Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՏՈՒ ԼԻՆԵԼԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է»

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Մեկ տարուց ավելի է, ինչ անհատ տաքսիների վարորդները պարբերաբար կազմակերպվող ցույցերի միջոցով բողոքում են կառավարության կողմից իրենց լիցենզավորելու եւ հարկային դաշտ բերելու որոշման դեմ: Տաքսի ծառայությունները նրանց չմիացան եւ որոշեցին սուսուփուս, առանց աղմուկ բարձրացնելու, վճարել պետական տուրքը, սակաչափիչներ տեղադրել ու, մեղմ ասած, գլուխներն ազատել հարկայինից: Իսկ անհատ տաքսիների վարորդների ցույցերը տվեցին իրենց պտուղները, այն է՝ երկարացվեց պարտադիր լիցենզավորման ժամկետը եւ, բացի այդ, նախապես որոշված 250 հազար դրամ պետական տուրքի փոխարեն նրանցից պահանջեցին վճարել ընդամենը 25 հազար դրամ: Այս հանգամանքը հարուցեց տաքսի ծառայությունների տերերի դժգոհությունը, որոնց կարծիքով, ենթարկվելով կառավարության որոշմանը, իրենք անհատ տաքսիների վարորդների համեմատությամբ՝ հայտնվեցին անհավասար դաշտում: Նրանք նույնիսկ դիմում-բողոքներ ուղարկեցին տրանսպորտի եւ կապի նախարարություն եւ կառավարություն՝ պահանջելով արագացնել անհատ տաքսիստներին հարկային դաշտ բերելու գործընթացը: Երեկ էլ «Տաքսի սերվիսների ասոցիացիան» ասուլիս էր հրավիրել եւ անհատ տաքսիստներին համոզում էր, որ լիցենզավորվելն ու առավել եւս հարկատու լինելը՝ շատ լավ բան է: Ասոցիացիայի փոխնախագահ Վահագն Սահակյանը հայտարարել է, թե «իսկական» տաքսին ինչպիսին պետք է լինի. «Տասը տարին չգերազանցած, տանիքին՝ լուսարձակող տաքսու նշան, սրահը՝ հարմարավետ ու բացի այդ պետք է լինի տաքսոմետր ու հաշվիչ սարք: Մեքենայում պետք է հարմար տեղում փակցված լինի ինֆորմացիա՝ տաքսու գների մասին, այսինքն, ամեն ինչ՝ հաճախորդին ապահով տեղ հասցնելու համար»: Դիմելով անհատ տաքսիստներին, Վ. Սահակյանը նրանց ասել է. «Այն վարորդները, ովքեր բողոքում են տաքսու հաշվիչի դեմ, կհամաձայնե՞ն խանութից առանց կշռելու մթերք գնել»: Նրա խոսքերով, լիցենզիան ուղեւորի համար երաշխիք է, որ վարորդը տիրապետում է իր մասնագիտությանը եւ իրեն վտանգ չի սպառնում:

Նշենք նաեւ, որ երեկ «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հանդիպել են տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ Գագիկ Սարոյանի հետ, որը նրանց տեղեկացրել է, որ լիցենզավորման համար անհրաժեշտ 25 հազար դրամը անհատ տաքսիստները պետք է մուծեն միանգամից, այլապես նրանց չի թույլատրվի աշխատել: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ասուլիսում հայտարարել էր, որ անհատ տաքսու վարորդները կարող են 25 հազար դրամը մուծել մաս-մաս՝ տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել