Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական օրակարգը

Սեպտեմբեր 05,2009 00:00

1. Հայրենի ժառանգությունը մեկն է եւ՝ անբաժանելի:

2. Պապենական բնօրրանի մի անկյունում հռչակված ինքնիշխան Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Թուրքիային ու նրա ամբողջականությունը՝ ենթակա 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահական կնիքով հրապարակված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Սրանից ածանցվող՝ երկկողմանի բոլոր խնդիրների համալիր ու վերջնական կարգավորումը բովանդակային նախապայման է Արցախի հիմնահարցի, ինչպես նաեւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների արդարացի ու վճռորոշ հանգուցալուծման համար: Ցեղասպանության ոճիրը՝ ինչպես ու երբ էլ սահմանված է եղել, չունի վաղեմության ժամկետ:

3. Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Ադրբեջանին եւ նրա ամբողջականությունը՝ ենթակա սահմանադրորեն կազմավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իր իսկ ճանաչմանը, ինչպես նաեւ Շահումյանի, Գետաշենի ու Նախիջեւանի պատմական օջախների իր բռնազավթումից ազատագրմանը: Տարածքային ոչ մի այլ շտկում չի դիտարկվի կամ կիրարկվի, քանի դեռ վերոհիշյալը չի մտել ամբողջական ուժի մեջ:

4. Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Վրաստանին եւ նրա ամբողջականությունը՝ ենթակա իր իսկ ճանաչմանը, որ Ջավախքը հայրենի ժառանգության, ինչպես նաեւ նրանց ընդհանուր անվտանգության բաղադրիչ էական մասն է: Նրանց փոխադարձ հարաբերության հետագա բնույթը կպայմանավորվի ձեռնարկված այն քայլերի արդյունավետությամբ, որոնք կցուցաբերեն այս գիտակցումը, ինչպես նաեւ կապահովեն վրացահայ համայնքի ու իր հաստատությունների հիմնարար ազատությունները:

5. Ազգ-պետությունը հարգում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական Միության ու Միացյալ Նահանգների գործընկերությունը եւ ակնկալում է նրանց հարգանքն իր բացարձակ ինքնիշխանության ու ժառանգության իրավացի ամբողջականության նկատմամբ:

6. Ազգ-պետությունը՝ Արարատի շեմին եւ սփյուռքում, ավելին՝ ճանաչում է, որ վերը եւ ստորեւ ամրագրված դրույթների նախահիմքը անմիջական ու համապարփակ իր իսկ վերափոխումն է արդի, ժողովրդավար Հանրապետության, որտեղ օրենքն է իշխում, իրավունքներն են ակնածվում, եւ քաղաքացին է թագը: Արդարություն աշխարհում՝ ենթադրում է արդարություն տանը:

7. Ուղղակի ի հետեւանս եւ գալիք սերունդների սիրույն, Ազգ-պետությունը երախտագիտությամբ արձանագրում է իր բոլոր նախագահների, քաղաքացիական ու ռազմական պաշտոնյաների, շարքային հայրենասերների մատուցած ծառայությունները՝ միաժամանակ պահանջելով, որ նրանցից ամեն մեկը կանգնի հավասարաբար օրենքի իշխանության առջեւ: Այն տարածքները, կալվածքները, ձեռնարկությունները, պատեհություններն ու մարդկային կյանքերը, որոնք նրանց պաշտոնների չարաշահմամբ մինչ այժմ սեփականվել, ունեզրկվել կամ զոհաբերվել են, պետք է ստանան իրենց հաշվետվությունը միեւնույն օրենքի խստագույնս կիրառմամբ:

8. Հարկ է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը երկար պատմության մեջ առաջին անգամ հրատապ կարգով իրենց նախագահության, օրենսդիր մարմնի, հետեւաբար՝ դատական իշխանության համար ճշմարտացի ընտրություններ կենսակոչեն: Ապա թե ոչ՝ գոյություն չունի ո՛չ ազգային օրակարգ, ո՛չ էլ ակնհայտ ճակատագիր, ուստիեւ հայրենիքը արդեն եւ առհավետ տրոհված է:

9. Ազգ-պետությունը, նրա յուրաքանչյուր քաղաքացին եւ ուրիշ ոչ մեկը պատասխանատու են՝ առանց պատրվակի կամ բացառության, իրենց հավաքական ապագայի էջքերի ու մաքառումների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել