Լրահոս
Օրվա լրահոսը

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել

Հոկտեմբեր 30,2026 23:45 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկմամբ պարզվել են «Էներգաչափ» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի՝ 2003 թվականի մասնավորեցման մրցույթի ընթացքում հաղթողի ընտրության հիմնավորման, մրցակցային պայմանների պահպանման և գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, մրցույթում մյուս մասնակցի բացահայտ առավելությունների պայմաններում, չպարզաբանված հանգամանքներում հաղթող է ճանաչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կ․ Դ․-ին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը։

Հաղթողի ընտրության գործընթացին ակտիվորեն միջամտել է ՀԷՑ-ի տվյալ ժամանակահատվածի տնօրեն Ե. Գ․-ն, ինչի հետևանքով գնորդի համար ստեղծվել է մրցութային պայմաններով չնախատեսված առավելություն, որն ազդել է մրցույթի վերջնական արդյունքի վրա։

Մասնավորեցման մրցույթին մասնակցել են «Գոլդեն Ռուֆ» ՍՊԸ-ն և անհատ ձեռնարկատեր Ս․ Հ․-ն։ «Գոլդեն Ռուֆ»-ն առաջարկել է ընկերության բաժնետոմսերը ձեռք բերել 98 մլն դրամով և երեք տարվա ընթացքում կատարել 380 մլն դրամի ներդրում, մինչդեռ մյուս մասնակցի առաջարկած ներդրումների ընդհանուր չափը կազմել է 1.34 մլրդ դրամ, նախատեսված աշխատատեղերի թիվը նույնպես ավելի մեծ է եղել։

Թեև արձանագրված ներդրումների ընդհանուր չափը կազմել է 380.665 մլն դրամ, սակայն դրանց հետագա ծախսման ուղղություններն ու նպատակային օգտագործումը լիարժեք գնահատելու համար փաստաթղթեր չեն եղել։

Հիմնադիրների և մասնակիցների նկատմամբ 1.259 մլն դրամ պարտավորության մարման վերաբերյալ հաստատող փաստաթուղթ նույնպես չի հայտնաբերվել։ Նույն ժամանակ 180 աշխատակցի համար չի ապահովվել պայմանագրով նախատեսված 75 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը։

«Էներգաչափ»-ի գույքի մի մասը 2004 թվականից վարձակալության է տրվել ՀԷՑ-ին։ Նույն թվականի փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2.306 մլրդ դրամ։

Մշտադիտարկման արդյունքներով արձանագրված հանգամանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ համապատասխան իրավական գնահատական տալու և օրենքով սահմանված ընթացքն ապահովելու նպատակով։

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել