Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական հանդիպումներ

Ապրիլ 09,2009 00:00

\"\"ՀՀ Սփյուռքի նախարարության պատվիրակությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-ից Ֆրանսիայում է:

Ապրիլի 7-ին նախարարությունը տեղեկություն է տարածել, թե Հրանուշ Հակոբյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսահայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների, ինչպես նաեւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի, Սենատի նույն խմբի նախագահ Սերժ Լագոշի եւ ֆրանսահայ մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ: Առնուվիլ քաղաքում ՀՀ Սփյուռքի նախարարը հանդիպել է քաղաքապետ Միշել Օմասին եւ տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս քաղաքի 43 հազար բնակչից 7 հազարը հայ է, քաղաքային խորհրդում հինգ հայ կա:

Հրանուշ Հակոբյանը այցելել է Հրանտ Դինքի անվան եւ Դպրասեր վարժարաններ, Սուրբ Մեսրոպ կրթարան, Հայ թարգմանչաց վարժարան: Հանդիպումների ընթացքում ուսուցիչները խիստ մտահոգություն են հայտնել. վիճակագրության համաձայն՝ այսօր ֆրանսահայ 60 աշակերտից միայն մեկն է հաճախում հայկական դպրոց:

Բոլոր հանդիպումներում էլ խոսվել է Հայաստան-Սփյուռք կապերի եւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման մասին:

Մեր Սփյուռքի նախարարը եղել է նաեւ Լիոնում, Մարսելում, այցելել Լեա եւ Նապոլեոն Բուլլուքյան հաստատություն, Մարգարյան-Փափազյան դպրոց, Սուրբ Հակոբ Մայր եկեղեցի, Վիլորբանի Հայոց ցեղասպանության հուշարձան, Դեսինի մշակույթի տուն, Սրբոց Թարգմանչաց Մայր տաճար, Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոն, Հայ ավետարանական եկեղեցի եւ Անի մշակութային եւ ԺԱՖ երիտասարդական կենտրոններ, «Արամ» վավերագրական հայագիտական կենտրոն:

Բոլոր հանդիպումներում էլ խոսվել է Հայաստան-Սփյուռք կապերի եւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման մասին: Ազգահավաքի մասին խոսելով՝ Հրանուշ Հակոբյանը նկատել է, որ Հայաստանը չի կարող նման խնդիր չդնել, քանի որ հայերի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս: «Մենք բոլորս, ձեզ հետ միասին, պետք է այնպիսի Հայաստան կառուցենք, որ բոլորը երազեն գալ ու ապրել Հայաստանում: 17 տարվա ընթացքում հնարավոր չէ կառուցել նման Հայաստան. 17 տարին պատմության մեջ ընդամենը մի ակնթարթ է: Մենք ուզում ենք, որ դուք ոչ թե ձեր նյութականը, այլ ձեր փորձը, կարողությունները, գիտելիքները, հմտությունները ներդնեք Հայաստանի բարգավաճման համար: Դրա համար էլ մենք հայտարարում ենք, որ մեր Սփյուռքը մեր մրցակցային առավելությունն է: Եթե ոմանց համար դա նավթն է, ապա Հայաստանի համար՝ Սփյուռքը: Յուրաքանչյուր հայ իր իրավունքներն ու պարտականություններն ունի Հայրենիքի նկատմամբ»,- հայտարարել է ՀՀ Սփյուռքի նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել