Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղություն առանց վերջակետի. Բաքվի անվերջանալի խաղը

Հոկտեմբեր 30,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նախապայմանների շարունակական շղթա. ի՞նչ է ուզում Բաքուն Երեւանից 

Խաղաղության մասին հայտարարություններից մինչեւ նոր անորոշություն

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին պաշտոնական հայտարարությունները վերջին ամիսներին ուղեկցվում են ակնհայտ հակասությամբ. երկու երկրների իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունն ավարտված է, եւ խաղաղություն է հաստատվել։ Սակայն Բաքուն շարունակում է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ միաժամանակ արդեն զգուշացնելով, որ այն կարող է մնալ ընդամենը թղթի վրա։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն օրերս հայտարարել է. «Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաեւ մնալ միայն թղթի վրա»։ Նույն օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շեշտել է, որ Բաքուն ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, իսկ հայ հասարակությունը պետք է գիտակցի խաղաղության կարեւորությունը նաեւ Ադրբեջանի համար։

Հաջիեւը պնդել է, որ խաղաղության համաձայնագրի սկզբնական սկզբունքները մշակվել են Ադրբեջանում, իսկ Վաշինգտոնում փաստաթղթի նախաստորագրումից հետո Բաքուն կարեւոր քայլեր է ձեռնարկել խաղաղության ուղղությամբ։ Այս ձեւակերպումներով Ադրբեջանի իշխանությունները ներկայանում են որպես գործընթացի նախաձեռնող եւ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերած կողմ՝ միաժամանակ հետագա առաջընթացի պատասխանատվությունը թողնելով Երեւանի վրա։

Սակայն այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե հիմնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, եւ խաղաղությունն իսկապես հաստատված է, ապա ինչո՞ւ է դրա իրավական ամրագրումը շարունակում կախված մնալ չավարտվող նախապայմաններից։

Անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ԱՄՆ նախագահի ներկայությամբ, նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Կողմերը փաստաթուղթը պատմական որակեցին, իսկ դրանից հետո հնչեցին հայտարարություններ, թե երկու երկրների միջեւ խաղաղությունը փաստացի հաստատված է։

Նախաստորագրումը դեռեւս պայմանագրի վերջնական ստորագրում եւ վավերացում չէ։ Այսինքն, խաղաղության մասին քաղաքական հայտարարություններն արդեն իսկ արվել են, սակայն դրա իրավական ամրագրումը շարունակում է հետաձգվել։

 

Սահմանադրությունը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական ճնշման գործիք

 

Բաքվի դիրքորոշման առանցքում Հայաստանի Անկախության հռչակագրին հղումն է, որը ներառված է Հայաստանի Սահմանադրության նախաբանում։ Ադրբեջանը 1990թ. Անկախության հռչակագրում տարածքային պահանջ է տեսնում՝ հղում անելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989-ի որոշմանը։ Հետեւաբար, պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել Սահմանադրության փոփոխությունը։

Հայաստանի իշխանությունները չեն ընդունում Բաքվի մեկնաբանությունը, թե գործող Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսի վերջին, կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնելիս, հայտարարել էր, որ Անկախության հռչակագրին հղումը չպետք է ներառվի նոր Սահմանադրության մեջ։ Նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամկետների մասին նա նշել էր, որ այն կներկայացվի առաջիկա ամիսներին։

Այս հանգամանքը Բաքվին հնարավորություն է տալիս Հայաստանի ներքաղաքական գործընթացը ներկայացնել որպես խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ քայլ։ Օրերս Բայրամովը նշել է, որ Հայաստանում տեղի են ունենում որոշակի ներքին գործընթացներ, իսկ Սահմանադրության փոփոխությունը համապատասխանում է հենց Հայաստանի իշխանությունների շահերին։ Նա կրկին ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի հարցում։

Այսպես, Բաքուն փորձում է սահմանադրական փոփոխությունը ներկայացնել ոչ թե որպես Հայաստանից պահանջվող զիջում, այլ որպես Երեւանի սեփական շահերից բխող որոշում։ Այդ կերպ սահմանադրական փոփոխության քաղաքական պատասխանատվությունը տեղափոխվում է Հայաստանի իշխանությունների վրա։

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հարցին, հայտարարել էր, որ Ադրբեջանը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչ թե պահանջ է ներկայացնում, այլ նախապայման է դնում։

«Նախապայմանը պահանջ բառից էականորեն տարբեր է»,- ընդգծել էր Միրզոյանը՝ բացատրելով, որ Բաքուն հայտարարում է՝ պատրաստ չէ ստորագրել համաձայնագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այս պահին երկու երկրների միջեւ բանակցվող որեւէ պահանջ չկա, թեեւ Ադրբեջանը հրապարակայնորեն նման պայման է առաջադրում։ Նա նաեւ պնդել էր, որ եթե Բաքուն մտահոգված է Սահմանադրության ձեւակերպումներով, ապա այդ մտահոգությունները փարատելու ամենակարճ ճանապարհը նախաստորագրված համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, քանի որ փաստաթղթում համապատասխան հարցերի պատասխանները տրված են։

Միրզոյանը վերահաստատել էր նաեւ Երեւանի պատրաստակամությունը՝ սկսել պայմանագրի ստորագրման վայրն ու ժամանակը որոշելու խորհրդակցությունները։

Այսպիսով, կողմերի տարաձայնությունը վերաբերում է ոչ միայն Սահմանադրության մեկնաբանությանը, այլեւ քայլերի հերթականությանը։ Երեւանը պնդում է, որ պատրաստ է ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը, մինչդեռ Բաքուն պահանջում է նախ սահմանադրական փոփոխություն, ապա՝ պայմանագրի ստորագրում։

Բաքվի խաղաղության փակուղին

Հոկտեմբերի 9-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի, եւ մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին»։

Նրա խոսքով՝ ձեռքբերումը ծառայում է երկու ժողովուրդներին եւ նրանց ապագա սերունդներին՝ հնարավորություն տալով անցնելու խաղաղ համակեցության, համագործակցության ու բարիդրացիության։

Փաշինյանը նշել էր, որ ավելի քան երկու տարի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխհրաձգությունների հետեւանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել՝ դա համարելով կարեւոր փոփոխություն՝ 1990-ականներից սկսած հակամարտության պայմանների համեմատ։

Միաժամանակ նա ընդունել էր, որ խաղաղությունը կատարյալ չէ, եւ դեռեւս լուծման կարիք ունեն անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման ու կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։ Նա նաեւ նշել էր, որ Հայաստանում եւ Ադրբեջանում երբեմն սրվում են բացասական տրամադրությունները, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով, սակայն դրանք այլեւս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։

Փաշինյանն ընդգծել էր նաեւ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը՝ շեշտելով միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անխախտելիության ճանաչման անհրաժեշտությունը՝ առանց փոխադարձ տարածքային պահանջների։

Սակայն հոկտեմբերի 22-ին Փաշինյանը խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների վերաբերյալ արդեն ավելի հեռանկարային կանխատեսում արեց՝ նշելով, որ այն կարող է ստորագրվել 2027–2028 թվականներին։ «Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք»,- ասել էր նա՝ չհստակեցնելով, արդյոք այդ ժամկետը կապված է Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հետ։

Այս կանխատեսումը որոշակի հակադրություն է ստեղծում Երեւանի՝ պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունների հետ։ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին կրկին հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սկսել ստորագրման վայրն ու ժամանակը որոշելու խորհրդակցությունները, մինչդեռ Փաշինյանի նշած ժամկետները ցույց են տալիս, որ գործընթացը կարող է ավելի երկար տեւել։

Հոկտեմբերի 26-ին Հաջիեւի հայտարարությամբ նոր շեշտադրում է ավելացել։ Բացի պայմանագրի՝ թղթի վրա մնալու հնարավորությունից, նա պնդել էր, որ Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք, նրա խոսքով, 30 տարի չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք այս հայտարարությունը կարող է դառնալ պայմանագրի ստորագրման եւս մեկ նախապայման, ասել էր. «Կարծում եմ՝ չի կարող լինել եւս մեկ նախապայման»։ Նա հավելեց, որ վերքերը դեռ թարմ են, հակամարտությունն ուղեկցվել է զոհերով ու արյունով, եւ «ոչ մի կոնֆլիկտի ու պատերազմի մեջ մեղր չեն բաժանում»։ Միրզոյանի խոսքով՝ երկու հասարակություններն էլ ցավ են ունեցել, ուստի անհրաժեշտ է ավարտել հակամարտությունը եւ անցնել խաղաղության ու համագործակցության փուլ։

Այս արձագանքը ցույց է տալիս, որ Երեւանը չի ցանկանում պատմական ցավի եւ ներողության հարցը վերածել պայմանագրի ստորագրման նոր պայմանի։ Մինչդեռ Հաջիեւի հայտարարությունը հարց է առաջացնում՝ արդյոք Բաքուն պատրաստվում է խաղաղության գործընթացում առաջ քաշել ոչ միայն սահմանադրական, այլեւ հասարակական ու պատմական բնույթի լրացուցիչ պահանջներ։

Բաքուն փոխո՞ւմ է խաղի կանոնները. Խաղաղությո՞ւն՝ առանց պայմանագրի, թե՞ պայմանագիր՝ նոր զիջումների դիմաց

Վերջին հայտարարությունների համադրությունը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության մասին քաղաքական խոսույթը եւ դրա իրավական ամրագրման գործընթացը նույն արագությամբ չեն զարգանում։ Կողմերը խոսում են խաղաղության, տնտեսական կապերի ու հաղորդակցությունների վերականգնման հեռանկարների մասին, սակայն պայմանագիրը մնում է չստորագրված, իսկ Բաքուն շարունակում է դրա ստորագրումը կապել Հայաստանի սահմանադրական գործընթացի հետ։

Հաջիեւի՝ պայմանագրի «թղթի վրա մնալու» հնարավորության մասին հայտարարությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ Մի կողմից՝ այն կարող է նշանակել, որ փաստաթուղթը պետք է ապահովի իրական արդյունքներ եւ չսահմանափակվի քաղաքական հայտարարություններով։ Մյուս կողմից՝ Բաքվի մյուս հայտարարությունների համատեքստում այն նաեւ ուղերձ է Հայաստանին. նախաստորագրումը բավարար չէ, եւ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել իր պայմանների առաջմղումը մինչեւ վերջնական ստորագրումը։

Բաքվի ակնկալիքների առանցքում շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Սակայն խնդիրը միայն այն չէ, թե արդյոք Հայաստանը կփոխի Սահմանադրությունը։ Ավելի կարեւոր է՝ արդյոք այդ քայլը բավարար կլինի պայմանագրի ստորագրման համար, թե գործընթացում կարող են առաջանալ նոր պայմաններ։ Հաջիեւի՝ հայ հասարակությունից ներողություն պահանջելու հայտարարությունը հենց այս առումով լրացուցիչ անորոշություն է ստեղծում։

Եթե սահմանադրական փոփոխությունը ներկայացվում է որպես պայմանագրի ստորագրման պարտադիր նախապայման, ապա Բաքուն պահպանում է գործընթացի ժամկետների վրա ազդելու հնարավորություն։ Իսկ եթե դրան զուգահեռ առաջադրվեն նաեւ պատմական կամ հասարակական բնույթի ակնկալիքներ, խաղաղության գործընթացը կարող է վերածվել հաջորդական պայմանների առաջադրման մեխանիզմի, որի վերջնական սահմանները հստակ չեն լինի։

Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այլ տրամաբանություն ունի։ Երեւանը պնդում է, որ արդեն նախաստորագրված համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը կարող են ապահովել փոխադարձ պարտավորությունների իրավական ամրագրումը եւ փարատել Բաքվի մտահոգությունները։ Միաժամանակ Փաշինյանի՝ 2027–2028 թվականների կանխատեսումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն էլ չեն բացառում գործընթացի երկարաձգումը։ Այս հանգամանքը լրացուցիչ հարցեր է առաջացնում պայմանագրի ստորագրման իրական ժամկետների եւ սահմանադրական փոփոխության հետ դրա կապի վերաբերյալ։

Խաղաղությունն ու կայունությունը, այնուամենայնիվ, պետք է գնահատել ոչ միայն ռազմական միջադեպերի բացակայությամբ։ Այն պահանջում է նաեւ հումանիտար խնդիրների լուծում, փոխադարձ պարտավորությունների կատարում եւ հասարակությունների միջեւ վստահության ամրապնդում։ Հայաստանի համար հիմնական մարտահրավերը ձեռք բերված փխրուն խաղաղությունը պահպանելն է՝ միաժամանակ կանխելով պայմանագրի ստորագրման անվերջ հետաձգումը նոր նախապայմանների տեսքով։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական բանակցություններ, կողմերի պարտավորությունների հստակեցում եւ հանրությանն ուղղված բաց ու փաստարկված հաղորդակցություն՝ հատկապես Սահմանադրության փոփոխության նպատակների եւ հնարավոր հետեւանքների վերաբերյալ։

Եթե խաղաղությունն արդեն հաստատված իրողություն է, պայմանագրի ստորագրումը պետք է դառնա դրա իրավական ամրագրման տրամաբանական շարունակությունը։ Իսկ եթե ստորագրումը շարունակաբար հետաձգվում է նոր պայմանների պատճառով, ապա խաղաղության մասին հայտարարությունների եւ իրական քաղաքական գործընթացի միջեւ հակասությունը պահպանվելու է։

Հաջիեւի խոսքերը, հետեւաբար, ոչ միայն նախազգուշացում են, այլեւ Բաքվի ներկայիս քաղաքական մոտեցման արտահայտություն։ Խաղաղության պայմանագիրը կարող է դառնալ տարածաշրջանի նոր հարաբերությունների հիմքը, եթե այն ստորագրվի եւ իրականացվի հստակ ու կանխատեսելի պայմաններով։ Հակառակ դեպքում խաղաղության հաստատված լինելու մասին հայտարարությունները դեռ չեն նշանակի, որ երկու երկրների հարաբերությունները վերջնականապես դուրս են եկել հակամարտության քաղաքական տրամաբանությունից։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել