Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻՆ ՄԵԿՈՒՄԵՋ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե «խոզի գրիպից» խուսափելու համար պետական սահմանային անցումային կետերում ուժեղացվել է ուղեւորների հսկողությունը, «Զվարթնոցում» ականատես եղանք այլ իրավիճակի:

Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի, այլ կերպ ասած՝ «խոզի գրիպի» տարածվածության վերաբերյալ: Ընդ որում, ամեն անգամ մեջ բերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, տեղեկանում ենք, որ վիրուսը գնալով ընդլանում է իր սահմանները եւ ընդգրկում է նորանոր երկրներ: «Խոզի գրիպի» դեպքեր են արձանագրվել արդեն մեր տարածաշրջանում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաեւ Իրանում, ինչը նշանակում է, որ մեր երկիրը եւս հայտնվել է ռիսկային գոտում:

Օրեր առաջ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լինա Թորոսյանը ասուլիս էր հրավիրել ու հավաստիացնում էր, որ Հայաստանում «խոզի գրիպի» դեմ պայքարելու համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ըստ Լ. Թորոսյանի, բացի այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ ձեւավորվել է շտաբ, որտեղ մասնագետները պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում հիվանդության հնարավոր զարգացումների վերաբերյալ, նաեւ պետական սահմանային անցումային կետերում ուժեղացվել է հսկողությունը ուղեւորների նկատմամբ: Տեսչության գլխավոր մասնագետը չմոռացավ նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված են հատուկ ջերմացույցներ, որոնց շնորհիվ հնարավոր է անմիջապես հայտնաբերել այն մարդկանց, որոնք արտերկրից Հայաստան են ժամանում բարձր ջերմությամբ, եւ որպես իր խոսքերի ապացույց՝ հավելեց, որ «ապրիլ ամսից հայտնաբերվել է բարձր ջերմություն ունեցող 6 անձ, որոնք մեր երկիր են ժամանել հենց այն երկրներից, որտեղ «խոզի գրիպի» վիրուսը մեծ տարածում ունի: Սակայն նրանց հետազոտելուց հետո պարզվել է, որ ոչ մեկը հիվանդ չէ H1N1 գրիպով»:

Բարեբախտաբար, մինչ այսօր Հայաստանում «խոզի գրիպի» վարակի ոչ մի դեպք չի գրանցվել, սակայն մասնագետների այն հավաստիացումները, իբր իրավիճակը լիարժեք վերահսկվում է եւ «խոզի գրիպն» էլ ճգնաժամի նման կշրջանցի մեր երկիրը, մեղմ ասած՝ այնքան էլ հավատ չի ներշնչում:

Անձամբ ես արտերկրից վերադարձել եմ ընդամենը մի քանի օր առաջ, ընդ որում եվրոպական մի երկրից՝ Ֆրանսիայից, որտեղ եւս, վերջին տեղեկություններով, վարակի 118 դեպք է գրանցվել, ինչը նշանակում է, որ այդ երկրից ժամանողները եւս «Զվարթնոցում» պետք է ուշադրության կենտրոնում լինեին: Ինքնաթիռի վայրէջքից րոպեներ առաջ ուղեւորներին բաժանեցին թերթիկներ, եւ բարեհամբույր բորտ-ուղեկցորդուհիները ինքնաթիռում գտնվող մարդկանց ֆրանսերեն բացատրեցին, որ թերթիկները պետք է լրացնել, իսկ թե լրացնելուց հետո ինչ պետք է անել՝ չասացին: Թերթիկներում պետք է լրացնեինք ոչ թե մեր առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, այլ որ երկրից ենք ժամանում, կոնկրետ որ փողոցի որ հասցեում գտնվող որ հյուրանոցից եւ կոնկրետ ուր ենք ուղեւորվում, այսինքն՝ փաստացի բնակության հասցեն: Բացի այդ, պետք է թողնեինք նաեւ մեզ շատ հարազատ մեկ այլ մարդու հեռախոսահամարն ու հասցեն: Նշեմ, որ կողքիս նստած ուղեւորներից ոմանք անգամ չնայեցին թերթիկների վրա, եւ դրանք չլրացված վիճակում մնացին ինքնաթիռում: Վայրէջքից հետո մեզ մոտեցավ մի տիկին եւ խնդրեց հանձնել լրացված թերթիկները, որոնք, բնականաբար, հատուկենտ մարդիկ էին վերցրել իրենց հետ, քանի որ ոմանք ընդհանրապես չէին լրացրել, իսկ ոմանց էլ՝ պարզապես չէր բացատրվել, որ դրանք պետք է հանձնել օդանավակայանի աշխատակցին: Թերթիկներ հավաքող տիկինը բարեհամբույր ժպիտով ճանապարհեց բոլորին՝ անկախ նրանից՝ ունեի՞ն նրանք թերթիկներ, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է տիկին Թորոսյանի հայտարարած հատուկ ջերմացույցներին, որոնք իբր հայտնաբերում են ջերմող մարդկանց, թերեւս «Զվարթնոց» մեր ժամանման պահին այդ սարքը անջատված էր: Անձամբ ես մրսածության հետեւանքով Փարիզ եմ մեկնել հարբուխով եւ ջերմությամբ ու վերադարձել նույն վիճակով, սակայն ջերմացույցներն այդպես էլ ինձ չֆիքսեցին: Անգամ նախապես լսած լինելով օդանավակայանի հատուկ նախազգուշական միջոցառումների մասին, ինքնաթիռում մի քանի հաբ «Coldrex» րօգտագործեցի՝ վախենալով, որ վայրէջքից հետո ստիպված եմ լինելու երկար-բարակ ստուգումներ անցնել, որպեսզի մասնագետները համոզվեն, որ ինձ մոտ սովորական մրսածություն է եւ այն H1N1 վիրուսի հետ ոչ մի կապ չունի: Սակայն արդեն «Զվարթնոցում» համոզվեցի, որ, ըստ էության, ուղեւորների առողջական վիճակը ոչ մեկին էլ չի հետաքրքրում:

Գրեթե վստահ եմ, որ հրապարակումից հետո հակահամաճարակային տեսչությունը մեզ կտեղեկացնի, որ բոլոր «կասկածյալ» ուղեւորները, այդ թվում նաեւ ես, անկախ մեր կամքից՝ հեռվից հեռու իրենց հսկողության տակ ենք գտնվում, հետեւապես բացթողումները բացառված են:

Նշենք, որ ԱՀԿ-ի վերջին տվյալներով, աշխարհում հայտնաբերվել է H1N1 վիրուսով հարուցված գրիպի 296 հազար 471 դեպք՝ 3486 մահվան ելքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել