Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Օգոստոս 28,2009 00:00

Ինքնակամ հողազավթման դեպքեր՝ պատմամշակութային տարածքում

«Առավոտի» տեղեկություններով, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը օրեր առաջ ուսումնասիրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» 2007-2008թթ. գործունեության վիճակը:

Ուսումնասիրություններին ներգրավված են եղել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն» ՊՈԱԿ-ի Երեւանի տարածքային բաժնի մասնագետները:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» կազմում էին երեք՝ «Էրեբունի (Արին-Բերդ)» քաղաքատեղին, «Շենգավիթ» վաղ բրոնզեդարյան բնակատեղին եւ «Կարմիր բլուր» հուշարձանները:

2005 թ. «Կարմիր բլուրը» շենքի տանիքի փլուզման պատճառով՝ չի գործել: Նույնպիսի վիճակում է «Շենգավիթ» հուշարձանի թանգարանի փայտաշեն շենքը:

Ուսումնասիրությամբ պարզվեց սակայն, որ հուշարձանները, որպես անշարժ գույք, չունեն սեփականության իրավունքի վկայական: Նշված երեք հուշարձանների պահպանական գոտիների հարցը 1999թ. մինչեւ վերջերս, այսինքն՝ շուրջ 10 տարի, լուծված չի եղել:

Ուսումնասիրությամբ հուշարձանների պահպանական գոտիներում փաստացի արձանագրվել է ինքնակամ հողազավթման 15 դեպք, որոնցից 8 հողամասերում վերջին տարիներին կառուցվել են ինքնակամ կառույցներ՝ այգետնակներ, գոմեր կամ տեղադրվել մետաղական տնակներ, զավթված հողամասերում քաղաքացիները զբաղվել են գյուղատնտեսությամբ:

«Էրեբունի» հուշարձանի պահպանական գոտում ինքնակամ հողազավթման 6 փաստ կար, որոնցից 3-ի վրա ինքնակամ կառուցվել են շինություններ: Հողազավթում կատարելու եւ այդ հողամասի վրա 30 քմ մակերեսով ինքնակամ շինություն կառուցելու փաստի առնչությամբ Էրեբունու թաղապետարանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, 2006-2009թթ. Թ. Սարգսյանի հետ կնքում է 30 քմ տարածքի օգտագործման պայմանագրեր:

«Կարմիր բլուր» հնավայրի տարածքում արձանագրվել էր 9 քաղաքացու կողմից շուրջ 1 հա հողամասի զավթման փաստ՝ 25-35 տարվա վաղեմությամբ, եւ, քանի որ իրավասու մարմինների կողմից որեւէ անհանգստություն չի պատճառվել իրավախախտներին:

«Կարմիր բլուր» հնավայրի պահպանական գոտու հարեւանությամբ, Հրազդան գետի երկայնքով, քաղաքացիների կողմից տեւական ժամանակ իրականացվող շուրջ 10 հա մակերեսով ապօրինի հողօգտագործման արդյունքում պետության գույքային շահերին պատճառվել է նյութական վնաս:

Չնայած պահպանության համար ծախսվում են մեծ գումարներ, սակայն հսկայական կենցաղային աղբ է կուտակվել «Կարմիր բլուր» հուշարձանի տարածքում՝ ընդհուպ հասնելով հուշարձանի ամրակայված կառույցներին: Շենգավիթի ոստիկանության բաժնի աշխատակիցների բացատրություններով պարզվում է, որ պահպանման ենթակա տարածքներում բացակայել են նաեւ պահպանության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները: Պահպանության իրականացման վրա բացասաբար է անդրադարձել նաեւ պայմանագրային աշխատողների մեջ կենսաթոշակառուներ լինելու հանգամանքը: Հուշարձանի տարածքից աղբի հեռացման ուղղությամբ միջամտում է տարածքի դատախազությունը, սակայն առ այսօր լուծում չի ստացել:

«Էրեբունի» եւ «Շենգավիթ» հուշարձանների տարածքներում պեղումներ են կատարվել, որին մասնակցել են օտարերկրացիներ: Նրանց մասնակցության վերաբերյալ պեղումներ ձեռնարկողները համապատասխան պայմանագրեր չեն կնքել եւ հայտնի չէ, թե ինչ պայմաններով են նրանք մասնակցում պեղումներին, հանդես են գալիս որպես պեղումների ֆինանսավորող:

Ըստ հաստիքացուցակի՝ հաստիքների թիվը կազմել է 48 միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել