Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀՎԱՆ ԹՈՒՂԹԸ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԵՐՁԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Դեկտեմբեր 12,2009 00:00

Մինչդեռ օրենքը պահանջում է, որ հերձելուց հետո միայն այդ փաստաթուղթը տրամադրեն, հակառակ դեպքում՝ այն պետք է տա  վիրահատող կամ բուժող բժիշկը, այլ ոչ թե դիահերձողը:

Երեւանի հիվանդանոցների անատոմիկ բաժիններում դիահերձողները շատ հաճախ, առանց մահացած մարդուն հերձելու, նրա հարազատներին են տալիս մահվան մասին հավաստող փաստաթուղթ: Այդ փաստաթղթում եզրակացություն է տրվում, թե մարդն ինչի պատճառով է մահացել: Դիահերձողներն օրենքի պահանջը չկատարելը բացատրում են «վշտի մեջ գտնվող մարդկանց ընդառաջելով»:

«Էրեբունի» հիվանդանոցում մահացած Արմավիրի մարզի 55-ամյա բնակիչ Ս. Մ.-ի (անուն- ազգանունը չենք հրապարակում մահացածի հարազատների խնդրանքով) որդուն մահվան փաստաթուղթը հանձնել են մահացած հիվանդին իրենց մոտ տեղափոխելուց ընդամենը 15 րոպե հետո: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց հանգուցյալի որդին: Նրա խոսքերով, բացի մահվան թուղթը շուտ տրամադրելուց, իր համար չափազանց տարօրինակ է եղել նաեւ այն, որ մահվան մասին հավաստող փաստաթղթում «Էրեբունի» բժշկական կենտրոնի պաթանատոմ Աելիտա Աղախանյանը նշել է, որ իր հայրը մահացել է գլխուղեղի արյան զեղման պատճառով, այն դեպքում, երբ ինքը հրաժարվել է գլխի պաթանատոմիական հետազոտումից: «Ես իմ անհանգստությունների հետ կապված խոսել եմ այս ոլորտի մասնագետների հետ, եւ ինձ ասացին, որ պաթանատոմը մահվան թղթում իրավունք չունի նման բան գրելու, եթե գլխի հետազոտում չի արել: Դրանից հետո սկսեցի կասկածել, ճի՞շտ է, արդյոք, մահվան թղթում գրված հորս մահվան պատճառը»,-ասում է որդին:

Նշենք, որ մեր երկրում այժմ գործող պաթոլոգիա-անատոմիական կանոնակարգով, որը հաստատվել է դեռեւս խորհրդային տարիներին, նույնպես նախատեսվում է, որ պաթանատոմը իրավունք չունի մահվան թղթում գրել այնպիսի մահվան պատճառ, որի ուսումնասիրությունը ինքը չի արել, դա պետք է անի մահացած հիվանդին բուժող կամ վիրահատող բժիշկը (ՀՀ կառավարության թիվ 715 որոշում, ըստ որի, եթե հերձում չի կատարվել՝ մահվան թուղթը տալիս է բուժող, վիրահատող կամ հերթապահ բժիշկը):

Խնդրի առնչությամբ մենք պարզաբանումներ խնդրեցինք Աելիտա Աղաբեկյանից: Ըստ նրա, մարզերում բնակվողները հիմնականում չեն ցանկանում իրենց մահացած հարազատի հերձման ժամանակ հետազոտման նպատակով բացել նաեւ գլուխը. «Չեմ կարող ասել, թե ինչն է դրա պատճառը, բայց եթե հարազատը չի ցանկանում, ես իրավունք չունեմ բացել: Մահացածի գործին կցվում է նրա հրաժարվելու մասին հավաստող այդ թուղթը: Տվյալ դեպքում՝ այս թուղթը ստորագրել է մահացածի որդին: Ասեմ նաեւ, որ ես իրավունք չունեմ որեւէ մահացածի հերձել, քանի դեռ նրա հարազատը չի եկել մեզ մոտ, քանզի հնարավոր է, որ բարդ դեպք է, եւ անհրաժեշտություն առաջանա նրան դատաբժշկական հերձում անել: Ձեր նշած մարդը Արմավիրի մարզի բնակիչ էր, հնարավոր չէր, որ մենք շուտ տված լինեինք նրա մահվան փաստաթուղթը, քանի որ սովորաբար շտապում են Երեւանի բնակիչները, որոնք ցանկանում են այդ թուղթը թաղման բյուրո շուտ ներկայացնել: Շատ է լինում, որ մահացածի հարազատները գալիս են եւ մեզ խնդրում են հերձելուց առաջ տալ այդ թուղթը, երբ մերժում ենք, ասում են՝ առանց այդ էլ վշտի մեջ ենք, դուք էլ մեզ դժվար դրության մեջ եք դնում: Մեզ մոտ մարդիկ գալիս են ջղայնացած, հուզված, սակայն միշտ էլ մենք փորձում ենք փոխհամաձայնության գալ: Լինում է նաեւ, որ գումար չեն ունենում եւ պետք է իրենց հարազատին քաղաքապետարանի օգնությամբ թաղեն, նրանց ավելի շուտ է պետք այդ թուղթը, որպեսզի մի քանի օր չձգձգվի թաղումը: Ինչ վերաբերում է այդ մարդուն, ասեմ, որ նա մահացել է հուլիսի 27-ին, իսկ մենք փաստաթուղթը տվել ենք միայն հաջորդ օրը: Իսկ քանի որ նա մարզի բնակիչ էր, որի հարազատներին պետք չէր շուտ տալ մահվան թուղթը, որովհետեւ իրենք պետք է գնան իրենց բնակավայրում ներկայացնեն այդ թուղթը, որպեսզի կարողանան թաղումը կազմակերպել, ուստի իրենց դժվար թե հարկավոր լիներ շուտ վերցնել մահվան թուղթը: Ես չեմ հիշում՝ տվյալ դեպքում մենք երբ ենք տվել մահվան թուղթը, բայց համոզված եմ, որ շուտ չենք տվել: Այս հիվանդը մեր հիվանդանոցում պառկել է 5 օր, որի ժամանակ անցել է գլխի «KT», ինչի հետեւանքով պարզվել է, որ գլխուղեղի վրա եղել է արյան զեղում: Իմ փաստաթղթերում ես տիտղոսային թղթի վրա արտագրում եմ բուժող կամ վիրահատող բժշկի էպիկրիզը, արդեն մահվան գործի մեջ գրում եմ հերձման արդյունքները»:

Մեր այն հարցին, պաթոլոգիա-անատոմիական կանոնակարգով թույլատրվո՞ւմ է բուժող կամ վիրահատող բժշկի էպիկրիզը արտագրել, նա պատասխանեց. «Տիտղոսային էջն այդպես է պահանջում, արդեն ներսի էջերում ես որպես պաթանատոմ՝ գրում եմ իմ կատարած աշխատանքի մանրամասները: Տվյալ դեպքում, եթե ես գլուխը չեմ բացել, չեմ գրում ոչինչ գլխի մասին: Այդ մասին գրում եմ մահվան թղթի մեջ, ուղղակի հիմնվելով բուժող բժշկի էպիկրիզի վրա»: Մեր հարցին՝ հերձման ժամանակ ընդհանրապես պարտադի՞ր է մահացածի գլխի բացումը, Ա. Աղաբեկյանը պատասխանեց. «Այո, մանավանդ, եթե մահվան պատճառը կարող է հենց գլխի հետ կապված լինել: Սակայն, եթե հարազատը չի ցանկանում, մենք չենք կարող նրանց կամքին հակառակ դա անել»:

Քանի որ նա մեզ հետ էլ խոսում էր ռուսերեն եւ մահվան մասին հավաստող փաստաթղթերն էլ լրացնում էր ռուսերեն, մենք տիկին Աղաբեկյանին հարցրինք, թե խնդիրներ չի՞ ունեցել Լեզվի պետական տեսչության կամ ռուսերենին վատ տիրապետող մարդկանց հետ: «Իմ կրթությունը ռուսական է: Եթե պահանջվում է՝ կարողանում եմ հայերեն էլ գրել մահվան թուղթը, սակայն ինձ համար բավականին դժվար է: Մինչեւ հիմա խնդիր չեմ ունեցել, սակայն եթե ունենամ, կսկսեմ հայերեն սովորել, որպեսզի կարողանամ հայերեն լրացնել մահվան փաստաթուղթը»: Նա խոսեց նաեւ իր մասնագիտության առանձնահատկությունների մասին. «Ընդհանուր առմամբ, պաթանատոմները պետք է շատ աշխատեն իրենց վրա, անընդհատ կատարելագործվեն: Օրինակ, եթե մարդը մահացել է սրտի կաթվածից, պետք է ես կարդիոլոգիա ավելի լավ իմանամ, որպեսզի կարողանամ կարդիոլոգին համոզել, որ ես ճիշտ ախտորոշում եմ արել նրա հիվանդի մահվան կապակցությամբ: Ասեմ նաեւ, որ մեր մասնագիտությամբ շատ քիչ են աշխատողները, այս աշխատանքը չափազանց բարդ է եւ պատասխանատու: Գրեթե բոլոր պաթանատոմներն արդեն մեծահասակ են, ոչ մի երիտասարդ չի ցանկականում պաթանատոմ դառնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել