Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

Մայիս 26,2009 00:00

Կիրակի օրը առավոտյան, ժամը 8-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Եղվարդ-Աշտարակ ճանապարհին գտնվող «Արտյոմ-ՍՊԸ» գազալցակայանում ավտովթար է տեղի ունեցել՝ «Kia Forento» մակնիշի մեքենան հարվածել է գազալցակայանի պատին, ինչի պատճառով տեղում մահացել է Նոր Հաճընի բնակիչ՝ 40-ամյա Համլետ Մարգարյանը: Մեքենայի վարորդը՝ Արտակ Օհանջանյանն ու մնացած 3 ուղեւորները՝ Վիտալի Առաքելյանը, Վիգեն Շիրինյանը, Արմեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Որոշ ժամանակ անց Վիգենն ու Արտակը տեղափոխվել են Երեւանի Նորք-Մարաշի Օրթոպեդիկ հիվանդանոց: Նրանք բոլորն էլ Նոր Հաճընի բնակիչներ են:

Նշենք, որ այս հատվածում բավականին հաճախ են ավտովթարներ տեղի ունենում, քանի որ գազալցակայանի սեփականատերն այն կառուցել է կամրջի վրա՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները: Այս մասին «Առավոտը» (04.06.2008 եւ 26.06.2008) քանիցս անդրադարձել է: Մասնավորապես նշել էինք, որ նախագծով հաստատված չէր գազալցակայանը պարսպապատել, սակայն սեփականատերը դա արել է: Բացի այդ, նախքան գազալցակայան մտնելը՝ հիմնական մայրուղուց մեքենաների համար պիտի 3,6 մետր լայնքով ճանապարհ պահպանված լիներ, որը պետք է գազալցակայանից լիներ 50 մետր հեռավորության վրա, որպեսզի մեքենաները հեշտությամբ արգելակեին ու երթեւեկությանը չխանգարելով մտնեին լցակայան, ինչը նույնպես խախտվել է: Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ այս գազալցակայանում դժբախտ դեպք տեղի ունեցավ: Այրվածքներով հիվանդանոց տեղափոխվեց էլեկտրիկը, որը տուժել էր գազալցակայանում անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել