Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է»․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 30,2026 13:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մեզ պետք է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր կողմ բերել, ոչ թե մենակ մնանք՝ Ադրբեջանի կամքին։ Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ վերջին հինգ տարիներին Հայաստանը միայն զիջում է ու այնքան է զիջում, որ Ադրբեջանը հասկացել է՝ ինչքան ձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ բան կվերցնի մեր երկրից։

Պնդեց՝ խաղաղության պայմանագրի համար երաշխիքներ չկան։

Նա պնդում է՝ ՀՀ տարածքային ամբողջականության հարցում ԻԻՀ-ն, Վրաստանը եւ ՌԴ-ն, Արեւմտյան եւ Արեւելյան երկարները շահագրգիռ են, միայն երկու երկիր շահագրգիռ չեն, ինչպե՞ս կարող են այդ երկու երկրները լինել երաշխավոր։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրում չկա ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին որեւէ ամրագրում, այն ստորագրվել է ԱՄՆ-ի՝ վկայի կարգավիճակ ունեցող միջնորդի ներկայությամբ, որից հետո նախաստորագրված պայմանագրի մասով Ադրբեջանը հավելյալ պահանջներ է ներկայացնում եւ հող է նախապատրաստում ադրբեջանցիների վերադարձի համար, առաջ է բերում ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը․ «Տեսնում ենք, որ հատուկ քաղաքական ոճ կա այդտեղ․ մաս-մաս, քիչ-քիչ ենք վերցնում»։

«Ուժեղ Հայաստանը» չի ստորագրելու որեւէ համաձայնություն ՔՊ-ի հետ՝ հայտարարեց Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այնպիսի առաջարկ կանի ընդդիմությանը, որը չեն կարողանա մերժել․ «Ալիեւյան Սահմանադրությունը չի կարող Հայաստանում անցնել։ Ժողովո՛ւրդ, մենք խոսում ենք պետականության մասին, մենք խաղալիք չենք»։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության անվան տակ գնաց ընտրությունների, ձայներ ստացավ, բայց չէր ասում կամ չգիտեր՝ Ադրբեջանն էլ ի՞նչ է ուզելու․ «Իրենք մոլորեցնում են ժողովրդին, թաքցնում են բանակցությունները, որ սրտիկներով կարողանան ձայներ ստանալ»։

Ինչ վերաբերվում է ընդդիմության նկատմամբ ճնշումների գործադրմանը եւ քվե կորզելուն, Նարեկ Կարապետյանը պնդեց՝ հանրության մեծ մասը դեմ է ալիեւյան սահմանադրությանը եւ չի կարող լինել իրավիճակ, որ իրենք վախենան․ «Մենք այստեղ ենք մեր երկրի շահն առաջ տանելու։ Եթե տեսնում ենք, որ հակառակորդի առաջ պատ պետք է կանգնեցնենք, ճնշումն ի՞նչ պետք է անի։ Հասարակության մի մասն էլ ասում է՝ հակառակորդի խայծը մի կեր»։

Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Սահմանադրության տեքստը չի հրապարակվում, կցկտուր տեղեկություններ են տրվում, որոնք արդեն մտահոգիչ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031