«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Եվրաինտեգրմանը դե՞մ է, թե՞ կողմ:
«Ես եվրոպական շատ արժեքների կողմ եմ։ Հերիք չէ՞»։ Լրագրողի ճշտող հարցին, թե այսինքն՝ քաղաքական կուրսը պետությունը պե՞տք է վերցնի ու գնա դեպի Եվրոպա, Կարապետյանն այսպես արձագանքեց. «Մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում։ Եվրոպայում չկա որևէ երկիր, որը սահման չունի ԵՄ անդամ մեկ այլ երկրի հետ։ Մեր կողմից անհասկանալի քայլեր են՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու համար»։
Հաջորդ հարցին՝ չեղարկե՞լ ԵՄ անդամակցության նախագիծը, Կարապետյանը պատասխանեց՝ սպասենք, տեսնենք՝ ինչ փորձանքներ կբերի մեր երկրին ու մեր ժողովրդին, հետո կխոսենք։
Անդրադառնալով իր ավելի վաղ կատարած հայտարարությանը, թե «102-րդ բազան հանեն ՀՀ-ից՝ ՀՀ-ն անտեր կմնա» ու դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանի արձագանքին, որով նաև Փաշինյանը Կիկոսի մահն էր հիշել, Կարապետյանը հակադարձեց. «Մի քիչ համբերեք, Կիկոսի մահը կտեսնեք»։
Կարդացեք նաև
Հարցին, թե իր գործով դատական նիստում արդեն երկրորդ վկան է հարցաքննվում, ինչու հարցեր չի ուղղում վկաներին, ճանաչո՞ւմ է նրանց, ի՞նչ կապ ունեն քրեական գործի հետ, ի պատասխան ասաց. «Դուք էլ նույն ձևով մասնակցում ու երևի չեք հասկանում՝ ինչ գործ ունեմ այստեղ։ Ես ավելի քան մեկ տարի է՝ դատական նիստերի եմ մասնակցում՝ չհասկանալով, թե ինչու է իմ ներկայությունն անհրաժեշտ։ Իմ կարծիքով՝ Փաշինյանի համար կարևոր է, որ մնամ անազատության մեջ, որ Ալիևի բոլոր թելադրանքները հասցնի սղացնել, անցկացնել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































