Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրափակիչը՝ այսօր

Մայիս 27,2009 00:00

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկի սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնի եզրափակիչ համերգին նվիրված մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանը (ՀՀ), Լիզա Բիլավան (ԱՄՆ), ջութակահարներ Կարլա Կիհլստեդը եւ Կոլին Յակոբսենը (ԱՄՆ), Կարեն Շահգալդյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (ՌԴ), թավջութակահար Արամ Թալալյանը, փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը: Նույն օրը երեկոյան Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կհնչեն Վաչե Շարաֆյանի եւ Լիզա Բիլավայի ստեղծագործությունները: Հիշեցնենք, որ Վաչե Շարաֆյանի «Ակացիայի երգի առավոտյան բույրը» ստեղծագործությունը՝ նախատեսված դուդուկի եւ լարային կվարտետի համար, ինչպես նաեւ «Արեւը, գինին եւ ժամանակի քամին» ստեղծագործությունը՝ դուդուկի, ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար, կատարել են անվանի թավջութակահար Յո Յո Ման եւ «Մետաքսի ճանապարհ» անսամբլը: Կոմպոզիտոր-վոկալիստ Լիզա Բիլավային իր աշխատանքում ոգեշնչում են գրական աղբյուրները:

«Նյու Յորք թայմսը» բնորոշում է նրա ստեղծագործությունները որպես խոհեմ, պուանտիլիստիկ եւ ներդաշնակորեն փոքր-ինչ կտրուկ: Իսկ «Թայմ աութ Նյու Յորքը» գովասանքի է արժանացնում նրա «գերբնական ձիրքը՝ միաձուլելու համոզիչ մեղեդայնությունն ու կենդանի նորամուծությունը»: Լիզա Բիլավան որպես վոկալիստ իր սեփական ստեղծագործությամբ հանդես է եկել «Ամերիկա» փառատոնի Սիեթլ Սիմֆոնիս Մեյդում, Սապորոյի (Ճապոնիա) «Փասիֆիք Մյուզիք» փառատոնում: «Ազգային պատկերասրահ» փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր հովանավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031