Լրահոս
Օրվա լրահոսը

Երազում եմ բոլոր շնորհալի հայերին համախմբված տեսնել Հայաստանում

Հոկտեմբեր 12,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Բարեկամուհուս դստեր ամուսնական արարողությանը մասնակցելու նպատակով վերջերս մեկնել էի Մոսկվա։ Օգտվելով առիթից՝ այցելեցի հիվանդ բարեկամներցս մեկին, որը բուժում էր ստանում Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում։

Երկար, անվերջանալի թվացող միջանցքներով անցնելիս՝ աչքիս ընկավ հայկական ազգանունով մի ցուցանակ. «Аракелян Геворг Арменович, Кандидат медицинских наук, Врач-онколог, научный сотрудник отделения онкоурологии» (Առաքելյան Գեւորգ Արմենի, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ ուռուցքաբան, ուռուցքաուրոլոգիական բաժանմունքի գիտական աշխատող): Ես, որ տարիների իմ՝ նաև մասնագիտությունիցս բխող սովորությամբ, Հայաստանից դուրս ամենուր հայ եմ փնտրում, ուրախացա և մտապահելով սենյակի դուռը՝ որոշեցի վերադարձին ծանոթանալ բժշկի հետ։

…Բարեկամիս հետ հանդիպումից պարզվեց, որ նրան վիրահատած բժիշկը հենց նա՝ Գեւորգ Առաքելյանն է։ Գովեստի բազմաթիվ բառեր լսեցի բժշկի հասցեին, ինչն ավելի մեծացրեց հետաքրքրությունս։ «Շատ երիտասարդ, բայց բանիմաց մասնագետ է բժիշկ Առաքելյանը։ Երբ առաջին անգամ եկավ հիվանդասենյակ՝ կարծեցինք պրակտիկանտ է, ու երբ պարզվեց, որ ինձ հենց ինքը պիտի վիրահատի, մի տեսակ տարակուսանք ապրեցի, բայց ամեն ինչ շատ բարեհաջող անցավ, խորին երախտագիտություն ունեմ նրա թե՛ մասնագիտական և թե՛ մարդկային հատկությունների հանդեպ…», – ավարտեց նա իր խոսքը։

Նույն երկար ու անվերջանալի թվացող միջանցքներով վերդառնալիս՝ կանգ առա Գևորգ Առաքելյանի առանձնասենյակի առջև։ Սպասողների հերթը հույս չէր ներշնչում, թե կկարողանամ հանդիպել բժշկին։ Տեղեկատվական կենտրոնից խնդրեցի բժշկի հեռախոսահամարը, և այս ոչ ընդարձակ հարցազրույցը հաջողվեց ունենալ հեռակա…

Գեղեցիկ, մաքուր հայերենը հուշեց, որ Հայաստանից է.

– Երևանի՞ց եք…

– Այո..

– Երևանի բժշկականո՞ւմ եք սովորել…

– Ոչ, դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել ենք Մոսկվա։ 114 դպրոցն եմ ավարտել, իսկ բարձրագույնը, օրդինատուրան և ասպիրանտուրան՝ Մոսկվայում։

– Ձեր հիվանդներն ասում են՝ շատ երիտասարդ եք երևում, քանի՞ տարեկան եք…

– 1995 թվականին եմ ծնվել, 31 տարեկան եմ..

– 31 տարեկան և գիտությունների թեկնածո՞ւ… Ե՞րբ եք հասցրել…

– 28 տարեկանում եմ պաշտպանել թեկնածուականը…

– Քանի՞ վիրահատություն կատարած կլինեք…

– 2000-ից ավելի…

– Իրո՞ք, ե՞րբ եք հասցրել…

– Վիրահատական պրակտիկաս սկսել եմ դեռևս համալսարանի երկրորդ կուրսում սովորելիս՝ Մոսկվայի տարբեր խիրուրգիական հիվանդանոցներում աշխատելով որպես բուժեղբայր։ Մեծ հետաքրքրություն ունեի մասնագիտությանս հանդեպ, և երբ օրդինատուրան ավարտելուց հետո աշխատանքի անցա, շատ շուտ ինձ վստահեցին վիրահատական նշտարը…

Բժշկի մի քիչ խզված, հոգնած ձայնն ինձ զգաստացրեց շատ չխորանալու մասնագիտական հարցուփորձի մեջ, բայց, ինչպե՞ս ավարտեի՝ առանց հարցնելու…

– Կարոտո՞ւմ եք Երևանը…

– Այո, իհարկե…

– Ամենաշատն ի՞նչ եք կարոտում…

– Մարդկանց…

– Կուզենայի՞ք Երևանում աշխատել…

– Այո, իհարկե…

– Ուրեմն՝ ցտեսություն, մինչ հանդիպում Երևանում…

Իմ խնդրանքով բժիշկ Առաքելյանն ինձ ուղարկեց իր անձնական տեղեկատվության թերթիկը, որտեղ մասնագիտական բազմաթիվ համաժողովներում ունեցած նրա զեկուցումների թեմաներն էին, կատարած բարդ վիրահատությունների ու բժշկական տերմիններով լեցուն աշխատանքների անվանումները. որպես մասնագետ իրեն տրված բարձր գնահատանքի խոսքերը, որոնցով չեմ ցանկանում ծանրաբեռել հրապարակումս…

Ցանկությունս է՝ աշխարհի բոլոր շնորհալի հայերին համախմբված տեսնել Հայաստանում… Ցանկություն չէ, երազանք է… Բայց մի՞թե երազանքներն իրականանալու հատկություն չունեն…

Կապրենք, կտեսնենք…

Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել