակ, Բաբելոնում պատրաստում էին գարեջրի շուրջ 19 տեսակ եւ գարեջրագործությունը կարգավորվում էր օրենքով, որոնք ամրագրված էին Համմուրաբիի օրենսգրքում: Օրենքով էր կարգավորվում գարեջրի գինը եւ այն խախտելու դեպքում կարող էին ենթարկվել մահապատժի:

Գարեջրագործությունը տարածում ուներ նաեւ Հին Եգիպտոսում: Պեղումների ժամանակ այդ երկրում գտնվել է գարեջրի պատրաստման ամենահին գրավոր բաղադրատոմսը: Հետագայում գարեջրագործության տեխնոլոգիան տարածվեց նաեւ Եվրոպայում: Գարեջրի տեխնոլոգիան դարերի ընթացքում զգալի փոփոխությունների է ենթարկվել, բայց, ընդհանուր առմամբ, բոլոր տեսակներն էլ պատրաստվում են չորս հիմնական բաղադրիչներից՝ գայլուկից, գարուց, խմորիչից ու ջրից: Մասնագետների պատմելով, գարեջրի արտադրությունը նույնպես բաժանվում է չորս փուլերի՝ ածիկի աճեցում, քաղցուի պատրաստում, խմորում եւ խմիչքի հասունացում:

Ածիկի աճեցման փուլում գարին թրջում են ջրում, որպեսզի այն ծլի: Ծլարձակումից հետո տեղափոխում են հատուկ ջեռոցներ եւ ծլելու պրոցեսը դադարեցնելու նպատակով խոնավությունն իջեցնում են մինչեւ 3-5%: Այնուհետեւ ծիլերը հեռացնում են, իսկ ածիկը աղում: Հաջորդ փուլը քաղցուի պատրաստումն է: Աղացած ածիկը խառնում են ջրի հետ, որի արդյունքում առաջանում է խյուս, եւ այն աստիճանաբար տաքացնում են: Որոշակի ջերմաստիճանում օսլան վերածվում է պարզագույն շաքարի: Այդպես է ստացվում քաղցուն, որին հաջորդում է եռացման պրոցեսը: Այդ ժամանակ քաղցուի մեջ գայլուկ են գցում՝ ըմպելիքին դառը համ փոխանցելու համար: 2-3 ժամ եռացնելուց հետո համապատասխան ջերմաստիճանում քաղցուն սառեցնում են:

Գարեջրի պատրաստման ամենակարեւոր փուլը խմորումն է: Խմորիչի ազդեցության տակ քաղցուի մեջ եղած շաքարները վերածվում են ածխաթթու գազի եւ ալկոհոլի: Սա տեւում է 10 օր, որի արդյունքում ստանում են չհասունացած գարեջուր, որը լցվելով տարաների մեջ՝ ուղարկվում է մշակման: Հասունացման փուլում գարեջուրը ձեռք է բերում համ ու հոտ: Հասունացման ընթացքը կարող է տեւել 4 շաբաթից մինչեւ մի քանի ամիս: Այս ժամանակահատվածը կախված է նրանից, թե ըմպելիքի որ տեսակն է պատրաստվում: Այսօր կա բաց, մուգ գույնի, քաղցր կամ դառը գարեջուր, որոնք պատրաստվում են գարուց կամ ցորենից: Գարեջրի համը կախված է ածիկի տեսակից, պատրաստման տեխնոլոգիայից, օգտագործված խմորիչներից, նույնիսկ՝ ջրի որակից: Բաց գույնի գարեջուրը հայտնի է պլզենյան անունով, որի «բնօրինակը» պատրաստվում է Չեխիայի Պլզեն քաղաքում: Իսկ Գերմանիայում հայտնի է ցորենից պատրաստված սպիտակ գարեջուրը՝ «weiss beer», Մեծ Բրիտանիայում՝ «պորտերն» ու «ստաուտը»: Պորտերը 1700-ական թվականներին առաջին անգամ պատրաստվել է Լոնդոնում, այն չափազանց թունդ է եւ ունի մուգ գույն, որը սկզբում նախատեսված է եղել բանվորների համար: «Ստաուտը» նույնպես չափազանց թունդ է եւ մուգ գույնի, հայտնի է այս գարեջրի երկու տեսակ՝ անգլիական քաղցր եւ իռլանդական դառը: Ըստ մասնագետների, գարեջուրը պարունակում է կարեւոր վիտամիններ եւ հանքային նյութեր, օրինակ՝ քրոմ, ցինկ, ռիբոֆլավին եւ այլն: Որոշ բժիշկների կարծիքով, գարեջրի չափավոր օգտագործումը կարող է կանխել մի շարք հիվանդությունների առաջացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել