Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Մայիս 22,2009 00:00

Որի դեմ պետք է պայքարել պատանեկության շրջանում

«Երբեք մի մեծամտացիր, եթե ինչ-որ հաջողությունների ես հասնում կյանքում»,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Իզաբելլա Ղազարյանը:

Ասում են՝ մեծամիտ լինում են նրանք, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Ինչո՞ւ են մարդիկ մեծամտանում: Ինչի՞ց է այն առաջանում եւ ինչպե՞ս դրսեւորվում: Հոգեբան Իզաբելլա Ղազարյանի փոխանցմամբ, մեծամտությունը բնավորության է: «Մեր «եսը», լինելով ամբողջական, ունի որոշակի բաղադրիչներ: Բաղադրիչներից մեկը իրական պատկերացումներն են մեր մասին, մյուսը՝ այլ մարդկանց պատկերացումները մեր մասին, որոնք մենք գիտենք: Հաջորդ բաղադրիչն էլ մեր իդեալական «եսն» է, այսինքն՝ այն իդեալական կերպարը, որ մեր պատկերացումներում ստեղծում ենք: Մեծամտությունն ու գոռոզությունն առաջանում են այս նշյալ բաղադրիչների միջեւ կապեր առաջանալու ժամանակ: Այդ կապերն այդքան էլ առողջ չեն լինում, որովհետեւ տարբեր տարիքում տարբեր ձեւով են դրսեւորվում»,- մեկնաբանեց Ի. Ղազարյանը: Հոգեբանի ձեւակերպմամբ, մեծամտությունը, գոռոզությունը ավելի շատ բնորոշ են դեռահասներին. «Դեռահասության տարիքում ձգտումը դեպի իդեալական «եսը» շատ ուժեղ է՝ կապված որոշակի տարիքային առանձնահատկությունների հետ: Դեռահաս տարիքում մարդը շատ զգայուն է դրսի կարծիքների նկատմամբ, քանի որ նրանց մոտ իրենց իրականը, սեփականը մինչեւ վերջ ձեւավորված չէ: Շրջապատի կարծիքներից պաշտպանվելու համար, իդեալական «եսն» ավելի շատ զգալու, նույնացնելու իրենց մտացածին իդեալական կերպարի հետ, ձեւավորվում է մեծամտություն: Եթե այդ մեծամտությունը չի հաղթահարվում, եթե իրական պատկերացումներն ու շրջապատինը չեն համընկնում կամ անհամատեղելիությունը շատ է լինում, ապա վտանգը մեծ է. ամբողջ կյանքի ընթացքում կարող է պահպանվել սեփական իրական հատկությունների մասին չափազանցված կարծիք: Մարդը չի կարող իր մասին բացասական կարծիքներ ընդունել, քանի որ դրանք խանգարում են իրեն ձգտել իդեալականին: Մենք բոլորս ենք այդ պատկերին ձգտում՝ ժամանակ առ ժամանակ հասկանալով, որ դա հնարավոր չէ եւ կարող է ինչ-որ տագնապ, սթրես ապրել: Բոլոր այդ բացասական հույզերից պաշտպանվելու համար առաջանում են տարբեր հոգեվիճակներ կամ ձեւավորվում տարբեր հատկություններ, որոնցից մեկը եւ մեծամտությունն է: Այսինքն՝ որքան ավելի շատ մարդ ներքուստ իրեն անկատար զգա, որքան շատ է բարդույթավորված, այնքան ավելի շատ գիտակցված դրսեւորումը կարող է լինել մեծամտությունը»:

Մեծամտության դրսեւորումների մասին էլ հոգեբանը ասում է. «Դրանցից մեկը ագրեսիան է: Ագրեսիան տարբեր պարզաբանումներ ու առաջացման պատճառներ ունի: Մեծամտության դրսեւորման տեսանկյունից՝ ագրեսիան պայմանավորված է մարդու չիրականացած ցանկություններով եւ պահանջմունքներով: Երբ մարդն անընդհատ հանդիպում է այն պատին, որն իրեն խանգարում է հաղթահարել դժվարությունները, նրա մոտ առաջացնում է ֆրուստրացիա: Այսինքն՝ արգելքներ հաղթահարելու անկարողությունը բերում է հոգեկան լարվածության, որը, ի վերջո, հանգեցնում է ագրեսիայի»:

Ըստ հոգեբանի, մարդու մեծամտության մեջ կան նաեւ մեղավորներ. «Շատ անգամ լինում է այնպես, որ մարդ մեծամտանում է շրջապատի կարծիքներից: Սակայն մինչեւ շրջապատը, մեծ դեր ունի ընտանիքը. երեխային չափից ավելի են գովում, դարձնում ընտանեկան աստղ, հատկապես, երբ ընտանիքում նա միակ երեխան է լինում: Այն մարդը, որն այդպես է մեծանում, մանկուց սովորում է այդօրինակ հիացմունքին, գովեստին, միայն դրական գնահատականներ լսելուն: Ու երբ գալիս է մի պահ, որ բախվում է բացասական կարծիքների՝ անտեսում է: Նա այդ ամենին նայում է՝ «մեկ է, ինձ բոլորը գովում են» տեսանկյունից: Հաշվի առնելով այդ տեսակետը՝ նա շրջապատից կորզում, ընտրողաբար վերցնում է այն գնահատականները, որոնք պահպանում են իր աստղ լինելու լեգենդը»: Ի. Ղազարյանի ձեւակերպմամբ, մեծամտությունը պաշտպանություն է բացասական կարծիքների առատությունից, կամ բացահայտում՝ սեփական անձի իրական պատկերի ինքնաճանաչումից. «Ամեն ինչ չափի մեջ գովելի է եւ դրական: Երբ մարդ իրականում համապատասխանում է այն բոլոր արժանիքներին, որոնք վերագրվում են իրեն, կարելի է եւ թույլ տալ ինչ-որ տեղ սեփական անձը բարձունքի վրա դնել: Բայց ասում են՝ որքան ավելի բարձր ես գնում, այնքան ավելի ցավոտ եւ սարսափելի է լինում ընկնելը…»:

Հետաքրքրվեցինք՝ մարդը կարո՞ղ է մեծամտությունից ազատվել, եթե՝ այո, ապա ինչպես: «Բնավորության գծերը եթե ձեւավորված, կարծրացած են, դժվար է փոփոխել: Դա կհաջողվի միայն մանկական տարիքում: Եթե մինչ պատանեկություն մեծամտության դեմ պայքար չի գնում, հետո դժվար կլինի ազատվել, այն կարող է կոնֆլիկտային հարաբերությունների, սեփական բարդույթների ձեւավորմանը հանգեցնել»,- ասում է հոգեբանը:

Ըստ մեր զրուցակցի, մեծամտությունը բնորոշ է նաեւ միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներին. «Հասուն տարիքի մարդկանց մոտ մեծամտությունն արդեն կարծրացած բնավորության գիծ է, որը գալիս է երիտասարդությունից: Եթե հասուն մարդուն մեծամտությունը չի վնասում, եթե աշխատանքում, անձնական կյանքում նա ստացել է այն իդեալական «եսը», որին ձգտել է, այս դեպքում մեծամտությունը խանգարող հանգամանք չի կարող հանդիսանալ: Իսկ եթե գնալով կյանքի դժվարությունները շատանում են, տարիքը, առողջությունը տարեցտարի դեպի ծերություն են գնում եւ կա նաեւ մեծամտություն, այն սկսում է արդեն խանգարել»: Մեծամիտ լինելը շփման մեջ կարող է խնդիրներ առաջացնել: «Օրինակ՝ մեծամիտ մի մարդ, որն ունի ինչ-որ պաշտոն, անկախ իր կամքից՝ նրան կշրջապատեն այնպիսի մարդիկ, որոնք միշտ իրենով հիացած կլինեն: Նրանք այդ մարդու մեջ կսնեն այդ մեծամտությունը, ինչն էլ այդ մարդու կողմից կստանա ինչ-որ պատասխան եւ շատ սիմբիոտիկ համագործակցություն կստեղծվի, այսինքն՝ ինքն իր ներքին աստղային հոգեվիճակը կպահպանի, շրջապատը գոհ կմնա այդ վերաբերմունքից ու շահի տեսքով պատասխաններ կստանա: Իսկ ընկերական շրջապատում մի փոքր այլ է. եթե շատ մտերիմ ընկերներ են լինում, ապա մեծամիտ մարդուն ընկալում են որպես այդպիսին՝ անտեսելով կամ հարմարվելով այդ մեծամտությանը: Մեկ այլ դեպքում էլ լավագույն ընկերների միջեւ կոնֆլիկտ կառաջանա, ընկերը երկար չի հարմարվի: Տարբեր կարող են լինել, բայց հիմնականում ընկերության մեջ մեծամտությունը մեծ խանգարիչ հանգամանք կարող է լինել: Որովհետեւ դժվար է անընդհատ գտնվել մի մարդու կողքին, ով իրեն քեզանից բարձր է դասում»,- ասում է Ի. Ղազարյանը:

Անդրադառնալով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծամտությանը, գոռոզությանն ու աստղային հիվանդությանը՝ Ի. Ղազարյանը նկատեց. «Աստղային հիվանդությունը գալիս է ընտանիքից: Մեր աստղերի գոռոզության, մեծամտության մեղավորները զանգվածային լրատվամիջոցներն են: Հենց նրանց շնորհիվ է, որ մեր երգիչ-երգչուհիներն իրենց համարում են ամենա-ամենաներ… Լրատվամիջոցների շնորհիվ անձի, ստեղծագործողի կողմից ձեւավորվում է սեփական անձի՝ չափից բարձր գնահատական: Մեծամտությունը միայն հայկական շոու-բիզնեսում չէ, բոլոր ազգերի ներկայացուցիչների մոտ էլ կա: Պարզապես, մեր երգիչ-երգչուհիների մոտ շատ է վերածված հիվանդության»: Հարցին, թե ինչո՞ւ են օտարեկրացիներն ավելի թեթեւ եւ անմիջական շփման մեջ՝ ի տարբերություն հայերի, հոգեբանն ընդգծեց. «Մեծամտությունը չպետք է խառնել անմիջականության հետ: Փաստն այն է, որ մեծամիտ մարդն էլ կարող է անմիջական լինել: Արտասահմանցու այն անմիջականությունը, որ մենք տեսնում ենք, ներքուստ կարող է լինել մեծամտություն. օրինակ՝ թե ինքն այնքան բարձր է, որ մեզ կարող է թույլ տալ իր հետ հասարակ շփում: Հայերի մեջ, որպես ազգային բնավորություն, մեծամտություն կա, բայց կարծում եմ, որ վրացիներն ավելի մեծամիտ են: Ադրբեջանցիների մեծամտությունն էլ պայմանավորված է իրենց կոմպլեքսներով. պարտվող կողմի կոմպլեքսը առաջացնում է մեծամտություն: Սովորաբար, երբ ասում են՝ մենք ենք, սա մերն է, մերը… նշանակում է՝ մեծամտությունը հասել է հիվանդության աստիճանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031