Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգություն, անորոշության փուլ

Մայիս 24,2024 12:00

Վերջին հանդիպումը` իրանա-ադրբեջանական պետական սահմանին, Խուդաֆերինի կամրջի տարածքում

2024թ. մայիսի 19-ի օրը մեր տարածաշրջանի հետագա զարգացումների վրա, անշուշտ, հետեւանքներ կունենա: Այդ օրը իրանա-ադրբեջանական պետական սահմանին Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ` Էբրահիմ Ռայիսիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կայացավ, ապա նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ երկու երկրների սահմաններին կառուցված ամբարտակների եւ հիդրոհանգույցների բացման արարողությունը։

Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում այդ հանդիպման վերաբերյալ հայտարարվել էր դեռ մարտին, սակայն շաբաթներ անց այն չեղարկվել էր, պատճառների մասին կողմերը չհայտնեցին։ Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչեւ պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար եւ էլեկտրակայան։ Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի եւ իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։

Ոչ ոք չի կարող «թյուրըմբռնում ստեղծել եւ պառակտում մտցնել» Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ օրը հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` հավելելով. «Այս արարողությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների բարեկամությունը։ Այսօր ողջ աշխարհն ականատես է լինում, թե որքան մեծ է բարեկամությունը Իրանի եւ Ադրբեջանի միջեւ»։ Ըստ Ալիեւի՝ իրանա-ադրբեջանական «բարեկամությունն ու եղբայրությունը կարեւոր գործոն են ապագայում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության միջոցառումների ամրապնդման համար»։ Նա շեշտել էր, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային ոլորտում իրականացվող համատեղ նախագծերը առանձնահատուկ նշանակություն ունեն նաեւ տարածաշրջանի համար։ Ադրբեջանի նախագահը նաեւ հավաստիացրեց՝ Թեհրանն ու Բաքուն միմյանց աջակցում են բոլոր միջազգային կառույցներում եւ կշարունակեն նույնն անել նաեւ հետագայում։

Էբրահիմ Ռայիսին, իր հերթին, նկատել էր, թե այն, որ շատ կարեւոր խոշոր նախագծեր կարող են իրականացվել երկու ժողովուրդների եւ երկու պետությունների միջեւ, ինքնին նշանակալի իրադարձություն է։ «Գուցե ինչ-որ մեկին դուր չգան մեր հանդիպումներն ու համատեղ հաջողությունները։ Մեզ համար դա նշանակություն չունի։ Գլխավորն այն է, որ մենք միասին իրականացնենք այն, ինչ ի շահ մեր երկրների, պետությունների ու ժողովուրդների է», – նշել էր նա։ «Թշնամիները Ադրբեջանի եւ Իրանի առաջընթացը չեն ցանկանում, բայց մենք կարծում ենք, որ ցանկացած առաջընթաց Ադրբեջանում մեր առաջընթացն է, ցանկացած սպառնալիք երկու երկրների սահմաններին կորուստ կլինի երկու երկրների համար»,- հավելել էր Ռայիսին։

Իրանի նախագահը Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնար Թեհրան: Սակայն Ալիեւի հետ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց իրանական լրատվականները հայտնեցին, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Տեղեկատվական խառնաշփոթ

Ժամեր անց արդեն հայտնի դարձավ, որ Ռայիսին եւ նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որոնք վերադառնում էին իրանա-ադրբեջանական սահմանին Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից, Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ ուղղաթիռի կործանման պատճառով զոհվել են: Ըստ Իրանի պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արեւմուտք։

Էբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական հանդիպումից եւ ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն կոշտ վայրէջք է կատարել, սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին արձագանքն էր Իրանից ստացվող լուրերի ֆոնին: «Մենք աղոթում ենք Ալլահին նախագահ Իբրահիմ Ռայիսիի եւ նրան ուղեկցող պատվիրակության համար: Որպես հարեւան, բարեկամ եւ եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը»։

Իրանից ստացված բոթից ժամեր անց համացանցում լուրեր շրջանառվեցին, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է։ Ակնկալվում էր, որ Ռայիսին կմասնակցի ՀՀ տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։

Այս տեղեկությունն անգամ հայտնվեց ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության լրահոսում: Սակայն, մայիսի 20-ին պաշտոնական Երեւանը տեղեկատվական խառնաշփոթի շուրջ նպատակ ուներ հստակություն մտցնել, սակայն պաշտոնական արձագանքն էլ այնքան սպառիչ կամ համոզիչ չէր: «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն», «Ազատությանն» ասել էր ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, պատասխանելով հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկություններն այն մասին, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան: Ըստ էության, սա ոչ հերքում էր, ոչ էլ` հաստատում:

Իրանի պաշտոնյաների կարեւոր արձանագրումներն ու արժանավայել կեցվածքը

2020թ. 44-օրյա պատերազմից հետո հարեւան Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, Սյունիքում միջանցքի բացառման, առհասարակ, սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ հստակ ու միանշանակ էր հանդես գալիս: Իրանի հոգեւոր առաջնորդն անգամ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հետ հանդիպմանն էր ասել՝ Հայաստանի հետ սահմանի փակում չեն հանդուրժի։ Իսկ նախագահ Ռայիսին մի քանի անգամ զգուշացրել էր Ադրբեջանին, որ Թեհրանը չի հանդուրժելու հայ-իրանական սահմանի որեւէ փոփոխություն:

Իրանի ԱԳ նախարարը նկատելի համառությամբ եւ հետեւողականությամբ էր այս գծին հետամուտ լինելով` առաջ տանում Թեհրանի դիրքորոշումը: Հիշեցնենք, 2022թ. հոկտեմբերին Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Սա Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունն է Հայաստանում: Իրանի ԱԳ նախարարը Հայաստան էր ժամանել արարողությունից մեկ օր առաջ, հանդիպել ՀՀ իշխանությունների հետ:

ՀՀ ԱԳ նախարարի համատեղ ասուլիսում Աբդոլլահիանը շեշտեց, որ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը: Իրանի ԱԳ նախարարն այդ օրը Երեւանում ընդգծեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը, հայտարարելով՝ «դա իրենց կարմիր գիծն է», եւ «կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն յուրաքանչյուր նույնիսկ մտքին»։ «Ադրբեջանի նախագահը մեր երկրի ղեկավարի հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ արել ենք։ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացմանը», վստահեցրեց Աբդոլլահիանը:

Հոկտեմբերի 21-ին Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հայաստանի ԱԳ նախարարը կարեւորելով Կապանում հյուպատոսարանի բացումը՝ ընդգծեց. «Բարձր ենք գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը: Ցանկանում եմ եւս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ-ի համար մշտապես եղել է եւ կշարունակի լինել առանցքային գործընկեր»: Իսկ Աբդոլլահիանը նշեց, որ Իրանը` Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. «Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները»: Իրանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարեւոր մաս, եւ իրանական կողմը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել այս տարանցիկ ուղին զարգացնելու համար:

Անորոշության որոշակի գործոն

Մայիսի 19-ի ողբերգությունը վստահաբար ազդեցություն է ունենալու տարածաշրջանային հետագա զարգացումների վրա, մի պարզ պատճառով` տեղի է ունենալու հարեւան Իրանի հիմնական քաղաքական դեմքերի փոփոխություն։ Ռայիսին եւ Աբդոլլահիանը քաղաքական ազդեցիկ գործիչներ էին։ Հենց նրանց շնորհիվ պաշտոնական Թեհրանն իրականացնում էր անկախ, բայց հավասարակշռված քաղաքականություն, որով նրանք փորձում էին չներքաշվել բացահայտ հակամարտությունների մեջ: Նրանք դեմ էին «Մեծ Թուրանի» նախագծին, որի հիմնաքարը, ըստ թուրք-ադրբեջանական տանդեմի` «Զանգեզուրի» միջանցքն է։

Մեկ այլ կարեւոր փաստ. Ռայիսիի եւ Աբդոլլահիանի շնորհիվ փոքր քայլերով, որոշակիորեն Իրանն Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն էր տանում: Ի դեպ, մայիսի 19-ի ողբերգությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ Բրյուսելը միանում է Ռայիսիին եւ մյուս պաշտոնյաներին տեղափոխող եւ արդեն կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին: ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեց Լենարչիչը մասնավորապես հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով ԵՄ-ն կաջակցի Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքներին, եւ որ ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկուս» ծրագիրը («Կոպեռնիկուս»-ը ԵՄ արբանյակային դիտարկման աշխարհի խոշորագույն ծրագրերից է, որը դիտարկում է Երկիր մոլորակը եւ նրա շրջակա միջավայրը)։

Բացի այդ, մայիսի 20-ին Վաշինգտոնը պաշտոնապես ցավակցեց ուղղաթիռի կործանման հետեւանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի եւ պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ: Պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում էր. «Միացյալ Նահանգները պաշտոնական ցավակցությունն է հայտնում Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի եւ պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ: Քանի որ Իրանը նոր նախագահ է ընտրում, ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ժողովրդին եւ նրա պայքարին՝ հանուն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների»:

Թեեւ փորձագետները տարածաշրջանում Իրանի քաղաքականության մեծ փոփոխություններ չեն կանխատեսում, այնուամենայնիվ, Ռայիսիի եւ Աբդոլլահիանի մահվանը որոշակի զարգացումներ կարող են հետեւել, որոնք կարող են նաեւ առնչվել Հայաստանին: Անշուշտ, ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ովքեր կստանձնեն Իրանի նախագահի ու արտգործնախարարի պաշտոնները, ինչպիսի քաղաքական գծի կողմնակիցներ կլինեն նրանք եւ ինչպիսին կլինի Իրանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը թե՛ մեր տարածաշրջանի նկատմամբ, թե՛ առհասարակ, աշխարհի հետ հարաբերվելիս:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031