Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովերի» հերթական ձեռնարկը

Մայիս 27,2009 00:00

\"\"Երգչախումբը՝ Աննա Ազիզյանի «Զուգահեռ» խմբերգային ներկայացումով

«Գոյ» թատրոն-լաբորատորիայի բեմում նախորդ շաբաթ «Հովեր» երգչախումբը հանդես եկավ կոմպոզիտոր Աննա Ազիզյանի «Զուգահեռ» խմբերգային ներկայացումով: Նշենք, որ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած կոլեկտիվը դեռեւս 2003թ. հանդես է եկել կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանի՝ ըստ Վարդան Այգեկցու առակների, խմբերգային բեմադրությամբ: Թե նախորդ, թե այս անգամ բեմադրիչն է Արթուր Մանուկյանը: Հետաքրքիրն այն է, որ Ս. Հովհաննիսյանն ու Ա. Մանուկյանը շարունակում են «մշակել» երաժշտաթատերական ժանրը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ Նատալյա Հարությունյանն ասաց՝ «այս ժանրը դեռեւս որեւէ երաժշտագիտական տերմինով չի ամրագրված, մյուս կողմից, քանի որ բեմադրություններն ուղղված են պոեզիայի, երաժշտության, կերպարվեստի եւ բեմական գործողության որակական նոր սինթեզի ստեղծմանը, կարելի է ենթադրել, որ խմբավարն ու բեմադրիչը անդրադառնում են երաժշտական թատրոնի այն բարձր ավանդույթին, որը 1609թ. հիմնել է Կլաուդիո Մոնթեվերդին՝ իր անմահ «Օրփեոսով»:

Ն. Հարությունյանի խոսքերով, բեմադրությունն աչքի է ընկնում երաժշտության եւ սցենարի հեղինակ Ա. Ազիզյանի մտահղացման բարդությամբ. «Դա պայմանավորված է նախ եւ առաջ երկի գրական հենքը կազմող տեքստով, որում հեղինակը ներկայացնում է համաշխարհային գրականության մեծանուն հեղինակների՝ Հոմերոսի, Ջոնաթան Սվիվթի, Լյուիս Քերոլի եւ Էքզյուպերիի առաջարկած գաղափարահոգեբանական խնդիրներն ու պարադոքսները: Խորհրդավոր այս «զրույցը»՝ Ոդիսեւսի, Ալիսի, Գուլիվերի եւ Փոքրիկ իշխանի առաջարկած անմահ թեմաներով, ուղեկցվում է նորովի երաժշտական մեկնաբանությամբ: Թեեւ ներկայացման մեջ չկան հատուկ գրված մեներգեր, այնուամենայնիվ, կուզեի առանձնացնել Ռոբերտ Ասատրյանի (թագավոր), Դերենիկ Վարդումյանի (գեներալ), Լուսինե Մկրտչյանի (Ալիս), Արթուր Մանուկյանի (պարծենկոտ) դերակատարումները, ինչպես նաեւ ներկայացման ձեւավորումն իրականացրած քանդակագործ Էդգար Գրիգորյանի աշխատանքը: Մասնակցել են նաեւ երգչախմբի անդամները, իրենց ձեռքերով երկաթալարերից ստեղծելով տարբեր իրեր»:

Հետաքրքրվեցինք, թե խմբերգային այս ներկայացումը ի՞նչ ազդեցություն կունենա հանդիսականի վրա: Ն. Հարությունյանը պատասխանեց. «Եթե մեկնաբանենք այս ներկայացման ազդեցությունը, պետք է հիշենք խաչկտուց կոչված մի թռչունի (ՍսպրՑ), որը, մենամարտի բռնվելով բնության ուժերի հետ, հաղթահարում է ամեն ինչ՝ իր սրտի ջերմությամբ: Այդ թռչունի նարնջագույն- կարմիր գույնն ու խաչաձեւ կտուցը տարբեր ժողովուրդների հնագույն ավանդապատումներում կապում են Քրիստոսի անվան հետ: Ըստ ավանդապատումներից մեկի, թռչունը իր կտուցի յուրահատուկ ձեւը ձեռք է բերել խաչված Քրիստոսի ոտքերից եւ ձեռքերից մեխերը հանելու փորձերի արդյունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել