Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանում՝ օժիտը շարժառիթ

Մարտ 21,2009 00:00

Նոր օրենքով արգելվում են բռնությունները կանանց նկատմամբ

Հնդկաստանում վերջերս ընդունված օրենքով, երկրի պատմության մեջ առաջին անգամ, հանցագործություն համարվեց ամուսնու՝ իր կնոջ նկատմամբ գործած յուրաքանչյուր՝ սեքսուալ, բարոյական եւ այլ տիպի բռնարարքը: Հնդկաստանի խոշոր քաղաքներից շատերում կանայք իրենց ընտանիքներում պաշտպանված չեն եւ զրկված են ամենատարրական իրավունքներից: Ըստ վիճակագրության՝ երկրում 6 ժամը մեկ կանանց ծեծում են մինչեւ մահ կամ ինքնասպանության են հասցնում իրենց իսկ ամուսինները՝ բարոյական ճնշումներ գործադրելու ճանապարհով: Ինչպես հայտնում է «Independent» լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի ազգաբնակչության տվյալների համատեքստում՝ Հնդկաստանում ամուսնացած 15-49 տարեկան կանանց երկու երրորդը ենթարկվել է ծեծի, բռնարարքների կամ սեռական կյանքի պարտադրման: Կանանց նկատմամբ բռնարարքների ամենատարածված պատճառը կապված է օժիտի հետ: Հնդկաստանում հարսնացուի ընտանիքը պարտավոր է փեսացուին մինչ հարսանիքն ապահովել օժիտով: Այն փեսացուներն ու նրանց ընտանիքները, որոնք դժգոհ են օժիտից, ծեծում են՝ հուզական սթրեսի ու հաճախ մահվան դուռը հասցնելով սեփական անբախտ կանանց։ Անցած տարի օժիտի հետ կապված վեճերի արդյունքում գրանցվել է 6787 կանանց մահվան դեպք. նրանց սպանել են իրենց ամուսինները կամ վերջիններիս ազգականները:

Ընտանեկան բռնությունը կանանց նկատմամբ հանցագործություն է համարվում 1983 թվականից: Նոր օրենքում կիրառվել է «ամուսնական բռնություն» հասկացությունը: Նախկինում ամուսնու կողմից կնոջ բռնաբարությունը հանդիսանում էր տղամարդու ամուսնական իրավունքների մաս: Նոր օրենքով նաեւ հանցագործություն է համարվում բանավոր (բառերի, հայհոյանքների, վիրավորական արտահայտությունների միջոցով), բարոյական եւ տնտեսական բռնությունը կանանց նկատմամբ: Նման հանցարարքների համար նախատեսված է մինչեւ 1 տարի ազատազրկում կամ տուգանք՝ 20 հազար ռուփի (230 ֆունտ ստերլինգ): Գործող օրենքով արդեն ֆիզիկական բռնության համար նախատեսված է երկարաժամկետ ազատազրկում: Նոր օրենքը տուժողին ապահովում է նաեւ ամուսնու աշխատավարձի եւ սեփականության մի մասի տրամադրումը, եւ բացի այդ, ամուսինը պարտավոր է հոգալ տուժողի բուժման ծախսերը: Այժմ օրենքով տուժած կնոջը իրավունք է վերապահվել մնալ ընտանիքում (բաժնեմաս ունենալ բնակտարածքից): Հնդկաստանի մեծ մասում մարդիկ, որպես կանոն, ապրում են մեծ ընտանիքներով, եւ կանայք, սովորաբար, հաճախ փողոց են «նետվում»: Ինչպես նշում են փորձագետները՝ չնայած օրենքի այս առաջընթաց քայլին, վտանգ կա, որ այսուհետ եւս ընտանեկան բռնության դեպքերն անուշադրության կմատնվեն, եթե ընդհանուր առմամբ չփոխվի վերաբերմունքը այս հիմնախնդրի նկատմամբ: Ըստ ՄԱԿ-ի ազգաբնակչության ֆոնդի զեկույցի՝ հնդիկ կանանց 70%-ը ամուսինների կողմից ծեծը շատ դեպքերում արդարացնում է, օրինակ՝ երբ կինն ամուսնուն մերժել է սեքսի կամ զլացել ճաշի պատրաստման հարցում:

Երբ ցանկացանք ՀՀ ոստիկանության «police.am» պաշտոնական կայքէջի ամփոփագրերում փնտրել եւ գտնել մի դեպք, որտեղ ամուսինն օժիտի պատճառով ոտնահարել է իր կնոջ իրավունքները, բարեբախտաբար, նման բան չգտանք: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում ընտանեկան բռնություն չկա: Վկան՝ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների զեկույցներն այս կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել