Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքույկ՝ հայհոյանքի մասին

Մարտ 26,2009 00:00

Օրեր առաջ լույս է տեսել «Հայհոյանք» գրքույկը

Հեղինակի՝ Գեւորգ Մարդպետունու հեղինակած գրքույկը, ինչպես գրված է առաջաբանում, նախատեսված է «ազգագետների, քաղաքագետների եւ մտահոգ շրջանի (16 տարեկանից բարձր) ընթերցող հասարակության համար»: Նկատենք, որ տպաքանակը 100 օրինակ է: Մեր տրամադրության տակ գտնվող 100 օրինակներից մեկից տեղեկանում ենք, թե ինչ է հայհոյանքը, ինչպես է ծագել այն, «հայհոյանքի բառաֆոնդը», հայհոյանքի հոգեբանության եւ «հայհոյանքի ազգային նշանակության» մասին:

Հեղինակը տեղեկացնում է, որ գիրքը պատրաստ է եղել 1998 թվականից, սակայն հրատարակվել է այս տարի, եւ որ օգտագործվել է Գավառի բարբառը: Գիրքն ունի բնաբան. «Ախտն էլ ուշադրության արժանի երեւույթ է, եւ հարկավոր է այն ուսումնասիրել, առավել եւս՝ քաղաքակիրթ ձեւով կանխարգելելու համար»:

Հեղինակը, ինչպես ինքն է գրում. «Ինտիլիգենտորեն արտահայտվել հայհոյանքի մասին՝ հնարավոր չէ միայն այն պատճառով, որ այն հայհոյանքի մասին է: Անհնար է պարկեշտ խոսել: Աշխատությունը հարկավոր է ներկայացնել դիպուկ եւ գործնական, որպեսզի չշեղվես: Այսինքն՝ հայհոյանքի ինտիլիգենտությունն անհնար է, քանի որ կարող ես կորցնել «օբյեկտիվ վերլուծության ընթացքը»: Գ. Մարդպետունին տեղեկացնում է, որ իր աշխատությունն առաջինն է հայ իրականության մեջ, քանի որ հայհոյանքի ոլորտը, ըստ նրա, անշնորհակալ ոլորտ է, արհամարհված, չնայած հայհոյում են եւ տղամարդիկ, եւ կանայք, ու հեղինակի ներմուծած բառակապակցությամբ՝ այն «լեզվի մեկուսացված յուրահատուկ բառային ֆոնդն է»: Նրանք, ովքեր կծանոթանան «մեկուսի մարմնի» մասին գրքին, կտեղեկանան օգտագործվող հայհոյանքների եւ «հայհոյանքի ձեւավորման օջախների» մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել