Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան «Առավոտին»

Մայիս 23,2009 00:00

«Առավոտի» մարտի 20-ի համարում, հենվելով ՀՀ Սփյուռքի նախարարության տարածած տեղեկատվության վրա, անդրադարձել էինք նախարարության՝ Մերձավոր Արեւելքի երկրների կրթամշակութային խնդիրների օգնության ծրագրին: Նախարարությունը, նշելով, որ ակնկալվում է պարոն Գաբրիել Ջամբարջիի օգնությունը, չէր տեղեկացրել, թե ով է պարոն Գաբրիել Ջամբարջին: Մայիսի 22-ին նախարարությունը մեզ ուղղված նամակով լրացնում է այդ բացը:

«Առավոտի» 20.05.09թ. 94/

3451 համարում լույս տեսած «Ո՞վ է պարոն Գաբրիել Ջամբարջին» հրապարակման առթիվ հայտնում ենք հետեւյալը.

Գաբրիել Ջամբարջին Սիրիայում ծնված հայազգի հայտնի գործարար է, որը մեծ ներդրում ունի հայ-սիրիական կապերի հաստատման, ազգային կրթական եւ գիտական հաստատություններին ցուցաբերած զգալի օժանդակության, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն ցուցաբերած որդիական զորակցության գործում, որի համար ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, արժանացել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Ոսկե մեդալի: Բարերարի հայրենանվիրումի եւ ազգասիրության ոգին իր հայրապետական կոնդակում բարձր է գնահատել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ամենեւին նպատակ չունենալով մեկ առ մեկ թվարկել արժանավոր հայորդու ազգանպաստ գործունեությունը՝ ասենք միայն, որ Հայաստանի 500-ից ավելի դպրոցներ նրա նվիրատվությունների շնորհիվ ունեն անհրաժեշտ բնագիտական լիակազմ լաբորատորիաներ: Չթվարկենք նրա բազում բարեգործությունները, քանի որ ինքը՝ պարոն Ջամբարջին, գերադասում է լռելյայն գործունեություն եւ ամենեւին էլ չի ակնկալում ծնծղաներ, քանզի համարում է, որ բարերարությունն իր հոգու պարտքն է՝ հայրենիքի եւ իր ժողովրդի հանդեպ: Այսօր էլ բազում ծրագրեր է հովանավորում Հայաստանում եւ Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայքներում՝ կառուցելով հիվանդանոցներ, դպրոցներ, աջակցելով ծերանոցներին եւ մանկատներին: ՀՀ Սփյուռքի նախարարության մշակած Լատինական Ամերիկայի երկրների հայ համայքների կրթամշակութային աջակցության ծրագիրը եւս արժանացավ նրա հովանավորությանն ու աջակցությանը, որը, անկասկած, կիրականացվի մեծ հաջողությամբ: Մենք ուրախ եւ հպարտ ենք, որ կան այդպիսի հայորդիներ, նվիրյալներ, գործարար մարդիկ՝ մեր շրջապատում, մեր աջակիցների մեջ: Մի բան պետք է հստակ ասենք. որ սփյուռքահայերը, որոնք զանազան բարեգործություններ են անում Հայաստանում եւ Արցախում, ապա դա անում են սրտի մղումով, հոգու թելադրանքով: Եվ յուրաքանչյուր հրապարակումով ավելի շատ պետք է ոգեւորենք մեր նվիրյալներին, մասնավորապես նրանց, ում կոչումն իսկապես հայանպաստ, հայրենանպաստ գործունեությունն է, բարերարությունը: Անառարկելիորեն, հենց նման հայորդիներից է սիրիահայ բարերար, «Փյունիկ» հիմնադրամի պատվո նախագահ պարոն Գաբրիել Ջամբարջին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել