Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և պահանջում է պաշտոնական ներողություն խնդրել քարոզարշավի ընթացքում հնչեցված կեղծ մեղադրանքների և վիրավորանքների համար։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայրում ընթանում է դատական նիստը, որը նշանակվել է Օսիպյանի կողմից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցադիմումի հիման վրա։ Արթուր Օսիպյանը դատական նիստից առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ ցանկանում էր հրապարակային դատավարություն, սակայն Փաշինյանի ներկայացուցիչն առարկել է ուղիղ հեռարձակման դեմ։ Օսիպյանը նաև ասաց, որ պատրաստվում է դատավորին բացարկ հայտնել։
«Մեր գործը շարունակելու ենք ու կապ չունի, թե ինչ են փորձում անել։ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը դիմել է դատարան և ասում է, որ այն զրույցները, որը Փաշինյանն արել է, դա ինձ չէր վերաբերվում, փաստացի տվյալ չկա, ինքը այնտեղ իմ անունը չի տվել և այսպես շարունակ մի շարք անհեթեթություն։ Այս ամենին մեծ ցանկությամբ հրապարակային դատարանի դահլիճից կանդրադառնայի և հատ-հատ կքանդեի դրանց այդ կեղծ հիմնավորումները, ջարդը կտայի»,- ասաց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել և կալանավորվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Արաբկիր համայնքում Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































