Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության անտարբերություն

Դեկտեմբեր 12,2009 00:00

Կառավարության անգործություն

Եթե մուսուլմանական երկրներում գողություն անողին պատժում են՝ ձեռքը կտրելով, ապա մեզ մոտ այդ ձեռքի տիրոջը, նայած թե ով է, ընդամենը ազատում են աշխատանքից՝ ենթարկելով պատասխանատվության կամ էլ անտեսում են վերջինիս կատարած արարքը:

Վանաձորցիները հավաքվել էին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձորի գրասենյակում»՝ քննարկելու կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացի վրա:

«Ոսկե միջին հասարակական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Հովհաննես Ղազարյանը Հայաստանը տեսավ կոռումպացված երկրների լավագույն տասնյակում. «Մենք եկել-կանգնել ենք մի իրավիճակի առջեւ, որտեղ կոռուպցիան որպես կոռուպցիա չի ընկալվում»: Ըստ նրա՝ Հայաստանում բոլոր ոլորտները ողողված են մարդու իրավունքների խախտումներով, գրեթե ամեն տեղ կոռուպցիան իր արմատներն է ձգել:

Հովհ. Ղազարյանին մտահոգում է մարդու իրավունքների պաշտպանության գործում հասարակության անտարբերությունը: Նրանք էլ, ովքեր համառորեն ձեռնամուխ են լինում այդ իրավունքների պաշտպանությանը, ոչ միշտ են հասնում արդյունքի:

Այս տարի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած շուրջ 300 քաղաքացիներից 280-ը բողոքել է կոռուպցիայի դեմ:

«Այնպիսի արգելքները, որոնց հետեւանքով խախտվում են մարդու իրավունքները, մեր երկրում դեռեւս մնում են չհաղթահարված»,- ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության ժամանակ ասաց գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպան կազմակերպությունն այս տարի Լոռու մարզի դատախազություն է ներկայացրել կոռուպցիոն բնույթի 17 հաղորդում, որից 10-ը վերաբերել է իրավապահ մարմինների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահումներին, սակայն քրեական գործ ոչ ոքի դեմ չի հարուցվել:

Ըստ Ա. Սաքունցի՝ մարդու իրավունքների խախտումների շարքում մտահոգիչ են քաղաքական հայացքների համար հետապնդման եւ համաներման ենթարկված ու ազատազրկված քաղաքացիների հարցերը, կյանքի իրավունքի ապահովման խնդիրներն ու կոռուպցիան:

Քննարկմանը մասնակցած Հովհաննես Ղազարյանն էլ իր հերթին նկատում է, որ կոռուպցիայի ու մարդու իրավունքների խախտումների հիմքում կառավարության անգործությունն է. «Այն շատ հաճախ իր գործառույթները չի կատարում, հասարակությունն էլ չի պահանջում. պահանջող չկա, կատարող էլ չկա»:

Հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքը չկիսեց իշխանության ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ, Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը: «Կոռուպցիան չպետք է ըստ ոլորտների դիտել: Ամենակոռումպացվածը հասարակությունն ինքն է: Առաջին հերթին մենք մեր մեջ պետք է այդ խնդիրը լուծենք»,- ասաց հանրապետական պաշտոնյան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել