Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են ընկել

Մայիս 15,2009 00:00

Տեսնելով ԼՂՀ-ն Հայաստանի կողքին

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» սկսել է իր նախաձեռնած «Թեժ գծի» աշխատանքները:

Վերջինը կոչված է՝ համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքների խախտման վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկելու այդ խախտումների վերացման ուղղությամբ: Այս մասին մամուլի հաղորդագրություն տարածելուց րոպեներ անց արդեն «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնում» սկսվեց նամակների հոսքը՝ համացանցում հակահայկական բովանդակությամբ նյութերի մասին:

Ադրբեջանական կայքերից մեկում զետեղված՝ «Ադրբեջանի դեսպանը պատից պոկեց ԼՂՀ քարտեզը» վերտառությամբ հոդվածն այն մասին է, թե ինչպես Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպված Թեհրանի գրքի 22-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը, Իրանում Ադրբեջանի ներկայացուցչությունը տհաճ անակնկալի է եկել, երբ հայկական տաղավարի պատին տեսել է Հայաստանի քարտեզը՝ միավորված ԼՂՀ-ին:

Ադրբեջանցիները զայրույթից հիստերիայի մեջ են ընկել ու փորձել ամեն ինչ անել՝ պատից ԼՂՀ քարտեզը հանելու համար: Միջոցառման կազմակերպիչները նրանց այդ հարցում չեն օգնել: Իր հերթին Իրանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը զարմացել է ադրբեջանցիների արձագանքից: «Կարծում եմ՝ Ադրբեջանի դեսպանը ընդհանրապես գործ չունի այս ամենի հետ: Ավելի լավ կլինի, որ նա զբաղվի իր տաղավարով, որը շատ խղճուկ տեսք ունի: Մեր տաղավարում փակցվածը Հայաստանի քարտեզն է՝ իր հարակից հանրապետություններով՝ Թուրքիա, ԼՂՀ, Իրան, Վրաստան, եւ ոչ մի տարօրինակ բան այստեղ չկա»,- ասել է ՀՀ դեսպանը:

Ըստ ադրբեջանական կայքի՝ Ադրբեջանի դեսպանը, տեսնելով, որ կազմակերպիչներն իրեն չեն օգնում, դիմել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, եւ վերջինի միջամտությամբ, իբր քարտեզը փոխարինվել է հայկական դրոշով: Ներքոնշյալ հղումը՝ արված yerkirmedia.am –ին, https://67.18.130.178/?lang=arm&page=1&id=4425&y=&m=&d=&nc=1&ns=&search_keyword=&p_num=1&opt=ապացուցում է, որ քարտեզը մնում է փակցված, եւ որ ադրբեջանցիները տարածում են հերթական կեղծ տեղեկատվությունը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մայիսի 16-ը, իսկ հայկական տաղավարում կշարունակեն փակցված մնալ Հայաստանի եւ ԼՂՀ քարտեզները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել