Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ՈՒԶՈՒՄ ԷՐ, ԴԱՐՁԱՎ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

Օգոստոս 11,2009 00:00

«Մինչեւ անցյալ դարի 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով եւ դիրքով Երեւանն անտարբեր է եղել դեպի բիբլիական

Արարատը եւ միայն Ալ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը»։

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղում «Որտեղի՞ց է վերցված այս նախադասությունը» հարցը կարող էր ունենալ չորս հավանական պատասխան՝ ա) Հայկական սովետական հանրագիտարանից, բ) ճարտարապետական համալսարանի որեւէ դասագրքից, գ) տասներորդ դասարանցու շարադրությունից, դ) կառավարության որոշումից։

Առաջին փուլից հետո կմնային միայն երկրորդ եւ երրորդ տարբերակները, որովհետեւ հանրագիտարանում դժվար թե քաղաքն անտարբեր լիներ սարի հանդեպ եւ դժվար թե ճեղքում կատարվեր դեպի ազգային խորհրդանիշը։ Կառավարության որոշումն էլ անհավանական կթվար, քանի որ այդ կարգի փաստաթղթերում զեղումներ, որպես կանոն, չեն լինում։

Միլիոնատեր դառնալու հույսով խաղին մասնակցող գիտակը, ի վերջո, կկանգներ «տասներորդ դասարանցու շարադրությունից» պատասխանի վրա։ Խաղը վարողը կհայտարարեր ճիշտ պատասխանը։ Չկայացած միլիոնատերը կհեռանար ասպարեզից։

Առաջադրված նախադասությամբ սկսվում է ՀՀ կառավարության 25 նոյեմբերի 2000 թվականի N 774 որոշման «Երեւանի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիր» բաժինը, որից տեղեկանում ենք, որ 60-ական թվականներից սկսած, հայ ճարտարապետները փորձել են ձեւ տալ Թամանյանի «Հյուսիսային պողոտա» գաղափարին եւ այդպես էլ լուծում չեն գտել։

70-ականներին հայ ճարտարապետներին օգնության են եկել Մոսկվայի, Լենինգրադի եւ Կիեւի խոշորագույն նախագծային հաստատությունների մասնագետները՝ դարձյալ ոչինչ չի ստացվել։ Մրցութային եւ ոչ մրցութային միջոցառումների ժամանակագրությունը հասնում է մինչեւ 1999 թվական, երբ հայտարարվում է վերջին մրցույթը, որը եւս չի բերում ցանկալի արդյունք։ Կառավարության որոշման հեղինակը, ի վերջո, ամփոփում է էպոպեան. «……այդպես էլ չգտնվեց ճարտարապետա-գեղարվեստական վառ կերպար ունեցող առաջարկություն……»։

Որոշումից տեղեկանում ենք նաեւ, որ «……հարցի պատասխանատվությունը գիտակցում էին նախորդ բոլոր տասնամյակների ղեկավարները…» եւ տարածքը պահում անձեռնմխելի։ Այսինքն՝ նախորդ տասնամյակների բոլոր ղեկավարները հասկանում էին, որ չի կարելի քանդել եւ հետո կամ հընթացս մտածել կառուցելիքի մասին։

Որոշման երկրորդ էջի տասնութերորդ տողով վերջանում է պատմությունն ու անմիջապես սկսվում ճարտարապետությունը։ Եվ քանի որ Հյուսիսային պողոտայի նախագիծն այդպես էլ չէր ստացվում, 2000 թ. հունիսի 8-ին Երեւանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինական խորհրդին է ներկայացնում Հյուսիսային պողոտայի կառուցապատման քաղաքաշինական եւ կազմակերպչական նոր ռազմվարությունը։

Սույն ռազմավարության դրույթներից իմանում ենք, որ «Պողոտայի կառուցապատման հրատապ անհրաժեշտությունը» (պայմանավորված է) «Հին, խարխուլ բնակելի ֆոնդի վատթար, հակասանիտարահիգիենիկ պայմաններով»։ Երեւի պետք է լիներ պայմանավորված է իրավիճակով, բայց սա ամենակարեւորը չէ։ Պարզվում է, որ վերը նշված անհրաժեշտությունը (պայմանավորված է նաեւ) «Երեւանի բուն կենտրոնում արեւելյան հետնախորշերով տարածքի վերակառուցման անհրաժեշտությամբ»։

Նույն անհրաժեշտությունը նույն դրույթում պայմանավորվում է նաեւ «Քաղաքական նոր պայմաններում համայն հայությանը նոր հազարամյակի շեմին համազգային կառույցի գաղափարի հիմքի վրա նորովի վերամիավորելու անհրաժեշտությամբ……»։ Անհրաժեշտությունն անհրաժեշտությա՞մբ…… Գուցե։

Որ համայն հայությունը բանուգործ թողած չէր համախմբվելու Հյուսիսային պողոտայի կառուցապատման շուրջ, պարզ էր դեռ «նոր հազարամյակի շեմին», բայց որ «համազգային կառույցի գաղափարը» կարող էր ընչազուրկ ու ոչնչատեր դարձնել Երեւանի կենտրոնի հազարավոր բնակիչների, 2000-ի աշնանը դեռ ոչ ոք չէր ենթադրում։

Շուրջ 30 տարվա մասնագիտական ձախողումների վրա հիմնված հրատապությունը բերելու էր նրան, որ Երեւանի կենտրոնը կառուցապատվեր ճիշտ այնպես, ինչպես կազմվել էին վերը բերված նախադասությունները։ Ինչո՞ւ եմ համեմատում առերեւույթ անհամեմատելի այս բնագավառները, որովհետեւ շարահյուսությունը լեզվի նախագիծն է, ոչ թե կազմակերպչական ռազմավարությունը։ Եվ քաղաքի մի հատվածի կառուցապատման հիմքն էլ պետք է լինի ոչ թե ինչ-որ կազմակերպչական ռազմավարություն, այլ հենց նախագիծ, որը՝ դատելով կառավարության N 774 որոշումից, չկար ու չէր լինելու։

Հյուսիսային պողոտայի կառուցապատման քաղաքաշինական եւ կազմակերպչական նոր ռազմավարության երկրորդ դրույթի «Կառուցապատման պարամետրերը» բաժնում հստակ արձանագրված է, որ «Կառուցապատման նախագծման ընթացքում շենքերի բարձրությունն ընդունվում է 20-25 մ սահմաններում, այսինքն՝ Օպերայի երկրորդ հարկաշարքի առավելագույն բարձրությամբ (25 մ)»։ Նույն տեղում արձանագրված է նաեւ, որ «Լալայանց փողոցը վերակառուցվում է երկու-երեք հարկանի կառույցներով, որպես ազգագրական իրերի ցուցասրահ-վաճառքի կենտրոն»։

Որ Հյուսիսային պողոտայում կառուցված շենքերի բարձրությունը գերազանցում է 25 մետրը, կարող է հաստատել բազմապատկման աղյուսակը յուրացրած ցանկացած դպրոցական։ Որ Լալայանց փողոցում 2-3 հարկանի կառույցներ չկան, նույնպես դժվար չէ հաստատել։ Ավելի հետաքրքիր է իմանալ, թե բիբլիական Արարատով ու հայությանը նորովի վերամիավորելու առաքելությամբ ներծծված որոշումն ինչո՞ւ եւ ինչպե՞ս է փոխվել։ Կամ՝ փոխվե՞լ է, արդյոք։

2009 թվականի հուլիսի 8-ին «Պետական կարքիների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին՝ խնդրել է հայտնել, թե «ՀՀ կառավարության ո՞ր որոշմամբ է թույլատրվել Հյուսիսային պողոտայում կառուցել 12-14 հարկանի կառույցներ, իսկ Լալայանց փողոցում՝ 9 հարկանի բնակելի շենք……»։

Վարչապետին ուղղված նամակին պատասխանել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նամակում ասվում է, որ «համապատասխան մասնագետների մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում պողոտայի կառուցապատման սխեմայում կատարվել են որոշակի փոփոխություններ»։ Ասվում է նաեւ, որ Լալայանց փողոցի բնակելի շենքերի «1-ին եւ 2-րդ հարկերում նախատեսվում են հասարակական սպասարկման օբյեկտներ եւ գործարարական հաստատություններ, որոնց նպատակային նշանակությունը որոշվում է կառուցապատողի կողմից»։

Հանրապետության գլխավոր ճարտարապետը միայն մեկ անգամ է հղում անում ՀՀ կառավարության N 774 որոշմանը՝ փորձելով համոզել, որ երկրորդ կետի ա) եւ բ) ենթակետերով համապատասխան մարմիններին հանձնարարվել է «ապահովել տարածքի գոտեւորման նախագծի մշակման եւ կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորում կազմելու գործընթացը»։

Անվիճելի է, որ կառավարության որոշումը պետք է փոխվեր կառավարության որոշմամբ։ Վիճարկելի չէ նաեւ այն, որ Նարեկ Սարգսյանի պատասխանը ոչ միայն չի փարատում կասկածները, այլեւ նոր կասկածներ է առաջացնում։ Ո՞ր կառուցապատողներին նկատի ունի նամակագիրը՝ Լալայանց փողոցի բնակելի շենքերի առաջին եւ երկրորդ հարկերի մասին խոսելիս։ Կառավարության հիշյալ որոշման մեջ ոչ մի խոսք չկա կառուցապատողների եւ դրանց ընտրության կարգի մասին։ Բայց սա առանձին ու շատ հետաքրքիր թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել