Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ պետք է շարունակի պնդել իր անմեղությունը, կամ պետք է հրաժարվի իր պաշտպանական դիրքորոշումից

Հոկտեմբեր 30,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սահմանադրական դատարան դիմողը նշել էր, որ իր քրեական գործով պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս, որպես գնահատման գործոն, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն օգտագործել է նաեւ տվյալ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածություն արտահայտությունը ՝ ներառելով այն հանցանքի բնույթի, վտանգավորության եւ պատիժը փաստացի կրելու անհրաժեշտության գնահատման մեջ, եւ հավելում, որ ինքը վիճարկում է ոչ թե «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի պատճառաբանության բավարարությունը», այլ Օրենսգրքի 84 –րդ հոդվածի 1-ին մասի եւ 4-րդ մասի 1-ին կետին հաղորդված այն իրավական բովանդակությունը, որը թույլ է տալիս ազատությունից փաստացի զրկելու հարցը պայմանավորել օրենքով չսահմանված չափանիշով:

Կարեն Ավդալյանը ներկայացնելով թիվ ՀԿԴ /0018/01/24 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը.  «Կարո՞ղ են արդյոք ՔՕ 84 -րդ հոդվածի բաց գնահատողական չափանիշներն ունենալ այնպիսի սահմանադրաիրավական բովանդակություն, որն այդ չափանիշների շրջանակում թույլ է տալիս անձի դեմ օգտագործել մեղադրանքը չընդունելը, օրենքով չսահմանված պետական քրեական քաղաքականության ուղղվածությունը կամ վնասը հենց պետությանը պատճառված լինելու հանգամանքը՝ նշանակված ազատազրկումը փաստացի կրելու հարցը լուծելիս»։ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84 -րդ հոդվածի 1-ին մասը և 4-րդ մասի 3-րդ կետը կիրառվել են այնպիսի բովանդակությամբ, ըստ որի՝ մեղադրանքը չընդունելը և դրա հետ միասին չզղջալը կարող են դիտարկվել որպես անձը բացասաբար բնութագրող և ազատազրկում կրելու օգտին խոսող հանգամանք։

Ըստ դիմողի՝ մեղադրանքը վիճարկելու իր իրավունքի իրացման հետ կապված ինքը հայտնվել է խնդրահարույց ընտրության առջև, ըստ որի՝ կամ պետք է շարունակի պնդել իր անմեղությունը և դրանով վտանգի տակ դնի պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը, կամ պետք է հրաժարվի իր պաշտպանական դիրքորոշումից՝ պատժի իրական կատարումից խուսափելու հնարավորությունը մեծացնելու նպատակով: Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 84 -րդ հոդվածի 1-ին մասը և 4-րդ մասի 3-րդ կետը չեն կարող Սահմանադրության 66 -րդ, 67 -րդ հոդվածներին համապատասխանող բովանդակություն ունենալ, եթե թույլ են տալիս մեղադրանքը չընդունելը, այդ թվում՝ մեղավորությունը վերաքննության կարգով վիճարկելն ու արդարացում պահանջելը օգտագործել անձի դեմ՝ նշանակված ազատազրկումը փաստացի կրելու անհրաժեշտությունը հիմնավորելիս: Ըստ նրա,  մեղադրանքը չընդունելու և չզղջալու համատեքստում սույն անհատական դիմումով վիճարկվող մեկնաբանության և Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքին միջամտելու միջև առկա է անմիջական նյութական կապ:

Սահմանադրական դատարանի դատական կազմի ՍԴԴԿՈ -94 որոշմամբ մերժվեց գործի քննությունը։ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է ոչ թե վիճարկվող դրույթների՝ Օրենսգրքի 84 -րդ հոդվածի 1 -ին մասի, 4 -րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերի «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության» սահմանադրականության գնահատում, այլ ՀԿԴ /0018/01/24 քրեական գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել