Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 11,2009 00:00

Փաստեր
Փաստ 1. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշում է կայացրել՝ «արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանում»: Քանի որ «Չորրորդ իշխանությունը» դեռ չի ստացել որոշումը, մենք մեջբերումը կատարում ենք ըստ ԴԱՀԿ-ի՝ «ՉԻ»-ի խմբագրությանը ներկայացված ծանուցման:
Փաստ 2. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդված.
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։
Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։
Այս իրավունքները եւ ազատությունները, այլոց թվում, ըստ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի՝ «…կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:
Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»։
Փաստ 3. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիա (Եվրոպական կոնվենցիա), հոդված 10.
«1. Յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է իր կարծիքը պնդելու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից։ Այս հոդվածը պետություններին չի խոչընդոտում սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այդ ազատությունների իրականացումը, որը պարտավորություններ եւ պատասխանատվություն է ենթադրում, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անդորրի, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական բնույթի տեղեկատվության հրապարակումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Փաստ 4. «Զանգվածային լրատվության մասին»
ՀՀ օրենք, հոդված 4.

«Արգելվում է՝
1) գրաքննությունը.
2) որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ…»:
Եզրակացություն
Կայացնելով վերը բերված որոշումը՝ դատավորը խախտել է ՀՀ Սահմանադրության 27 եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 10-րդ հոդվածներով նախատեսված՝ տեղեկություններ տարածելու եւ լրատվամիջոցների ազատության իրավունքը, ինչպես նաեւ՝ «ԶԼ մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջը, քանի որ թերթի տպագրության արգելում նախատեսված չէ օրենքով, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակության համար եւ չի ծառայում ՀՀ Սահմանադրության եւ Եվրոպական կոնվենցիայի նշած նպատակներին:

Հ. Գ. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի առավելությունն ու առաջադիմականությունը հենց այն է, որ անիմաստ է դարձնում որեւէ թերթի տպագրության կասեցումը կամ արգելումը: Նշելով, որ «Լրատվության միջոցները թողարկվում եւ տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որեւէ այլ մարմնում հայտարարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման» (հոդված 4), օրենքը պաշտպանում է լրատվամիջոցներին հենց նման քաղաքական հետապնդումներից (իսկ որ «ՉԻ»-ի դեմ հետապնդումը քաղաքական է՝ որեւէ մեկը չի կասկածում): Որովհետեւ եթե արգելես «Ա» թերթի տպագրությունը, այն անմիջապես լույս կտեսնի «Ա+Բ» անվամբ, արգելես սա՝ մյուս օրը կտպագրվի «Ա+Բ+Գ» անվամբ եւ այսպես շարունակ: Այս պարզ, փորձագետներիս եռամյա պայքարով նվաճած ժողովրդավարական իրավունքն է, որ չեն հասկանում քաղաքական պատվեր կատարող «Գինդը», էդ պատվերն իր կարծիքով գործի վերածած եւ երեւի արդեն շքանշանի սպասող դատավորը ու նրանց պատվիրատուները, որ նստած են Բաղրամյան 26-ի, ԱԺ-ի կամ Կառավարական տան տաքուկ կաբինետներում:
Բարեբախտաբար, լրատվամիջոցներն ավելի լավ գիտեն օրենքը, եւ «ՉԻ» խմբագրությունը լավագույնս ու ճիշտ օգտվեց օրենքի ընձեռած իր իրավունքից՝ մատ անելով եւ «Գինդին», եւ դատավորին, եւ նրանց պատվիրատուներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել