Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայում նշանակել են ընտրությունների նոր օր

Մայիս 29,2009 00:00

Մոլդովայի պառլամենտը տեղափոխել է նախագահական ընտրությունների օրը, որը նախատեսված էր մայիսի 28-ին: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: Որոշվել է քվեարկությունը կատարել հունիսի 3-ին: Նախագահ ընտրելու նախորդ փորձը ձախողվել էր. իշխող կոմունիստական կուսակցությանը ձայները չէին բավականացրել՝ սեփական թեկնածուին հաստատելու համար:

Կրկնական ընտրությունները, որ նշանակված էին մայիսի 28-ին, տեղափոխվեցին կոմունիստների նախաձեռնությամբ: Մոլդովայի Կոմկուսի պատգամավորական խմբի առաջնորդ Մարիա Պոստոյկան, պարզաբանելով իրենց որոշումը, հայտարարել է, որ այդ օրը նշվում է «Աստծո համբարձման տոնը եւ հարիր չէ նման ուրախ օրով վիճաբանության մեջ մտնել միմյանց հետ»: Առաջարկությունը՝ ընտրություններ չանցկացնել «ուրախության օրը», ընդունեցին բոլոր 60 կոմունիստ պատգամավորները: Հիշեցնենք, որ Մոլդովայում նախագահին ընտրում է պառլամենտը: Վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Մոլդովայի Կոմկուսը ստացել է պատգամավորական տեղերի մեծամասնությունը՝ 101-ից՝ 60-ը: Սակայն նույնիսկ այդքան ձայները չեն բավականացրել նախագահ ընտրելու համար, քանի որ երկրի ղեկավարի պաշտոնում թեկնածուին՝ կառավարության ղեկավար Զինաիդա Գրեչանայային, հաստատելու համար հարկավոր է 61 ձայն: Բոլոր երեք ընդդիմադիր կուսակցությունները, որ անցել են պառլամենտ, հայտարարել են, որ կբոյկոտեն քվեարկությունը: Նրանք պնդում են, որ 2009-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից եւ պահանջում են նոր ընտրություններ անցկացնել:

Բացառված չէ, որ կոմունիստները առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում իրենց կողմը կգրավեն մեկ կամ մի քանի ընդդիմադիր պատգամավորների, որպեսզի կարողանան «անցկացնել» նախագահի թեկնածությունը:

Եթե, սակայն, նրանք չկարողանան դա անել, եւ այս անգամ էլ երեք ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեն ընտրությունները, Մոլդովայի սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը երկու անգամ տապալում է նախագահի ընտրությունը, ապա նախագահը ցրում է խորհրդարանը եւ նոր ընտրություններ անցկացնում: Ընդդիմությունը հենց դրան էլ ձգտում է: Առայժմ Մոլդովայի նախագահի պաշտոնը շարունակում է վարել Կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Վորոնինը, որը խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնում է նաեւ խորհրդարանի նախագահի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել