Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Ապրիլ 30,2009 00:00

Նույն բնակարանի նկատմամբ կա ուժի մեջ մտած երկու վճիռ

«Առավոտն» օրեր առաջ անդրադարձավ («Սեփական բնակարանից զրկված») Պուշկին-Տերյան փողոցների հատման վայրում բնակելի շենքի շինարարությանը, որն իրականացրել էր «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ն: Բնակելի շենքը բնակիչներին պետք է հանձնվեր դեռ 1996թ. դեկտեմբերին: Այդ շենքի 4-րդ հարկի 9-րդ բնակարանը (3 սենյականոց) պետք է հանձնվեր 4 անձից բաղկացած Համազասպ Եղիյանի ընտանիքին՝ ըստ «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրի: Սակայն այդ բնակարանները դեռ բնակիչներ չունեն, ավելին՝ ներքաշվել են դատական վեճի մեջ:

Համազասպ Եղիյանի մահվանից հետո նրա զավակը՝ Արմեն Եղիյանը տեղեկանում է, որ շենքի անավարտ բնակարանը հանձնվել է մեկ այլ քաղաքացու՝ Հովհաննես Վարդանյանին: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Եղիյանների տունն այդ տարածքում է գտնվել, այն իրացվել է պետության կողմից եւ իրացված տարածքի բնակչին էր հասնելու կառուցվող շենքի բնակարանը: Իսկ Վարդանյանն այդ տարածքի բնակիչ ընդհանրապես չի եղել: Նշել էինք նաեւ, որ «Դվինկոնցեռնը» երկակի խաղ էր խաղացել Եղիյանների եւ Վարդանյանների ընտանիքների նկատմամբ:

Երեկ «Առավոտի» խնդրանքով խմբագրություն էր եկել «Դվինկոնցեռնի» տնօրեն Ռաֆիկ Սարգսյանը: Նրա հետ զրույցից պարզվեց հետեւյալը: ՀԽՍՀ շինանյութերի նախարարության լուծարումից հետո ստեղծվել է «Հայշինանյութեր» արտադրական միավորումը, որի կազմի մեջ է մտել Երեւանի քարե բլոկների կոմբինատը: Վերջինս զբաղվել է շինանյութերի արտադրությամբ, հանրապետության տարբեր մարզերում ունեցել է 17 հանքավայրեր՝ մարմարի, ավազի, բազալտի, գրանիտի… «Հայշինանյութերի» հենքի վրա 1989-ին կազմավորվել է «Հայարդշինանյութեր» արտադրական միավորումը, որի իրավահաջորդ է դարձել «Դվինկոնցեռնը»: Այս պատմական էքսկուրսը կարեւոր է նրանով, որ քարե բլոկների կոմբինատի տնօրենն էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանը, որը ներկայումս հետախուզման մեջ է, թեեւ հայտնի է, որ 2003-ից գտնվում է Մոսկվայում: Ըստ «Առավոտի» տրամադրության տակ գտնվող ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Գ. Խաչիկյանի 2003թ. 18/26-03 պաշտոնական գրության, «Ռ. Գրիգորյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տնօրինել է պետական սեփականություն հանդիսացող գույքը: Նա ապօրինի կարգով օտարել է կոմբինատի հաշվեկշռում եղած մեքենաները, սարքավորումները, կոմբինատի վարչական շենքը, ինչպես նաեւ Տերյան փողոցում կառուցվող շենքից՝ թվով 5 բնակարաններ»:

Մինչ Եղիյանները սպասում էին իրենց բնակարանի հանձնմանը, Ռ. Գրիգորյանի նկատմամբ նախաքննություն է իրականացվում, որից, բնականաբար, տեղյակ չէին նրանք: Ավելին, Ռ. Գրիգորյանը թեեւ ազատվում է քարի կոմբինատի տնօրենի պաշտոնից, սակայն ապօրինի առքուվաճառքի պայմանագրեր է կնքում վիճելի շենքի նորահայտ բնակիչների հետ (իր մտերիմների) եւ այսպիսով նրանց դարձնում սեփականատերեր: Եղիյանների տանը «տիրացած» Հովհաննես Վարդանյանի տան առքուվաճառքի պայմանագրի վրա հայտնվում է «Գոռնյակ» ՍՊԸ-ի կնիքը: Վերջինս այլ ընկերությունների հետ իբր քարի կոմբինատի «հաշվեկշռում» էր: Այն իրավաբանական անձ չէր, որեւէ առնչություն չուներ «Դվինկոնցեռնի» կողմից կառուցվող շենքի հետ, հետեւաբար՝ Ռ. Գրիգորյանը չուներ իրավասություն բնակարան տալու, վաճառելու Հ. Վարդանյանին եւ այլոց: Քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ «Ռ. Գրիգորյանը Հ. Վարդանյանին բնակարանը վաճառելիս առուծախի պայմանագրում որպես վաճառող նշում է «Գոռնյակ» ընկերության անունը, իսկ գործարքի գումարը վճարվում է քարե բլոկների կոմբինատի դրամարկղ»: Հետագայում հաշվապահական բոլոր փաստաթղթերը ոչնչացվում են:

«Առավոտի» տրամադրության տակ է 1995թ. հոկտեմբերի 13-ին Մյասնիկյանի ժողդատարանի վճիռը (ներկայիս՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ): Դատարանը բավարարել է Հովհաննես Վարդանյանի հայցը եւ պարտավորեցրել է «Դվինկոնցեռնին»՝ բնակարան հատկացնելու համար պայմանագիր կնքել Վարդանյանի հետ: Նշվել է, թե «Գոռնյակը» ինքն է իրականացրել Տերյան փողոցում իրականացվող շինարարությունը, որի դեմ «Դվինկոնցեռնը» բազմիցս բողոքել է, բայց՝ ապարդյուն:

Կա օրինական ուժի մեջ գտնվող մեկ այլ վճիռ էլ, այսինքն՝ վճիռ, որը չի բողոքարկվել: Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2-2068 գործով՝ բավարարվել է Արմեն Եղիյանի հայցը: Փաստացի առկա են երկու իրարամերժ դատական ակտեր: Ի դեպ, երբ դատարանը հօգուտ Վարդանյանի վճիռ է կայացրել, դատարանում ներկա չի եղել Արմեն Եղիյանը: Մինչդեռ, ըստ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի, յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անաչառ ու դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունք: Այս պահի դրությամբ, Եղիյանը չի կարողանում իր բնակարանը տնօրինել «Դվինկոնցեռնի» հետ կնքած պայմանագրից՝ 1995թ. սկսած, բնակարանը գտնվում է արգելանքի տակ, իսկ նրանց վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում է:

Հ. Գ. Այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատը վճիռ է կայացնելու: Բայց ո՞ւմ օգտին էլ վճիռ կայացնի, «Դվինկոնցեռնը» կհայտնվի իրավական փակուղու առաջ, քանի որ թե Եղիյանները, թե Վարդանյանները նույն բնակարանի նկատմամբ ունեն օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներ: Հավանաբար, վճռաբեկը գործը ուղարկի ընդհանուր իրավասության դատարան, գնահատական տալու՝ վճիռներից օրինականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել