Լրահոս
Օրվա լրահոսը

Անցար՝ մնացիր

Հոկտեմբեր 03,2009 00:00

\"\"Գուսան Շահենը իր մնայուն հետքն է թողել հայ գուսանական արվեստում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերին կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական գուսան Շահենի ծննդյան 100-ամյակին: Հրատարակության է պատրաստվում մեծանուն վարպետի «Անցա-գնացի» գիրքը եւ 17 երգից բաղկացած ձայներիզը: Վերջինում տեղ են գտել նաեւ «Ղուկասյան» եւ «Գիտե՞ս արդյոք» երգերը՝ Շահենի կատարմամբ:

Գուսան Շահենի հետաքրքրությունների մտահորիզոնը լայն էր եւ ընդգրկուն. ժողովրդական, աշուղական երգեր, սիրավեպեր, ժողովրդական պարեր, երգախառն պատմվածքներ, առակներ, բանահավաքություն, հայոց պատմության մութ էջերի լուսաբանում, պատմագրություն, աշուղական դպրոցի տարբեր ներկայացուցիչների արվեստի ուսումնասիրություն եւ տաղաչափության դասագրքի հեղինակ: Նա առաջինն էր, որ 1982թ. ընթացքում Գյումրիում հիմնեց գուսանական դպրոց: Գուսան Շահենը նաեւ Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի պետական եւ Իգոր Մոիսեեւի երգի-պարի պետական անսամբլների հիմնադիրներից էր:

«Առավոտը» հանդիպեց գուսանի դստեր՝ կոմպոզիտոր, աշուղագետ-երաժշտագետ Էլինար Շահենի հետ: Նախ հետաքրքրվեցինք, թե այսչափ սիրային մեղեդային երգերի եւ խոսքերի հեղինակը պարտադրաբա՞ր է գովերգել Լենինին: Է. Շահենն ասաց. «Հայրիկիս առաջին ամբողջական երգարանը տպագրվել է 1964-ին, իսկ երկրորդը՝ 1976-ին, նրա խորամանկ քայլի շնորհիվ: «Հայպետհրատը» այն պետք է լույս ընծայեր դեռ 1966-ին, սակայն շուրջ 10 տարի ձգձգվում էր հրատարակությունը՝ երգարանում տեղ գտած հայրենասիրական երգերի պատճառով: Եվ վերջապես հրատարակչության խմբագիր Լեւոն Աստվածատրյանի խորհրդով գուսանը ոտքի վրա ստեղծում է Լենինին նվիրված երգ եւ զետեղում երգարանի սկզբում: Տեսնելով դա, նորանշանակ տնօրենը, որի անունը չեմ մտաբերում, գիրքը անմիջապես ուղարկում է տպագրության»: Մեր զրուցակիցը պատմեց նաեւ ժամանակին Բաքվում կայացած աշուղ Ալիի ծննդյան 180-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի մասին. «Հայաստանի պատվիրակությունը, որում ընդգրկված էր նաեւ գուսան Շահենը, գլխավորում էին մեր կոնսերվատորիայի պրոֆեսորներ Մարգարիտ Բրուտյանը եւ Ռոբերտ Աթայանը: Նրանք իրենց հուշերում քանիցս անդրադարձել են այդ երեկոյին, նշելով գուսան Շահենի, բառի իսկական իմաստով՝ հաղթանակը: Այդ օրը ադրբեջանցիները անակնկալ մրցակցություն են կազմակերպում: Հայ գուսանի երգի ժամանակ Համագումարների պալատ է մտնում շուրջ 500 ադրբեջանցի աշուղ եւ մեջլիսի հրավիրում Շահենին: Միայն այն բանից հետո, երբ հայրիկս իրենց իսկ մեղեդիով եւ օսմանլու թուրքերենով պատասխանում է նրանց, վերջիններիս ոչինչ անել չէր մնում, քան դադարեցնել իրենց «ելույթը»: Հայրս այս պատմությունը ժամանակ առ ժամանակ հիշում էր ու ասում՝ դրանք որտեղի՞ց էին հավաքել էդ ամբոխին, որոնք իրենց աշուղ էին կոչում, հավելելով, թե ինքն ինչ աննկարագրելի երջանկություն է ապրել իր հաղթանակի պահին, տեսնելով Մարգո Բրուտյանի եւ Ռոբերտ Աթայանի փայլատակող աչքերը»:

Խոսելով մերօրյա գուսանական եւ ընդհանրապես երգարվեստի մասին, Էլինար Շահենը հիշեց ժամանակին հոր հայտնած մտքերը. «Երգեր են ծնվում, որոնք սեր են ներշնչում, մտնում են սիրո աշխարհ, բայց այդպես էլ սեր չեն ծնում: Օրինակ, «Անծանոթ սեր» երգս ինչքա՜ն սերեր միավորեց ու ընտանիքներ ստեղծեց, «Խռոված էր»-ը որքա՜ն խռոված սրտեր միավորեց ու նոր սերունդներ ունեցանք, «Անցա-գնացին» մարդկանց հասկացրեց, որ պետք է այնպես ապրել, որ կյանքին հրաժեշտ տան որպես մի քնքուշ ու կարճ երազ…»:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ գուսանը իր մահից դեռեւս տարիներ առաջ կանխատեսել էր ոչ միայն մահվան տարեթիվը, այլեւ օրը՝ 1990թ. դեկտեմբերի 17:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել