Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ

Փետրվար 25,2009 00:00

«Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հավաստմամբ՝ ընկերությունը աշխատավարձերը ստիպված է կրճատել:

\"\"
Ղեկավար անձնակազմի աշխատավարձերի կրճատումն,
ըստ Պատրիկ Լորենի, անազնիվ է:

«Հայջրմուղկոյուղին» իր աշխատակիցների մի մասի աշխատավարձերը փետրվարի 1-ից կրճատել է 20%-ով, ինչը, սակայն, չի տարածվել ղեկավար անձնակազմի վրա: Մեր տեղեկություններով, աշխատավարձերի կրճատումների պատճառը տնտեսական ճգնաժամն է. ընկերության գումարները վերջանում են:

«Առավոտն» այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենից: Մեզ հետ զրույցում պարոն Լորենը հաստատեց, որ աշխատավարձերն իրոք կրճատվել են: Նրա խոսքերով. «Այո, ճիշտ է: Մենք ժամանակավորապես աշխատավարձերը կրճատել ենք, բայց դրա հետ միասին մենք կրճատել ենք նաեւ աշխատանքային ժամերը, այսինքն՝ այդ մարդիկ աշխատելու են շաբաթվա մեջ ոչ թե 5, այլ՝ 4 օր ու վճարվելու են իրենց կատարած աշխատանքի համար: Դա արել ենք, որպեսզի գոնե մի քիչ կրճատենք այն ծախսերը, որոնք գնում են աշխատավարձերի վրա, քանի որ առաջին եռամսյակում մենք որոշակի դժվարությունների հանդիպեցինք: Դա միանշանակ ճգնաժամի հետ կապել չի կարելի: 2009-ի պետական սուբսիդիան մոտ 400 միլիոն դրամով կրճատվել է, հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացում էինք ակնկալում, սակայն դա էլ չեղավ, ու մենք դժվարությունների առջեւ կանգնեցինք»: Ըստ պարոն Լորենի, պատճառներից մեկն էլ այն է, որ ճգնաժամը հասել է Հայաստան, որի պատճառով մի քանի խոշոր գործարաններ փակվեցին. «Դրանք մեր հիմնական վճարողներն էին, իսկ հիմա նրանք վճարունակ չեն, դրա համար էլ մեր եկամուտները կրճատվել են: Մենք միայն աշխատավարձերը չենք կրճատել, այլ՝ բոլոր ծախսերը: Սա ժամանակավոր է, եթե տարվա ընթացքում մեր գործերը նորմալ ընթացք ստանան, կփորձենք վճարել այդ բոլոր չվճարված գումարները, որոնք այս ամիսների ընթացքում իրենք չեն ստացել»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ աշխատավարձերի կրճատումը բոլորի վրա չի տարածվել, պարոն Լորենը պատասխանեց. «Վարչական մասի աշխատավարձերն էլ են իջեցվել, վարչության ու բաժնի պետերն էլ են 20%-ով ավելի քիչ ստանում: Սակայն նրանք աշխատում են նախկինի պես՝ շաբաթական 5 օր: Տարածքային ստորաբաժանումների աշխատողների աշխատավարձերը չենք կրճատել, քանի որ նրանք քիչ աշխատավարձ են ստանում: Ընդհանրապես, 50 հազարից պակաս գումար ստացողների վրա սա չի տարածվել: Մենք մի քանի տարբերակ էլ ունեինք: Ըստ օրենսդրության՝ մենք կարող էինք մարդկանց աշխատեցնել մեկ ամիս եւ դրա համար չվճարել, կամ աշխատակիցներին կրճատել, սակայն դա չցանկացանք կիրառել, քանի որ շատ անմարդկային կլիներ: Որոշեցինք, որ ավելի լավ կլինի՝ մարդիկ աշխատավարձ ստանան»: Իսկ մեր այն հարցին, թե գլխավոր տնօրենի աշխատավարձն է՞լ է կրճատվել, Պ. Լորենը պատասխանեց. «Ոչ, դա չի անդրադարձել կառավարական անձնակազմի վրա: Այդպես ազնիվ չէր լինի: Մենք մեր աշխատավարձերը ստանում ենք Համաշխարհային բանկի վարկավորումից, իսկ մնացած աշխատողները՝ վարձավճարների հավաքագրումից»: Պարոն Լորենը խոստացավ, որ ջրի սակագնի բաձրացման եւ եկամուտների ավելացման դեպքում ամեն ինչ կկարգավորվի: Նշենք, որ «Հայջրմուղկոյուղին» ջրի սակագնի վերանայման համար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Խոսելով ընկերության ներդրումների նվազման մասին՝ Պ. Լորենը ասաց, որ դրա հետ կապված խնդիր չկա, քանի որ ներդրումներն իրականացվում են վարկային ծրագրերով, բայց այն ծրագրերը, որոնք արվում էին ընկերության հաշվին, բնականաբար կկրճատվեն: Պարոն Լորենը չժխտեց, սակայն, որ եթե փոփոխություններ չլինեն՝ ընկերությունում կրճատումների կգնան: Նշենք, որ այժմ ընկերությունում աշխատում է 1800 մարդ:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության Մարդկային ռեսուրսների վարչության պետ Կարեն Առաքելյանից էլ փորձեցինք ճշտել, թե քանի հոգու աշխատավարձ է կրճատվել: Կ. Առաքելյանի խոսքերով. «Հիմնական կատեգորիաները, որոնք կարող էին 32 ժամ աշխատել, այսինքն՝ ադմինիստրատիվ գործ անողները մեր ընկերության 30%-ից մի փոքր ավելի են, ուստի սա ավելի շատ նրանց է անդրադարձել»: Մեր այն հարցին, թե աշխատողների հետ կնքված պայմանագրերով թույլ տրվե՞լ է այդպիսի որոշումներ կայացնել, նա պատասխանեց. «Ձեւակերպումները օրենքների շրջանակներում են, մենք աշխատել ենք նաեւ իրավաբանական վարչության հետ, եւ ոչ մեկին չենք ստիպել կատարել նույն աշխատանքը եւ դրա համար վարձատրել նախկինից քիչ: Պարզապես, նրանց տրամադրել ենք լրացուցիչ հանգստյան օր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել