Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 20,2009 00:00

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ»՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ

\"\"
Գ. Սարգսյանն ու Շ. Շայդուլինը «լեզու չեն գտնում»:

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵ) ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին բաց նամակ է ուղարկել, որտեղ իր վրդովմունքն է հայտնել նախարարի կողմից արված հայտարարությունների առնչությամբ: Հիշեցնենք, որ Գ. Սարգսյանը մարտի 17-ին լրագրողներին ասել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» չի կատարել կոնցեսիոն պայմանագրի որոշ կետեր, թերացել է իր պարտավորությունների մեջ, բացի այդ, կատարված ներդրումների չափի վերաբերյալ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Այս առնչությամբ, «ՀԵ» ներկայիս տնօրեն Շ. Շայդուլինը նամակում ասում է. «Պարոն նախարար, «Հայկական երկաթուղիներ» ընկերության հասցեին Ձեր կողմից արված հայտարարությունները կարող են վարկաբեկել երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի մակարդակով իրականացվող նախագծի հեղինակությանը»: Շ. Շայդուլինը հերքել է նախարարի հայտարարությունը, ասելով. «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումների ծավալը 2008-ին կազմել է 2,5 մլրդ ռուբլի, որից իրացվել էր մոտ 1 մլրդը: Իսկ միջոցների մնացած մասն անցնում է 2009-ի ներդրումային ծրագրի մեջ: Կոնցեսիոն պայմանագրի կատարման շրջանակներում մուտքագրվել են 612 մլն ռուբլու չափով հիմնական ֆոնդեր, ինչը կազմում է 2008-ի կոնցեսիոների պարտավորությունների 61%-ը: Ձեր կողմից ընտրված երկխոսության ձեւը կառուցողականություն եւ արդյունավետություն չի ենթադրում: ՀՀ երկաթուղային տրանսպորտի առջեւ դրված խնդիրներն այնքան բարդ են, որ պահանջում են մշտական ուշադրություն եւ զգուշավոր վերաբերմունք»:

«ՀԷՑ»-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐ ՓՈՂԵՐԸ

\"\"«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը «Նաիրիտ գործարանի» սնանկության հայցով դիմել է դատարան: «ՀԷՑ»-ի մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանի ներկայացմամբ, 2009-ի մարտի սկզբի դրությամբ, օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց գործարանի պարտքը գերազանցել է 963 միլիոն դրամը: «Նաիրիտ գործարանը» վերջին մի քանի տարվա ընթացքում երբեք ժամանակին չի վճարել եւ կուտակել է մեծ պարտքեր, ինչն էլ մեզ ստիպել է դիմել դատարան»: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»:

«Նաիրիտ գործարանի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն էլ, մեկնաբանելով իրավիճակը, խնդիրը համարել է «օճառաջրի պղպջակ»: Նա նշել է, որ գործարանն արդեն սկսել է վերագործարկման գործընթացը եւ նախատեսում է ապրիլի կեսին թողարկել առաջին արտադրանքը: «Մենք կունենանք բավականաչափ միջոցներ էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու համար: Մեզ սնանկ ճանաչելու պահանջով ներկայացվել է 20-30 հայց, սակայն առայժմ ոչ մեկը չի բավարարվել»,- ասել է նա:

Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ անցյալ տարվա վերջից գործարանը պարապուրդի է մատնված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով՝ կաուչուկի նկատմամբ համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել