Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՆ

Հունիս 03,2009 00:00

Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել նաեւ հաշմանդամները: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը «Հաշմանդամ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ասուլիս՝ ներկայացնելու ընտրություններին իրենց անդամների դիտարկումների արդյունքները:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնց ժամանակ «Ունիսոնի» դիտարկումը հիմնականում կենտրոնացված է եղել հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման վրա, այս ընտրություններին հ/կ-ի 96 դիտորդները մայրաքաղաքի Կենտրոն համայնքի բոլոր 53 տեղամասերում հետեւել են ընտրության ողջ ընթացքին: Ըստ հ/կ-ի պատասխանատուների, իրենց կողմից դիտարկված տեղամասերում հաշմանդամների մասնակցությունը բավականին ցածր է եղել: Ընտրությանը մասնակցել են 31 կույր, 4 սայլակավոր, 10 խուլ ընտրող եւ մի քանի տասնյակ այլ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ։ Տեղամասերը ֆիզիկապես մատչելի չէին. 53 ընտրատեղամասից միայն 3-ն է համեմատաբար մատչելի եղել սայլակ օգտագործող հաշմանդամ ընտրողների համար: 7 տեղամաս գտնվել է 2-րդ, իսկ 1 տեղամաս՝ նկուղային հարկում։ Կույր ընտրողների համար նախատեսված կաղապարը առկա է եղել գրեթե բոլոր տեղամասերում, սակայն կույրերից միայն 6-ն է օգտվել կաղապարից, այսինքն՝ քվեարկել է ինքնուրույն։ Կարգավորված չեն եղել նաեւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց ընտրական իրավունքի հարցերը։

«Ունիսոնի» դիտորդները նաեւ որոշակի խախտումներ են արձանագրել, որոնք չեն վերաբերել հաշմանդամությանը. «Բաց քվեարկություն, ընտրողների ուղղորդում, բռնության դեպքեր, կողմնակի մարդկանց ներկայություն տեղամասում եւ շենքի դրսում՝ 50 մետրից մոտ տարածության վրա»,- նշեցին հ/կ-ի անդամները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930