Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ԵՆ

Դեկտեմբեր 02,2009 00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած ցմահ ազատազրկվածները դեռ 2005-ին էին պահանջել վերանայել իրենց գործերը:

Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ ազատազրկման դատապարտված երկու կալանավորներ՝ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը: Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ ոստիկանության պաշտոնական աղբյուրները երեկ «Առավոտին» փոխանցեցին, որ «փախստականները» դեռ հայտնաբերված չեն, ու նրանց որոնումները շարունակվում են: Ավելին, ՀՀ ոստիկանությունը նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցող քաղաքացիներին խնդրել է դիմել ոստիկանություն՝ «արժեքավոր տեղեկություն հայտնողներին» խոստանալով դրամական պարգեւ: Ճիշտ նույն կերպ ոստիկանությունը վարվել էր նաեւ 2004թ.-ին, երբ դեկտեմբերի 10-ին նույն զույգը փախել էր նաեւ «Գորիսի» ՔԿՀ-ից: Փախուստից մեկ ամիս անց նրանք հայտնաբերվել, կալանավորվել ու տեղափոխվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ ու դատապարտվել եւս 7 տարվա ազատազրկման:

Ի տարբերություն այս անգամվա, 2004-ին Ս. Քոչարյանն ու Մ. Ենոքյանը շատ ավելի «ծանր» աշխատանք էին տարել «Գորիսից» փախչելու համար: Այդ գործով դատավարության ժամանակ նրանք հայտարարել էին, թե զբոսանքի ժամանակ փոքր երկաթի կտոր են գտել ու 10 օր շարունակ քանդելով խցի պատը՝ փախուստի ճանապարհ են բացել: Այնուհանդերձ, մամուլում դեռ 2005թ.-ին տեղեկություններ եղան, թե «Ս. Քոչարյանի եւ Մ. Ենոքյանի փախուստի պահին ճաղավանդակների մի մասի հոսանքն անջատված է եղել, ինչով էլ բացատրվել է այն հանգամանքը, որ նրանց հաջողվել է կտրել 22 միլիմետր հաստությամբ ամրանները, որից կախված է եղել մոտ 50 մետր երկարությամբ պարան, իսկ այդ պարանն այնպիսի տեսք է ունեցել, կարծես հենց նոր խանութից գնված լիներ»։ Ավելին, վարկածներ կային, թե այս զույգին «ներսից» են օգնել փախչել՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու նպատակով:

Այսօր էլ վարկածներ կան, թե «Նուբարաշենից» կատարված այս փախուստը եւս կազմակերպված է եղել «ներսից» եւ անգամ «դրսից» ու ուղղված է եղել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, նաեւ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի ու ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի դեմ՝ նրանց պաշտոնանկության անհրաժեշտությունը լավ հիմնավորելու համար: Այս վարկածը կարող է հիմնավորված լինել նաեւ նրանով, որ այս փախուստից մի քանի օր առաջ մեկ այլ սկանդալ եղավ՝ կապված ցմահ ազատազրկման դատապարտվածների խցում կողմնակի անձանց ի հայտ գալու հետ: Իհարկե, այս կարծիքը շատերը, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության որոշակի շրջանակներում, չեն կիսում: Նման հնարավորությունը երեկ «Առավոտի» հետ զրույցում քիչ հավանական համարեց, բայցեւ չբացառեց նաեւ իրավապաշտպան, «Հելսինկյան ընկերակցության» հայաստանյան գրասենյակի ղեկավար Միքայել Դանիելյանը: Բայց նա պնդում է այլ բան՝ «Նուբարաշենից» հենց այնպես, առանց օգնողների հնարավոր չէ փախչել»: Նրա ասելով, փախուստ հնարավոր էր իրականացնել միայն որոշակի գումարի դիմաց:

Նույն կարծիքին է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մինչեւ 2000թ.-ն աշխատած, իսկ այսօր «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը եւ բացատրեց, թե ինչու. «Մոտավորապես 8-10 դուռ է պետք անցնել 5-րդ հարկից 1-ին հարկում հայտնվելու համար: Ցմահ բանտարկյալների զբոսանքը անցնում է 5-րդ հարկում՝ տանիքի տակ: Դա ցանկապատած կառույց է եւ ոչ մի մեխանիզմ չկա փախուստի համար: Ես դա չեմ պատկերացնում»:

Հիշեցնենք, որ նաեւ ոստիկանության տվյալներով, Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը փախուստի են դիմել ՔԿՀ-ի 6-րդ հարկից՝ զբոսահրապարակի տանիքից պարանով իջնելով: «Այդ դեպքում նրանք նորից հայտնվում են «զապրետնի զոնայում», որտեղ կան ավտոմատավոր հսկիչներ, փշալար ու հոսանք: Իրենք դա ի՞նչ ճանապարհով են անցել՝ չեմ հասկանում եւ կասկածում եմ, որովհետեւ նույն դիտանոցում (վիշկա) եւս հերթապահող հսկիչ-պահակներ կան, որոնք, որքան էլ կիսաքուն լինեն, դա պետք է որ նկատած լինեն: Դա անհավատալի բան է»,- ասաց Ա. Բաբայանը, ով նկատեց, թե ցմահ ազատազրկվածների թվում շատ ավելի փորձառու հանցագործներ կային, որ նույն հաջողությամբ կփախչեին, եթե նման հնարավորություն եղած լիներ, ու նաեւ հավելեց՝ «կամ հովանավորող կա, կամ լուրջ աջակցություն»:

Ինչ վերաբերում է «փախստականներին», ապա նրանք երկուսն էլ դատապարտվել են սպանության մեղադրանքով, բայց երբեք չեն ընդունել իրենց մեղքը կամ նվազագույնը՝ այն պատժաչափը, որը որպես դատավճիռ կայացվել է իրենց նկատմամբ: Խոսքը վերաբերում է մասնավորապես Մհեր Ենոքյանին: Նա մահապատժի էր դատապարտվել 1996 թ.-ին կատարած սպանության մեղադրանքով: Դատարանն այն ժամանակ ապացուցված էր համարել, որ բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Ենոքյանն ու նրա ընկերը՝ 1977թ. ծնված Արամ Գառնիկի Հարությունյանը, դաժանաբար սպանել են Ենոքյանի դասախոսի՝ Միշա Աղաջանովի որդուն՝ Իոսիֆ Աղաջանովին՝ նրա իսկ բնակարանում, իբր, նրա ծնողներից փրկագին պահանջելու համար: Ա. Հարությունյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ Մ. Ենոքյանը՝ մահապատժի:

Ո՛չ Մ. Ենոքյանը, ո՛չ նրա ծնողները չեն հերքել, որ նա մասնակից է եղել սպանությանը, բայց պնդել են, թե դատարանի վճիռը համաչափ չի եղել նրա կատարած հանցանքին. Ենոքյանը պնդել է, թե ինքը վիճող կողմերը եղել են սպանված Ի. Աղաջանովն ու հանցագործությունը կատարած Ա. Հարությունյանը, իսկ ինքը նույնիսկ փորձել է օգնություն ցույց տալ սպանված ընկերոջը եւ հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ենոքյանն ու նրա ընտանիքը տարիներ շարունակ փորձել են վերանայել տալ այս գործը, նաեւ՝ իրենց որդու նկատմամբ կայացրած մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու որոշումը, բայց՝ ապարդյուն: Դեռ 2004թ.-ին իրականացրած փախուստից հետո Մ. Ենոքյանն ու նրա մայրը՝ Վարդուհի Օհանյանը, «Առավոտի» հետ զրույցում հայտարարել էին, որ պահանջում են վերանայել սպանության գործը, որը «հանդիպել է պատկան մարմինների քար անտարբերությանը», եւ որ փախուստը «գուցե, բողոքի ակտ է, որպեսզի ուշադրություն դարձվի իր գործին», թե «ճշմարտությունն այն է, որ Մհերը դատական սխալի հետեւանքով է ազատազրկվել»:

Ի դեպ, 2005-ին իր գործը վերանայելու պահանջ էր ներկայացրել նաեւ մյուս «փախստականը»՝ նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը, որը մեղադրվել էր Իրանի երկու քաղաքացու սպանության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031