Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերը՝ Հայաստանում

Ապրիլ 21,2009 00:00

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ուսանելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ: Նրանց եւ հայաստանցի ուսանողների փոխհարաբերությունները միշտ չէ, որ հարթ են, երբեմն նույնիսկ կոնֆլիկտներ են առաջանում, ինչն, ըստ ուսանողների, կապված է մտածելակերպի որոշակի տարբերությունների հետ:

«4 տարի առաջ եմ եկել Հայաստան, եւ այդ օրվանից շատ բան է փոխվել: Սկզբում կուրսեցիներս ինձ մի տեսակ էին նայում: Հետս քիչ էին շփվում, իսկ այժմ բոլորի հետ ընկերություն եմ անում: Միակ խնդիրը, որ այստեղ ունենում եմ՝ բնակարան գտնելու հարցն է: Ամեն սեպտեմբեր, երբ դասերիս համար գալիս եմ, շատերը խուսափում են վարձով բնակարան տալ սփյուռքահային՝ այն էլ ուսանող»,- պատմում է սիրիահայ Սայիդը:

Հիմնականում բարդությունների հանդիպում են տղաները, քանի որ նրանց հագուստի, սանրվածքի, մտածելակերպի մեջ եղած տարբերությունները չեն ընդունվում տեղացիների կողմից: Իսկ այն, թե ինչպես են հագնվում այստեղի երիտասարդները, տարօրինակ է թվում սփյուռքահայերին: «Ես զարմանում եմ հայաստանցի աղջիկների հագուկապի վրա: Բոլորը դասի են գալիս երեկոյան զգեստներով եւ շպարով, դա պրակտիկ չէ եւ ինձ համար ուղղակի անընդունելի է»,- նշեց լիբանանահայ Անին:

Ըստ Անիի՝ խնդիրն ընտանիքի կողմից ոչ ճիշտ դաստիարակության մեջ է. «Պետք է փոքրուց դաստիարակել, սովորեցնել, որ սփյուռքահայը մեր բարեկամն է, որ նա մեզանից ինչ-որ չափով տարբեր է: Իսկ այստեղ մարդիկ կան, որ նույնիսկ հայկական սփյուռքի մասին չգիտեն»:

«Չգիտեմ՝ ինչու է վատ կարծիք ձեւավորվել: Անձամբ ես շատ լավ եմ վերաբերվում սփյուռքահայերին, չէ՞ որ նրանք ճակատագրի բերումով են հայտնվել օտար երկրներում: Նրանց համար էլ դժվար է այնտեղ ապրել, հայրենիքից հեռու»,- ասաց երեւանցի Վարդանը:

Այժմ Երեւանում հանրակացարան է կառուցվում սփյուռքահայ ուսանողների համար: Առաջիկայում պատրաստ կլինի 70 ուսանողների համար նախատեսված շենքը, իսկ 2 տարվա ընթացքում ծրագրել են կառուցել 300 ուսանողի համար նոր հանրակացարան:

Մենք հարցում անցկացրինք 30 հայաստանցի ուսանողների շրջանում, ինչից պարզ դարձավ, որ նրանք դեմ են առանձին շենք կառուցելուն. «Ավելի լավ կլինի, որ հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողները ապրեն միասին՝ նույն շենքում, իսկ կառուցվող հանրակացարանները մի տեսակ բաժանում են նրանց մեզանից»:

Տարբեր կազմակերպություններ հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողների շփումները մեծացնելու համար կազմակերպում են ճամբարներ, միջոցառումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել