Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԵՄՆ՝ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների՝ երեկ ՊՆ այցելությամբ, բնականաբար, չհաստատվեցին ՀԱԿ-ի կողմից փաստահավաք խմբին փոխանցված տեղեկությունները:

Փաստահավաք խմբում ընդդիմության նշանակած փորձագետներն օգոստոսի 24-ի իրենց զեկույցով առաջարկել էին «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հասցեին ներկայացված մեղադրանքի շուրջ, այն է, թե՝ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից զինվորական համազգեստ է ապօրինի դուրս բերվել, եւ 2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծվել են «օրենքով չնախատեսված զինված խմբավորումներ»:

Ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամներ Գուրգեն Արսենյանը, Արտյուշ Շահբազյանը եւ Արամ Հարությունյանը երեկ այցելել էին պաշտպանության նախարարություն՝ նշված տեղեկությունները ստուգելու նպատակով:

Հավանականությունը, թե վերոհիշյալ զեկույցին հաջորդած աղմուկից հետո աշխատանքային խմբի անդամներին հաջողվելու էր գտնել ՀԱԿ-ի փոխանցած տեղեկությունների մասին վկայող որեւէ հետք՝ նույնքան է, որքան կարելի է հավանական համարել, թե փորձագետների զեկույցում նշված 5 բարձրաստիճան պաշտոնյաները եւ 4 պատգամավորները, որոնց ներկայացուցիչները մարտի 1-ին ՊՆ թիկունքի ծառայության պահեստից զինվորական համազգեստ էին ստացել՝ մինչեւ հիմա էլ այնտեղ էին: Եվ բնականաբար՝ աշխատանքային խմբի այցով այս տեղեկությունը հերքվել էր:

Սակայն առավել մանրամասնել խմբի անդամները չցանկացան, քանի որ մտադիր են իրենց արած նկարահանումները եւ ձայնագրությունները ներկայացնել հանձնաժողովի նիստում: Եվ մասնավորապես Արտյուշ Շահբազյանը մեր զրույցի ընթացքում նշեց. «Այս պահին ո՛չ հերքում եմ, ո՛չ էլ հաստատում: Այսինքն՝ հերքումը կամ հաստատումը կներկայացնենք նիստի ժամանակ: Ինչ-որ ասելիք ունենք»:

Նա հայտնեց, որ աշխատանքային խմբի անդամները ՊՆ-ում անցկացրել են շուրջ 4,5 ժամ. «Հարցեր ենք տվել, պարզաբանումներ ստացել: Զրուցել ենք ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ Տիգրան Գասպարյանի հետ, որի անունն արծարծված էր փաստահավաք խմբի անդամների զեկույցում: Եղել ենք իրային զորամասում, նայել մատյանները՝ այդ օրերին կատարված շարժը, փաստաթղթերը եւ պատճենահանումներ ենք արել: Մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք ներկայացված էին փաստահավաք խմբի անդամների զեկուցագրում՝ պարզաբանումներ ենք խնդրել համապատասխան անձանցից»: Եվ մասնավորապես՝ ստուգել են ՀԱԿ այն տեղեկությունը, թե ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից համազգեստը դուրս էր գրվել թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ: «Հանձնաժողովի նիստում կներկայացնենք նրանց բացատրությունները»,- ասաց պրն Շահբազյանը:

Փաստահավաք խումբը ժամանակին հնարավորություն չէր ունեցել ուսումնասիրություններ կատարել ՊՆ սպառազինության, զենքի ու զինամթերքի պահեստներում: Եվ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները ՊՆ-ում նաեւ հետաքրքրվել են, թե ինչու նրանց չեն թույլատրել ստուգումներ անցկացնել: Պատասխանը եղել է նույնը, ինչը եւ հրապարակավ ասում է փաստահավաք խմբում կոալիցիան ներկայացրած փորձագետ Ռոբերտ Ավագյանը, թե խմբի անդամները նախապես չէին դիմել ու թույլտվություն խնդրել ՊՆ-ից: «Մենք գնացինք, անկոչ հյուրի պես դուռը ծեծեցինք, զորամասի ղեկավարությունն էլ մեզ չընդունեց: Եվ շատ ճի՛շտ արեց»,- դեռ հունիսին ասել էր Ռոբերտ Ավագյանը:

Արտաշես Շահբազյանին հիշեցրինք, որ իրենց այցից առաջ հանձնաժողովում «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Արամ Կարապետյանը հեգնել էր. «Եթե ստուգեցիք եւ ինչ-որ բան գտաք, ուրեմն երկրում ինչ-որ բան է փոխվել»: Մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ պարզեցին՝ երկրում ինչ-որ բան փոխվե՞լ է՝ պրն Շահբազյանն այսպես արձագանքեց. «Ի վերջո, երբ փաստահավաք խմբի 2 անդամները, որոնք ներկայացնում են մեզ հայտնի ուժերը՝ հանձնաժողովին առաջարկում էին գնալ այնտեղ՝ ուրեմն, անգամ իրենք հիմք եւ անհրաժեշտություն տեսնում էին դրա մեջ: Եվ իրենք էլ էին ՊՆ թիկունքի վարչության իրային պահեստ գնացել դեպքերից մոտ մեկ տարի հետո՝ 2009թ. փետրվարի 12-ին, ուրեմն իրենք նույնպես դա հիմնավոր են համարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել