Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆԱԵՎ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ Է»

Հուլիս 07,2009 00:00

Մինչդեռ, ըստ Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Գրիգորյանի, Հայաստանը հեռու է ոլորտի ժամանակակից տեղաշարժերից:

\"\"

Նկարում պատկերված տղամարդը ոչ թե Միքելանջելոյի քանդակներից է, այլ Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Գրիգորյանը: Նա հայաստանցի իր կոլեգաների նման միջազգային մրցույթներում հաջողությունների հասնելուց հետո՝ 2002-ից հայտնվել է Եվրոպայում: Այնտեղ աշխատող հայազգի շուրջ 30 բալետային արտիստներ ժամանակին «Առավոտին» խոստովանել են, որ «դրսում» ստեղծագործելը ճահճանալուց զերծ մնալու միակ ելքն է, քանի որ, նրանց խոսքով, հայկական բալետը դարձել է խիստ պահպանողական եւ հնարավորություն չի տալիս զարգանալ, իրենց արվեստ ներմուծել ժամանակակից դրսեւորումներ: Այս թեմայով սկսեց «Առավոտը» զրույցը Ա. Գրիգորյանի հետ, որն իր 40-օրյա ամառային արձակուրդն է անցկացնում Երեւանում: Ի տարբերություն նախորդ տարիների, Արմանն ու իր մյուս գործընկերներն այս ամառ ելույթ չեն ունենալու հայրենիքում:

«Արեւմուտքը, բացի կատարողական արվեստի այլ ոլորտների, նաեւ բալետայինի առումով կենտրոն է: Չափազանցություն թող չթվա, բայց բալետային արվեստն այնտեղ զարգանում է օրըստօրե: Ցավոք, առայժմ Հայաստանը կարծես կղզիացած է: Գուցե կրկնվում եմ, բայց Արեւմուտքի տարբեր թատրոններում հանդես եկողներս ունենք մեկ նպատակ՝ բալետային արվեստի նորությունները հնարավորության դեպքում հասցնել հայ հանդիսատեսին: Մյուս կողմից էլ, մեր հայ հանդիսատեսը դեռ պատրաստ չէ ընկալելու նորը, ժամանակակիցը, համարձակը… Երբ հաճախ հայրենիքում հանդես ենք գալիս, մինչ ելույթը՝ մեր պարապմունքներն անցկացնում ենք հայաստանցի կոլեգաների հետ, այդ ընթացքում նաեւ նրանց ծանոթացնում ենք բալետային արվեստի ժամանակակից միտումներին: Այս պրակտիկան ընդունված է աշխարհում: Օրինակ, ես շուտով մասնակցելու եմ աշխարհահռչակ Ռոբերտո Բոլլեյի աստղային համերգաշարին: Պարապմունքների ժամանակ շփվելու եմ այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Ուլյանա Լոպատկինան, Օրելի Դյուպոնը եւ այլք: Ես էլ նրանց հետ հաղորդակցվելով եմ նորագույնը վերցնելու»,- հայտնեց Արման Գրիգորյանը:

Մերօրյա բալետային արվեստը սինթեզում է դասականն ու արդիականը, խորեոգրաֆիայի տարածք բերելով մնջախաղի, դիսկոյի… տարրեր: Արդյոք, սա չի՞ աղավաղում պարարվեստն ընդհանրապես, էլ չխոսենք դասականի հնարավոր մոռացության մասին: «Առաջատար թատրոնների կողքին (Մեծ թատրոն, «Գրանդ Օպերա», «Լա Սկալա», «Ռոյալ բալլե» եւ այլն) գործում են բազմաթիվ բալետային խմբեր, որոնք իրենց արվեստ ներմուծելով մնջախաղի, դիսկոյի, բրեյքդանսի, մարմնամարզության էլեմենտներ, այո, այնքան են հեռացել բալետարվեստից, որ նրանց դեպքում դասականի մասին խոսք լինել չի կարող: Իսկ դասական պարարվեստը, ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ ապրում է շնորհիվ ժամանակակից խորեոգրաֆների: Այդ անհատները (Հայնա Շպյորլ, Ջոն Նոյմայեր, Ժիրի Քիլիան, Ջոն Կրանկոյ եւ այլք) հենց դասականի հենքի վրա են կառուցում ժամանակակիցը եւ նրանց շնորհիվ է, որ հեղինակավոր օպերային թատրոններում մշտապես բարձր է բալետային ներկայացումների նշաձողը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ժամանակը չէ՞, որ հեռանանք խորհրդային կառուցվածքային այն ստերեոտիպից, երբ օպերան ու բալետը ներկայացվում են մեկ հարկի տակ՝ իբրեւ ընդհանուր թատերաձեւ, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ինչպես եվրոպական որոշ երկրներում, այնպես էլ Հայաստանի նման փոքր երկրի համար արդարացված է ընդհանուր թատրոնը: Սա պայմանավորված է արտիստների քանակով: Իսկ, օրինակ, Մոսկվայում, Վիեննայում, Նյու Յորքում գործում են բալետային առանձին թատրոններ: Կա մի հանգամանք եւս. երբ այս կամ այն երկրի օպերային եւ բալետի կամ առանձին բալետի թատրոնը ղեկավարում է ճանաչված դեմք, ապա աշխարհի տարբեր մասերից նրա մոտ են շտապում բարձրակարգ արտիստները: Փաստորեն, միայն իր անվան շնորհիվ բալետի արտիստը կարող է իրականացնել նույնիսկ առանձին թատրոնի հիմնումն ու հետագա գոյությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել