«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը
– Տիկի՛ն Սահակյան, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին, անդրադառնալով Բաքվում պահվող ռազմագերիների թեմային, ասել է, թե իրենք դիմել են երրորդ երկրների, բայց նրանք ասել են՝ «հեռու խաղացեք»: Դուք նման տեղեկությունների տիրապետո՞ւմ եք, ինչո՞ւ են երրորդ երկրները նման կերպ արձագանքում, ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել:
– Մեզ հայտնի է այն տեղեկատվությունը, ինչը պաշտոնական ու հրապարակային է։ Այո՛, մեզ հայտնի է, որ արտաքին քաղաքական գերատեսչության ջանքերը՝ համոզելու որևէ երրորդ երկրի աջակցելու Հայաստանի իրավունքների իրականացման հարցում ձախողվել են՝ ըստ պաշտոնական աղբյուրների: Սակայն սա տարակուսելի է, քանի որ մենք նշել ենք, որ 2025 թվականին, անգամ 2026-ին հասարակական կազմակերպությունները հանրային դիվանագիտության շրջանակներում նամակներ են հղել Շվեյցարիայի իշխանություններին, ու առնվազն այդ նամակներում չի մատնանշվել, որ Շվեյցարիան ընդդիմանում է ու պատրաստակամ չէ մարդասիրական աջակցություն ցուցաբերել էթնիկ հայերի կամ Հայաստանին քաղաքացիների առնչությամբ։
Այդ իսկ պատճառով մեզ հետաքրքիր է՝ դիվանագիտության մեջ ինչպիսի՞ ձախողումներ են տեղի ունեցել, որ Շվեյցարիան կարող է փոխել իր դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ: Իհարկե, պաշտոնական հաղորդագրություններում մենք չենք տեսնում, որ դիմում է ներկայացվել հենց Շվեյցարիային, այսինքն՝ այն երկրները, որոնց Հայաստանը դիմել է պաշտոնապես, հասցեական չեն, ինչն էլ այդ տեղեկությունը դարձնում է ոչ ստուգելի:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ աշխարհում կա շուրջ 200 պետություն, և, օրինակ՝ Ուկրաինային հաջողվում է համոզել 33 երկրի, որ նրանք կարողանան գերզգայուն քաղաքական հարցադրմամբ դիմել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան, ավելին՝ հաջողվում է շուրջ 30 երկիր մոբիլիզացնել, որպեսզի նրանք կարողանան դիմել Միջազգային քրեական դատարան ու հասնել նաև աշխարհի ազդեցիկ պետության բարձր ղեկավարների քրեական պատասխանատվության՝ դրանից բխող իրավաքաղաքական հետևանքներով ողջ դիվանագիտության վրա, բայց Հայաստանին չի հաջողվում մարդասիրական խնդրով ներգրավել այդ 200 պետություններից մեկին ու որպես պատճառ ներկայացվում է, որ Ադրբեջանը պահանջել է, որ հեռու մնան: Սա ինձ համար ցուցանիշ է, որպեսզի մենք գնահատենք, թե այս պահի դրությամբ որտեղ է գտնվում Ադրբեջանի դիվանագիտությունը և որտեղ՝ Հայաստանի դիվանագիտությունը:
Քրիստինե Աղաբեկյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































