Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը պահանջում է

Մարտ 21,2009 00:00

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ ռազմագերիների հետ:

«Ըստ ձեռք բերված ստույգ տեղեկատվության՝ ՀՀ զինծառայողներն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ենթարկվում են հատուկ հոգեբանական, բարոյական ճնշումների, ֆիզիկական կտտանքների եւ բռնության, ինչի հետեւանքով ստիպված են հանդես գալ շինծու հայտարարություններով: Ադրբեջանական պաշտոնական կառույցների նման մոտեցումը ռազմագերիներին, ինչպես նաեւ վերջիններիս՝ հարազատների եւ ծնողների հետ շփումից, նամակագրական կապից զրկելը հանդիսանում է միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Ժնեւյան 3-րդ եւ 4-րդ կոնվենցիաների կոպիտ խախտում: Մինչդեռ հայկական կողմը մշտապես ապահովում է ադրբեջանցի ռազմագերիների՝ խոսքի, հարազատների հետ շփման, բժշկական օգնություն ստանալու եւ այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն: Հակառակ դրան, ադրբեջանական կողմը մինչ օրս ԿԽՄԿ միջոցով չի ներկայացրել ՀՀ քաղաքացի, ռազմագերի Պարույր Սիմոնյանի վերաբերյալ որեւէ հավաստի փաստաթուղթ եւ տեղեկատվություն: Ավելին, գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Պ. Սիմոնյանին ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից չի ընձեռվել իր իրավունքներից օգտվելու եւ ոչ մի հնարավորություն, ինչը վերոնշյալ կոնվենցիաների կոպիտ խախտում է: Ադրբեջանական ռազմագերիները, ովքեր ՀՀ կողմից, միջազգային նորմերին համապատասխան, վերադարձվել են Ադրբեջան, մեր հավաստի տվյալներով, ենթարկվում են կտտանքների, ինչի վերաբերյալ փաստերն աղաղակող են. վերջիններիս հանդեպ, որպես կանոն, իրականացվում է քրեական հետապնդում՝ արդյունքում դատապարտելով նրանց երկարաժամկետ ազատազրկման», ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից ռազմագերիներին որպես արտաքին եւ ներքին քարոզչության առարկա օգտագործելու հանգամանքին՝ պահանջելով վերջ տալ այդ անմարդկային եւ արդի ժամանակաշրջանին անհարիր պետական գործունեությանը:

«Պաշտպանության նախարարությունը՝ դատապարտելով հայ զինվորի գերեվարման ամեն մի դեպք, ենթարկել ու ենթարկելու է դրանք մանրակրկիտ ուսումնասիրման, քննության են առնվելու բոլոր հանգամանքները, արվելու են համապատասխան հետեւություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների խարդավանքներին եւ սադրանքներին զոհ դարձած ու գերեվարված հայորդիներին.

զինվորներ, լիովին հասկանում ենք, թե ինչ անմարդկային իրադրությունում եք գտնվում ներկայումս ադրբեջանական գերության մեջ: Քաջատեղյակ ենք նաեւ, թե ինչ ստոր քայլերի են ընդունակ ադրբեջանական հատուկ ծառայությունները:

Այո, դուք թույլ եք տվել զինվորական ծառայության կարգապահական նորմերի խախտում, ինչի արդյունքում մոլորվել եւ հայտնվել եք թշնամու ձեռքում: Բայց դուք Հայրենիքի զավակներն եք եւ վստահ եղեք, որ անգամ սխալի համար արժանավայել պատասխանատվություն կրելը հայ տղամարդուն եւ զինվորին բնորոշ հատկանիշ է:

Ուստի, դուք կարող եք ձեր կյանքի փրկության համար թշնամու նկատմամբ իրագործել ցանկացած խորամանկություն, հնար եւ հարթել Հայրենիք վերադառնալու ճանապարհը:

Հիշեք, որ Հայրենիքը, ինչպես նաեւ ձեր ծնողներն ու հարազատները, միշտ սպասում են ձեր վերադարձին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել