Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ, ՀՈՒՊ ՏՈՒՐ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, ֆուտբոլի աշխարհի գավաթի ընտրական փուլի շրջանակներում, Հայաստանի ազգային հավաքականն ընդունելու է Իսպանիայի ընտրանուն:

\"\"Կասկած չկա, որ խաղը մեր ֆուտբոլիստների համար անչափ ծանր է լինելու: Հաղթանակի հավանականությունը, անկեղծ ասենք, նվազագույն է: Բայց եթե դա տրված չէ, գլխավորը արժանապատիվ խաղ ցուցադրելն է լինելու: Այդ օրը, հասկանալի է, գլխավոր գործող անձինք լինելու են իրենք՝ ֆուտբոլիստները: Սակայն պակաս կարեւոր չի լինելու նաեւ 12-րդ խաղացողի՝ երկրպագուների դերակատարությունը, որոնց ամբողջ աշխարհում «fan» են կոչում:

Դա մի շարժում է, որը մեզանում համեմատաբար նոր է արմատավորվում: \"\"Բազմաթիվ երկրներում ֆուտբոլասերները միավորվում են, կազմում «Fan» ակումբներ, կազմում իրենց կանոնադրությունը, ծրագրերը եւ հետեւողականորեն դրանք իրագործում:

Հայաստանում այս շարժումը համեմատաբար վերջերս է ստեղծվել եւ, ըստ էության, առաջին քայլերն է կատարում: Առաջիններից մեկը «First Armenian Front» (FAF) ֆան ակումբն է, որի անդամներին մշտապես կարելի է տեսնել տրիբունաների առաջին շարքերում: FAF-ի հիմնադիր խորհրդի անդամ Սերոժ Ջանոյանի խոսքերով, իրենց առաջնային նպատակը մեր ազգային ու երիտասարդական հավաքականներին աջակցելն է, հանրապետությունում ֆան մշակույթ ստեղծելը եւ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելը: «Մենք հովանավորներ չունենք, ֆինանսական հովանավորություն չենք ստանում ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ոչ այլ կառույցներից: Մեր ֆան ակումբը գործում է իր անդամների հանգանակությունների շնորհիվ»,- ասում է նա:

FAF-ի հիմնադրման տարեթիվը կարելի է համարել 2007 թվականը, երբ մի խումբ ֆուտբոլասերներ որոշեցին ներկա լինել Հայաստան-Լեհաստան խաղին ու հենց այդ ժամանակ էլ որոշեցին ստեղծել մի այնպիսի ֆան ակումբ, որը կմիավորի բոլոր հայ ֆուտբոլասերներին: Այսօր FAF-ի անդամների թիվը շուրջ 150 է:

FAF-ի անդամների համոզմամբ, իսկական հայ ֆուտբոլասերը միշտ պետք է լինի սիրելի թիմի կողքին եւ աջակցի նրան: Սակայն ֆուտբոլասերը պետք է նաեւ պահանջկոտ լինի, ստիպի իր այդ նույն սիրելի թիմին անձնվեր ու գեղեցիկ ֆուտբոլային խաղ ցուցադրել: Իսկ ֆուտբոլիստները պետք է հաշվի նստեն իրենց երկրպագուների հետ ու հարգեն նրանց: Օրինակ, Հայաստան-Բոսնիա խաղի ժամանակ ֆաների իրականացրած ակցիան հենց պահանջկոտության դրսեւորում էր, որն էլ հաջորդ իսկ խաղում ցանկալի արդյունք տվեց:

Սերոժ Ջանոյանն ասում է, որ ֆան մշակույթը Հայաստանում նոր է ձեւավորվում, ստեղծվում են նմանատիպ նոր ակումբներ, որոնք երկրպագում են ակումբներին՝ «Միկային», «Արարատին», «Փյունիկին» «Գանձասարին»… Դա իրենց շատ է ուրախացնում եւ FAF-ը պատրաստ է բոլորին աջակցել: Մեր երկրում որքան ֆան շարժումը զարգանա, այնքան կշահի հայկական ֆուտբոլը:

FAF-ի հետ այս զրույցի շարժառիթը հոկտեմբերի 10-ին Իսպանիայի հավաքականի հետ պատասխան հանդիպումն էր: Մեզ հետաքրքում էր, թե հայ ֆուտբոլասերների կազմակերպված հատվածն ի՞նչ ծրագրեր է կազմել այդ օրվա համար: «Իսպանիա-Հայաստան առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի օրհներգը հնչելիս իսպանացի ֆուտբոլասերներն իրենց այնքան էլ կոռեկտ չեն պահել: Հոկտեմբերի 10-ին ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը՝ կորոշվի հանդիպումից մի քանի օր առաջ»,- տեղեկացրեց Ս. Ջանոյանը եւ ավելացրեց, որ FAF-ը դիմում է բոլոր հայ ֆուտբոլասերներին՝ կոչ անելով խաղի օրը գալ հանրապետական ստադիոն, ոգեւորել մեր թիմին՝ մղելով հաղթանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել