Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԹԵՎ ԹՌՉՈՒՆ է

Հոկտեմբեր 30,2009 00:00

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը վերաբերող հարցերին՝ ասաց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բավականաչափ տրամաբանական է. եթե մենք առաջինը վավերացնենք արձանագրությունները, մենք Թուրքիային առեւտուր անելու շանս կտանք, իսկ առեւտրի դիվանագիտությունն այսօր լայնորեն կիրառվում է դիվանագիտական պրակտիկայում, եւ Թուրքիան իր վավերացման դիմաց կարող էր պահանջել շատ ավելի լուրջ գին, քան կարող էր ակնկալել: Իհարկե, ակնհայտ է, որ այս գործընթացներում շահագրգռված են խոշոր աշխարհաքաղաքական դերակատարներ, որոնց ազդեցությունը տարածաշրջանային պրոցեսների վրա ակնհայտ է, այնպես որ, Հայաստանի դիրքորոշումը՝ միայն Թուրքիայի վավերացումից հետո վավերացնել արձանագրությունները, կարծում եմ, այս տեսանկյունից, արդարացված է»:

Ասաց նաեւ, որ արձանագրությունների վավերացման այս փուլը խաղաքարտերի բացման փուլն է. «Պարոն Ծառուկյանն էլ երկուշաբթի տված իր ճեպազրույցում հրապարակավ ասաց, որ եթե ինչ-որ բան փոխվի, եւ եթե Թուրքիան շարունակի նույն նախապայմանների լեզվով խոսել եւ անորոշ ժամանակով ձգձգի վավերացումը, այդ հռետորիկան շարունակական բնույթ կրի, բնականաբար, ոչ մեկը մեր ձեռքերը չի կապում, եւ մենք այդ վավերացմանը չենք գնալու, համենայնդեպս՝ ԲՀԿ-ն վստահաբար դեմ է քվեարկելու այս վավերացմանը ԱԺ-ում, եթե լինեն այդ նախապայմանները՝ ղարաբաղյան հարցի կապակցումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուրացումը»: Խաչիկ Գալստյանը խոսեց նաեւ Սփյուռքի մասին, հայտարարելով, որ «Սփյուռքը եւ մեր դժբախտության դրսեւորումն է, եւ մեր հպարտության ու հզորության խորհրդանիշն է: Առանց Սփյուռքի, հավատացեք, Հայաստանի Հանրապետությունը կարծես թե անթեւ մի թռչուն լինի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել