Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԽՈՍՈՂ ԾԱՂԻԿՆԵՐ

Մայիս 29,2009 00:00

Երեկ Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի 49-ամյա բնակչուհի Սոֆյա Մաթեւոսյանի՝ բնական բույսերից, ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիաների առաջին անհատական ցուցահանդեսը: «Ես ծաղիկներ, բույսեր եւ ընդհանրապես բնությունը շատ եմ սիրում: Ինձ համարում եմ բնության մի մասնիկը: Ծաղկարվեստը իմ կյանքն է, իմ աշխարհը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Մաթեւոսյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է 52 աշխատանք՝ 6 տարվա աշխատանքի արդյունք: Ինչպես հեղինակն է նշում, արհեստական նյութերով աշխատել չի սիրում: Իր աշխատանքները պատրաստված են բնական ծաղիկներից, փնջերից, անգամ պտուղներից. «Ընդամենը մի աշխատանք ունեմ արհեստական նյութից պատրաստված՝ թելից հյուսած ծաղկաման է»: Հեղինակը նշեց, որ ամեն մի աշխատանքով փորձում է ներկայացնել իր ներաշխարհը. «Մի անգամ, երբ բնության գրկում նստած հանգստանում էի եւ հիանում Աղավնաձորի բնապատկերով, հանկարծ աչքս գրավեց մի ծաղիկ՝ երեքնուկ էր: Ուշադիր սկսեցի զննել կառուցվածքը, տերեւիկները, թերթիկները: Մի քանի օր անց միտքս մի քանի պատկեր եկավ, որ անմիջապես հանձնեցի թղթին: Հետո սկսեցի ունեցած չորացրած ծաղիկներով ու թերթիկներով վերարտադրել պատկերածս նկարը: Ապա ցույց տվեցի ամուսնուս, նա գլխով հավանություն տվեց: Այդպես ստեղծվեց իմ առաջին աշխատանքը»: Ս. Մաթեւոսյանի փոխանցմամբ, իր ամենամեծ քննադատը ամուսինն է՝ «Նա է իմ աշխատանքների առաջին գնահատողը: Յուրաքանչյուր կոմպոզիցիա ստեղծելիս առաջինը իրեն եմ ցույց տալիս»:

Տիկին Սոֆյայի ամուսինը՝ Կամոն, նշեց. «Հպարտ եմ, որ ներկա եմ կնոջս ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, ուրախ, որ սրանք ոչ միայն ես եւ մեր գյուղացիները կտեսնենք, այլեւ՝ աշխարհը: Երեւի պատահական չէր, որ առաջին անգամ նրա հետ հանդիպել եմ բնության գրկում՝ սարի գլխին»:

Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանն էլ հայտնեց. «Այս տեսակ մարդկանց, նրանց տաղանդին ու շնորհքին պետք է տեր կանգնել: Տիկին Սոֆյայի աշխատանքները մեզ բացահայտում են բույսերի այն գեղեցկությունը, գաղտնիքները, որոնք հասարակ մարդիկ անզեն աչքով չեն տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել