Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը պահանջում է Հոլիվուդից ներողություն խնդրել

Մարտ 03,2009 00:00

Հոլիվուդի պատվիրակության այցը Թեհրան՝ նշանավորվեց սկանդալով

Ամերիկյան կինոարդյունաբերության ներկայացուցիչները պետք է հանդիպեին ֆիլմեր արտադրող իրանցիների հետ, հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով CNN-ը:

Ամերիկացիները, որոնց թվում էր նաեւ հայտնի դերասանուհի Անետ Բենինգը, հանդիպել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խորհրդական Ջավադ Շամակդարին։ Վերջինս հայտարարել է, որ Հոլիվուդի պատվիրակների հանդիպումը իրանցի կինոարտադրողների հետ կկայանա միայն այն դեպքում, եթե ամերիկացիները պաշտոնապես ներողություն խնդրեն «300 սպարտացիներ» եւ «Ռեսթլեր» ֆիլմերի համար։ «Չի կարելի պաշտոնական հանդիպումներ անցկացնել նրանց հետ, ովքեր մեզ վիրավորում են»,- հայտարարել է Ջ. Շամակդարին։ Նա տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներից ժամանած հյուրերը զուրկ չեն մնա հյուրընկալությունից, սակայն այդ ամենը չի բացառում ներողություններ խնդրելու անհրաժեշտությունը։ Իր ելույթում Ահմադինեջադի խորհրդականն առանձնահատուկ հիշատակել է «Ռեսթլեր» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը մարմնավորել է հայտնի դերասան Միքի Ռուրկը։

Իրանցիներին վրդովեցրել է այն փաստը, որ ֆիլմի հերոսներից մեկը կրում է Այաթոլա մականունը եւ հանդես գալիս իրանական դրոշի տակ։

Ֆիլմի վերջում նա պարտվում է Միքի Ռուրկի հերոսին, որը ոչ միայն կոտրում է դրոշի փայտաձողը, այլեւ նետում պարտված հակառակորդի նշանը՝ ոգեւորված ամբոխին։ «300 սպարտացիներ» ֆիլմը նույնպես զայրացրել է իրանցիներին՝ կինոնկարի ռեժիսորների կողմից պատմությունը յուրովի արտապատկերելու համար։ Սպարտացիները ֆիլմում նկարագրվել են որպես վեհ զինվորներ, իսկ պարսիկները՝ սարսափելի վայրենիներ։ Ջ. Շամակդարին հիշել է նաեւ 1991թ. «Դստեր հետ միասին» կինոնկարը, որտեղ նկարագրվում է մի կնոջ կյանքը, որը ամուսնացել է իրանցու հետ եւ փորձում է փախուստի դիմել երկրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել