Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 19,2009 00:00

Մրցակցուհիները հայտնի դարձան

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Նյոնում (Շվեյցարիա) կայացել է ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իտալիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան եւ Սլովենիան:

Որոշվել է նաեւ մրցաշարի խաղացանկը: Խմբում պայքարը մեր ֆուտբոլիստուհիների համար սկսվելու է սեպտեմբերի 19-ին: Այդ օրը մեզ հյուրընկալվելու է Ֆինլանդիան: Մյուս հանդիպումները կայանալու են հետեւյալ օրերին.

24.10.09՝ Հայաստան-Իտալիա

28.10.09՝ Հայաստան-Սլովենիա

21.11.09՝ Ֆինլանդիա-Հայաստան

25.11.09՝ Իտալիա-Հայաստան

27.03.10՝ Սլովենիա-Հայաստան

31.03.10՝ Պորտուգալիա-Հայաստան

25.08.10՝ Հայաստան-Պորտուգալիա:

Տոմսերն արդեն վաճառվում են

ՀՖՖ մամուլի քարտուղարության երեկ տարածած տեղեկատվության համաձայն, արդեն վաճառվում են 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի որակավորման փուլի Հայաստան-Էստոնիա հանդիպման տոմսերը: Մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք այդ խաղին հարավային եւ հյուսիսային տրիբունաներից հետեւել ցանկացողները պիտի վճարեն 3 հազար դրամ: Արեւելյան տրիբունայում մեկ տեղն արժե 5 հազար դրամ, իսկ արեւմտյան տրիբունայում՝ 7 հազար դրամ:

Ինչպիսի՞ն կլինեն պատասխանները

Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկային՝ քառորդ եզրափակիչի երկրորդ զույգի հանդիպումները:

«Բանանցը» 2:0 հաշվով հաղթեց առայժմ գործող գավաթակիր «Արարատին», իսկ Աշտարակի «Միկան» 3:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Մեկնարկային հանդիպումներում արձանագրված հաշիվների տարբերությունից դատելով՝ պարտվող թիմերից պատասխան խաղերում լուրջ ջանքեր են պահանջվելու երկու հանդիպումների ընդհանուր հաշվով կշեռքի նժարն իրենց կողմը թեքելու եւ հետագայում պայքարը շարունակելու իրավունք նվաճելու համար:

Հաջորդը Ռաֆայել Նադալն է

Ինդիան Ուելսում ընթացող թենիսի միջազգային հեղինակավոր ավանդական մրցաշարում, որին մասնակցում են աշխարհի լավագույն թենիսիստները, արգենտինացի Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ: Նա երրորդ փուլում 6:4, 6:2 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Տրոիցկուն եւ հաջորդ շրջանում հանդիպելու է աշխարհի թիվ մեկ ռակետ՝ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել