Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԱՆՏԱԳՈՆԻՍՏՆԵՐ ԵՆՔ»

Սեպտեմբեր 29,2009 00:00

Շարունակում ենք ներկայացնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դատողությունները հայ-թուրքական սահմանի բացման չհիմնավորվածության վերաբերյալ:

Տնտեսական- հումանիտար

Մեր զրուցակիցը նաեւ նախագահի մոտ հրավիրված քննարկման ժամանակ կարծիք է հայտնել, որ թեեւ Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է, ՀՀ 100-120 հազար քաղաքացիներ ամեն տարի, առանց որեւէ խնդիրների, հանգստանում են Միջերկրական ծովի թուրքական ափերում: Համաձայն թուրքական աղբյուրների, տարեկան 75 հազար ՀՀ քաղաքացիներ մշտապես գտնվում են այդ երկրում եւ, ըստ իրենց, վարում են անլեգալ բիզնեսներ: Վկայակոչելով ՀԲ-ի տվյալները՝ պարոն Կարապետյանը նկատում է, որ Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ կարող են ունենալ հետաքրքիր առեւտրային հարաբերություններ, որը գնահատվում է տարեկան 450-500 միլիոն դոլար: Ապա վկայակոչելով տարբեր կենտրոնների վերլուծությունները՝ նա ասում է, որ Թուրքիան Հայաստանի համար իբրեւ տրանզիտային երկիր դեպի բալկանյան եւ եվրոպական երկրներ բավականին աննպատակահարմար է՝ բարձր տարիֆների տեսանկյունից: Թուրքիան Հայաստանին կարող է հետաքրքրել միայն Սիրիա եւ Լիբանան դուրս գալու համար: «Հիշեցնում եմ, որ արդեն տասնյակ տարուց ավելի է՝ ՀՀ-ի արտաքին առեւտրի բալանսը բացասական է, մենք ավելի շատ ներմուծում ենք, հետեւաբար, ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ի՞նչ ունենք արտահանելու այդ երկրներ եւ չենք կարողանում, դրա համար այդպես արագ, ամեն գնով պետք է ճանապարհներ գտնե՞նք»,- ասում է Արամ Կարապետյանը:

Հաշվի առնելով նաեւ այն, որ Թուրքիայի արտաքին առեւտրի բալանսը նույնպես բացասական է, մոտ երկու անգամ, նա չի կարծում, որ այնտեղ էլ գոյություն ունեն Հայաստանի 1-1,5 միլիարդանոց շուկա արտահանման ներկայիս տեմպերին գերազանցող սպասելիքներ: Արձագանքելով էլեկտրաէներգիայի արտահանման մեր դիտարկմանը՝ նա նշեց, որ նմանատիպ գործարքներ եղել են նաեւ ԽՍՀՄ-ի տարիներին, եւ դա սահմանի բացման հետ կապ չունի: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, պաշտոնական տվյալներով, 80 մլն դոլար է, իսկ ոչ պաշտոնականով, Վրաստանի ճանապարհով, գրեթե երկուսուկես անգամ ավելի: Համադրելով, թե Թուրքիայից ինչ է արտահանվում ՀՀ եւ ինչ կարող է ՀՀ-ն արտահանել Թուրքիա՝ կաշվեղեն, մորթեղեն, դեղորայք, սննդամթերք, հանածոներ, էլեկտրաէներգիա եւ այլն, մեր զրուցակիցը հանգում է նրան, որ. «Մոտավորապես նույն ոլորտներն ունենք: Ստացվում է, որ մենք անտագոնիստներ ենք եւ նույն շուկայի համար ենք կռվելու: Մանավանդ, որ ներքին շուկաներում լայն սպառման ապրանքների մանրածախ եւ մեծածախ գները գրեթե չեն տարբերվում: Հայ-թուրքական համագործակցության հանձնախմբի Թուրքիայի եվրոպական ներկայացուցիչը ասել է, եւ ես միանգամայն կիսում եմ այդ կարծիքը, որ Հայաստանը Թուրքիայի համար, որպես տնտեսական գործընկեր, հետաքրքիր չէ: Բավական է միայն համեմատել ՀՀ-ի 3,5 միլիարդանոց բյուջեն մեր հարեւանի 200 միլիարդանոց բյուջեի հետ, այդպիսիք են նաեւ արտաքին առեւտրի ծավալները: Թուրքիան տարեկան միայն 26 միլիոն տուրիստ է ընդունում. այդ քանակությունը մոտ 12 անգամ գերազանցում է ՀՀ բնակչության ծավալը: Ի դեպ, արդեն երկու տարի է՝ ՌԴ-ն Թուրքիայի առաջին տուրիստական գործընկերն է: Թուրքիան վերջին տարիներին լուրջ ներքին տնտեսական խնդիրներ ուներ, բայց այն պահից, երբ Էրդողանի կուսակցությունն իշխանության է, ՀՆԱ-ի աճը տարեկան 6-7 տոկոս է, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում այդ աճը չկա, անկում ունի նաեւ թուրքական դրամը, որը տնտեսական գործարքներում տարաձայնությունների տեղիք է տվել, խոշոր չափերի է հասել գործազրկությունը, պաշտոնական տվյալներով՝ 3,5, ոչ պաշտոնականով՝ 6 միլիոն մարդ, ուստի այնտեղ էլ են գնային փոփոխություններ լինում, ինչն էլ մեզ համար տնտեսապես շատ վտանգավոր է: Ներկայումս Թուրքիան բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ 45-60 մլրդ դոլարի վարկ ստանալու համար: Այսինքն՝ տնտեսական իրավիճակը այնտեղ էլ հիմա բարվոք չէ»: Այս ամենին մեր զրուցակիցը հավելում է նաեւ հնարավոր տնտեսական էքսպանսիան՝ 1992-ից գործող թուրքական միջազգային ներդրումային գործակալության խողովակներով ընդամենը, ասենք, 2 միլիարդ դոլարի ներդրման միջոցով, ու Հայաստանի ներքին շուկան կհայտնվի բավական ծանր վիճակում: Այդպիսի ներդրումներ այդ գործակալությունը կատարել է տարբեր երկրներում (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղըզստան եւ այլն), իսկ Ռուսաստանի հետ տարեկան առեւտրի հաշվեկշիռը հասնում է 40 մլրդ դոլարի:

Ըստ Արամ Կարապետյանի տեղեկությունների, հայ-թուրքական համագործակցության ծրագրի, այսպես կոչված, թուրքական փակ մասի կայուն զարգացման մեխանիզմը բաժին է հասնելու Թուրքիայի հյուսիս-արեւելյան նահանգներին (Արեւմտյան Հայաստանի նահանգներին՝ Արդահան, Էրզրում, Արդվին), որոնք սահմանակից են Հայաստանին: Այդ բնակավայրերում տնտեսական զարգացման տեմպերը եւ երկրի ՀՆԱ-ում ունեցած իրենց դերը 20 անգամ ավելի ցածր է, քան զարգացած մասինը: Փաստորեն, առեւտրի խթանումը այդ մարզերում բավականին տնտեսական աշխուժություն առաջ կբերի: Այդ վայրերում, ելնելով ինֆրաստրուկտուրաներից, կարող է զարգացվել թութունի, սննդի, կաշվի, ձվի արտադրություն՝ այն ամենը, ինչով հայտնի է Հայաստանը: «Այսինքն՝ մենք մեր ձեռքով զարգացնում ենք Թուրքիայի չզարգացած տնտեսական հատվածը, ինչն էլ նախեւառաջ խթանելու է տվյալ վայրերում ազգաբնակչության աճին: Այդ վայրերում մեծ թվով քրդեր էլ են բնակվում, հետագայում դա էլ է մեզ համար սպառնալիք դառնալու: Մեր տարածքները տվել ենք՝ հիմա էլ օգնում ենք, որ ամրացնե՞ն»,- տարակուսում է ՆԺԿ ղեկավարը՝ ամրագրելով, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններում, մանավանդ՝ Հայաստանի նման պարալիզված տնտեսական վիճակում, որեւէ շահ չունենք:

Ռազմական

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի բանակի ցամաքային զորքերը 510 հազար 700 մարդ է, ագրեսիայի եւ այլ ընդհանուր իրավիճակներում այդ թիվը կարող է հասնել 900 հազարից մեկ միլիոնի. մոտավորապես Հայաստանի ակտիվ բնակչության չափ: Հայ-թուրքական սահմանի մոտ՝ 7 կմ-ի վրա, տեղակայված է Թուրքիայի ցամաքային զորքերի երրորդ դաշտային բանակի չորրորդ բանակային կորպուսը, որի մեջ մտնում են մեկ տանկային, վեց մեխանիկական եւ չորս ցամաքային բրիգադներ՝ ընդհանուր առմամբ մոտ 27 հազար մարդ: Վկայակոչելով այս թվերը, նկատի ունենալով սահմանում առկա ռուսական զորքերը, հաշվի առնելով Թուրքիայի ներքին ռազմական դոկտրինը՝ Ա. Կարապետյանը պնդում է, որ 5-7 օրերի ընթացքում այդ թիվը կարող է հասնել 50 հազար մարդու, 350-370 տանկեր, 700 հրանոթներ: Եթե կարիքը լինի՝ ներքին ռազմական դոկտրինը թույլ է տալիս 15 օրվա ընթացքում բանակայինների թիվը հասցնել 80-100 հազար մարդու: «Սա այն բանակային միավորումն է, որ Հայաստանի հետ խնդիրներ ունենալու դեպքում պիտի միջամտի: Թուրքիայում հաշվարկներ կան, որ հաջող տանկային գրոհի դեպքում իրենք մոտավորապես երկու օրում կլինեն Երեւանում: Նույն այդ դոկտրինի համաձայն, այն ամենը, ինչը Թուրքիան կկոչի «ագրեսիա», դրա դեմ կարող են օգտագործել մինչեւ 150 հազար մարդ, 4 ավիաէսկադրիլիա: Իսկ ագրեսիա «սարքելը» բարդ բան չէ: Ավելին, 8 օր առաջ Թուրքիայի կառավարությունը դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ 7 միլիարդ դոլարի՝ 13 հատ «Պատրիոտ» տիպի հրթիռ գնելու համար. կարծիք կա, որ դա նախապատրաստություն է Իրանի հետ հարաբերությունները պարզելու համար, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները անմիջականորեն բխում են հենց այդ հարաբերություններից»,- ասում է Արամ Կարապետյանը: Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, թուրքական բանակի գլխավոր շտաբը, որի դերակատարումը երկրում բավական մեծ է, ի հեճուկս հնչող հայտարարությունների, լուրջ հարաբերություններ ունի Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ: «Սերժ Սարգսյանին ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիայի բանակը երկրորդն է ՆԱՏՕ-ում, իսկ այդ երկրում արդեն 72 միլիոն բնակչություն կա. այս պարագայում նման երկրի հետ նման հապճեպորեն փոխհարաբերությունների կարգավորումը դաժան ավարտ է ունենալու մեզ համար»,- ասում է մեր զրուցակիցը՝ փաստելով, որ ռազմական առումով, առանց ՌԴ-ի օգնության, Հայաստանը չի կարող դիմակայել, մանավանդ, որ բավական մեծ կառույց է նաեւ թուրքական արտաքին հետախուզությունը՝ ՄԻԹ-ը, իր 50 հազար կադրերով եւ հզոր բյուջեով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել