Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստի առաջ չեն կանգնի

Օգոստոս 07,2009 00:00

Հենց այսպես պատճառաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանն այն, որ ստեղծում են «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը, սահմանում դրա կանոնադրական կապիտալը, բաժնետոմսերի կառավարումն էլ լիազորում տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ այս նորաստեղծ ընկերությունը պետք է իրականացնի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը: Այսպիսով, կառավարությունը հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղուն» փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին, որի անհրաժեշտությունն առաջացել է հայկական եւ ռուսական կողմերի վարած բանակցությունների արդյունքում: «Մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման՝ Հայաստանում այլեւս երկաթգծի սակագների փոփոխություն չի կարող լինել,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:- Միայն հանձնաժողովը կարող է տալ դրական եզրակացություն եւ տեղյակ պահել կառավարությանը: Եվ եթե մենք նպատակահարմար չենք համարում փոխել սակագները, ապա պարտավոր ենք փոխհատուցել այն դրույթները, որ նրանք կրում են: Սակագների փոփոխությունը այսուհետեւ միայն այս մեթոդաբանությամբ տեղի կունենա, ինչը կանխատեսելի կդարձնի դրանք եւ մենք չենք հայտնվի այն վիճակում, որում հայտնվեցինք այս տարի, երբ սակագների փոփոխությունը կոնցեսիոները հայտարարեց եւ բոլորիս փաստի առաջ կանգնեցրեց»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ այսուհետեւ դեղերի եւ դեղանյութերի արտահանման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ: Իսկ ոչ դեղագործական նպատակով Հայաստան ներմուծվող ապրանքները ներմուծման ժամանակ ենթակա չեն հավաստագրման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել