Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակարգավորման հեռանկարները

Հոկտեմբեր 27,2009 00:00

Կամ ինչպես պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները

Հոկտեմբերի 23-25-ը Աղվերանում կայացավ «ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար, որ կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ): Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանմանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը՝ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրական նախաձեռնություններին, որոնք հակված են խոսքի ազատության սահմանափակմանը ու հակասում են ՀՀ Սահմանադրության եւ Եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածներին:

Հ. Դեմոյանը, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների եւ հարակից թեմաների լուսաբանումը մամուլում, հայտնեց, թե առայժմ չի հանդիպել որեւէ խորքային հետազոտության: Նշեց նաեւ, որ գիտակցված ապատեղեկատվության, սենսացիաների հակում է տեսնում, երիտասարդ կադրերի թույլ պատրաստվածություն եւ, իր խոսքով՝ համարյա քարանձավային անգրագիտություն, իսկ որոշ լրատվամիջոցներ օգտագործում են թանգարանի կայքի ինֆորմացիան՝ առանց համապատասխան հղումի, որոշների ոչ որակյալ թարգմանությունների պատճառով իմաստափոխություն է տեղի ունենում: Պարոն Դեմոյանից «Առավոտը» հետաքրքրվեց, օրինակ, ինչպե՞ս գրել Ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գործող «Ակոռի» ռեստորանից բարձրացող խորովածի ծխի, ուրախ երաժշտության ու հրավառության մասին, որ սենսացիա չընկալվի: Ի պատասխան, տնօրենը նշեց, որ ռեստորանի հարցը բազմիցս բարձրացվել է «վերեւներում», բառացիորեն վերջերս էլ՝ վարչապետի մոտ:

ԵՄԱ փորձագետ Իռեն Ալոյանը ներկայացրեց ԶԼՄ-ների ինքնակարգավորման կառույցների գործունեության պրակտիկան Եվրոպայում, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի 2008-2009թթ. գործունեության մասին:

Հիշեցնենք, որ Դիտորդ մարմինը ստեղծվել է 2007-ի սկզբին, ԵՄԱ եւ գործընկեր լրագրողական կազմակերպությունների նախաձեռնությամբ: 2007թ. մարտի 10-ին 18 լրատվամիջոց մշակեց եւ ընդունեց լրագրողական գործունեության Վարքականոնը: Վերջինս ստորագրած ԶԼՄ-ներն արդեն 41-ն են:

Սեմինարի վերջին օրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ ՀԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը անցկացրին լրագրողների Վարքականոնի փոփոխման հետ կապված առաջարկությունների, «ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության ինստիտուցիոնալիզացիայի հեռանկարները» թեմայով քննարկումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել