Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԴԱՏ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մայիս 27,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի տարբեր դատարաններում շարունակվել են քաղբանտարկյալներ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի գործերով դատավարությունները: Պատգամավորի գործով դատական նիստում ցուցմունք է տվել վկա Մուշեղ Անտոնյանը եւ հայտարարել, որ իր նախաքննական ցուցմունքը, որը էապես տարբերվել է դատաքննական ցուցմունքից, իրականությանը չի համապատասխանում, որ դա ինքը չի գրել: Վկայի ասելով, այն գրել է ՀՔԾ քննիչ Գեւորգ Գեւորգյանը, իսկ իր սխալն այն է եղել, որ նա դրա տակ ստորագրել է՝ տեղյակ չլինելով դրա բովանդակությանը: Այս վկայի հարցաքննությունից հետո դատարանն անցել է գործում առկա մյուս ապացույցների հետազոտմանը: Մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ դատարանը կասեցրել է դատակոչված վերջին վկային՝ Աշոտ Մելքոնյանին բերման ենթարկելու մասին որոշումը:

Իսկ Գ. Ոսկերչյանի դատաքննության ժամանակ մեղադրող Աշոտ Նադոյանն է միջնորդել սահմանափակել գործով անցնող վկաների հարցաքննությունը այն պատճառաբանությամբ, թե արդեն հարցաքննված վկաների ցուցմունքները բավարար են եզրահանգման գալու համար: Պաշտպանական կողմը միջնորդությունը համարել է անհիմն: Երբ դատավորը, այնուամենայնիվ, բավարարել էր մեղադրողի միջնորդությունը եւ թույլ էր տվել հրապարակել չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքները, Գ. Ոսկերչյանը հայտարարել էր, թե դատարանի նկատմամբ իր հարգանքի նշույլն էլ կորավ. «Ինչ ուզում եք՝ արեք, թքած ունեմ ամեն ինչի վրա»,- Ոսկերչյանի այս հայտարարությունից հետո դատավորը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել եւ երկու օրով հեռացրել դահլիճից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել