Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆոնոգրամաների» վերջը եկավ

Մարտ 03,2009 00:00

Այլեւս արգելվում է համերգների ժամանակ դրանցից օգտվելը՝ առանց ունկնդրի գիտության

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով (թիվ 43-Ա, փետրվարի 18) արգելվել է նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում «ոչ կենդանի», ասել է թե՝ ֆոնոգրամային հնչողությամբ համերգների կազմակերպումը: Այն նպատակ ունի այսուհետեւ մեր բեմերից դուրս վանել իրենց հույսը ձայնագրությունների եւ համակարգչային մոնտաժի վրա դրած, երբեմն էլ նույնիսկ երգել չկարողացող «երգիչներին», իրենց աստղ ու աստղիկ կոչողներին ու այսպես նաեւ պաշտպանել սպառողների շահերն ու իրավունքները, որոնք մի քանի հազար դրամ են տալիս՝ ընդամենը ձայնագրության տակ բերանը բացուխուփ անող երգչին տեսնելու համար: Հրահանգը, ինչպես սպասվում էր, միանշանակ գնահատականի չարժանացավ, որովհետեւ այստեղ արդեն ոմանց շահերն են բախվում, ոմանց շահույթներն ու գերշահույթներն են պակասում, իսկ մենք լավ գիտենք, թե հայկական չկայացած շոու-բիզնեսում ինչպիսի փողեր են կորզվում նմանատիպ համերգներով:

«Առավոտի» հետ զրուցած որոշ երգիչ-երգչուհիներ (Էմմա Պետրոսյան, Արամո, Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան (Մրո) եւ այլք) ուրախ են հրամանի առիթով, դժգոհ չեն նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ու Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենները, որոնց ղեկավարած դահլիճներում են հիմնականում հանդես գալիս «ֆոնոգրամային» աստղերը, որոնց կենդանի կատարումները լսելիս (ինչի ակնդիրը եղանք «Հ1»-ով հեռարձակվող նախկին «Երկու աստղ» շոու-ծրագրերի ժամանակ) կարող ես մտածել, որ այդ մարդիկ կյանքում երգ ու երգեցողություն չեն լսել: Հիշատակված մշակութային օջախների տնօրենները, չառարկելով որոշման դեմ, այնուամենայնիվ, առաջ են քաշում նաեւ ունկնդրի խնդիրը, ասելով, որ ունկնդիրն ինքն էլ շահագրգռված պետք է լինի այն բանում, որ չգնի ֆոնոգրամային համերգի տոմս:

Նշենք, որ, ըստ նախարարի հրամանի, եթե անգամ կազմակերպվում են ֆոնոգրամային համերգներ, ապա այդ մասին պարտադիր պիտի տեսանելի եւ ընթեռնելի տեղեկություն լինի ազդագրերում, գովազդային հոլովակներում, հայտարարություններում ու տպագիր այլ նյութերում: Իհարկե, ֆոնոգրամային համերգների ազդագրերում նշումներ կլինեն այդ մասին, բայց արդյո՞ք դա «կաշխատի» մարզային միջոցառումների ժամանակ:

Ըստ «Առավոտի» հավաստի տեղեկությունների, օրինակ, ժամանակին (3-4 տարի առաջ) ոմն Դավիթ Գրիգորյան, որը Գյումրիում, Վանաձորում կազմակերպում էր աստղային համերգներ, նույնիսկ ազդագրերում նշում էր, թե համերգի կազմակերպիչն է ճանաչված ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ի դեպ, հենց Դավիթ Գրիգորյանն ու «երգիչ» Արկադի Ջանոյանն էլ հանդես էին գալիս մեր ճանաչված երգիչների ֆոնոգրամաներով: Ջանոյանը վստահություն ներշնչելու համար հայտարարում էր, որ ինքն իբր սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի եղբոր տղան է: Տարիներ շարունակ «երգիչների» այս ոհմակը դրամ կորզելուց հետո դուրս էր վռնդվել Գյումրիից, այն բանից հետո, երբ հայտարարել էին, թե համերգի ավարտին «Գրանդ քենդին» վիճակահանություն պետք է անցկացնի՝ դահլիճ բերելով հանդիսատեսին: Դարձյալ ըստ հավաստի տեղեկությունների, այսօր էլ նույն խաբեբաները իրենց արշավն են շարունակում Ախալքալաքում, Ախալցխաում, Բորժոմիում, Աբխազիայում:

Նախարարի հրահանգը չկատարելու իրենց պատճառաբանությունն ունեն մի շարք հեռուստաընկերություններ («Հ1», «Շանթ» եւ այլն), որոնք նույնպես շոու-բիզնեսի դաշտում են հայտնվել: Ժամանակին «Առավոտի» բարձրացրած «ֆոնոգրամային հարցին» նրանք հայտարարեցին, որ ֆոնոգրաման հեռու է պահում տեխնիկական խոտանից (մանավանդ՝ ուղիղ եթերի ժամանակ), ապահովում կատարյալ հնչողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել