Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԸ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 12,2009 00:00

Դեկտեմբերի 7-ին day.az-ում թողարկվել էր հոդված, որում ասվում էր, թե դեկտեմբերի 10-ին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության Երիտասարդական ֆորումի աջակցությամբ նախատեսվում է անցկացնել հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման խնդրի վերաբերյալ կոնֆերանս: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ կոնֆերանսը կազմակերպվում է ադրբեջանական քարոզչական «Արդարություն Խոջալուին» միջազգային ծրագրի շրջանակներում: «Կոնֆերանսի նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել այն մասին, թե իրականում ինչ է կատարվել Խոջալուում եւ հասնել միջազգային հանրության կողմից այդ ողբերգական իրադարձությունների իրավական եւ բարոյական գնահատմանը: Կոնֆերանսին մասնակցելու են եվրոպական քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկայացվելու է «Խոջալու՝ մոռացված ողբերգություն» զեկույցը եւ Խոջալուի մասին պատմող գերմաներեն տեսաերիզ»,- գրում էր day.az-ը:

Այս կապակցությամբ դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են հետեւյալը: Ներկայացուցչություններին ուղարկվող ընդհանուր ցանցում գտնվել է այդ համաժողովի հրավերը, ինչից պարզվել է, որ համաժողովը կազմակերպել եւ հրավերը ուղարկել էր COJEP international կազմակերպությունը, որը թուրքական կազմակերպություն է՝ գրանցված Ստրասբուրգում (կազմակերպիչներն ու պաշտոնյաները թուրքեր են՝ ֆրանսիական քաղաքացիությամբ):

«Քանի որ հրավերին կից օրակարգում ելույթ ունեցողների թվում նշված էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Պիլայը եւ Խտրականության հարցերով ՄԱԿ-ի զեկուցողը, ապա մենք կապի մեջ մտանք հանձնակատարի գրասենյակի հետ՝ մտահոգություն հայտնելով այդ մասնակցությամբ: Պարզվեց, որ ոչ ոք տեղյակ չէ այդ միջոցառումից եւ հանձնակատարը չի մասնակցելու դրան: Մենք կապի մեջ մտանք նաեւ ՄԱԿ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի հետ՝ ներկայացրինք իրավիճակը, հայտնեցինք, որ ՄԱԿ-ի հովանու տակ կազմակերպվելու է մի միջոցառում, որը՝ մենք լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, օգտագործվելու է ադրբեջանական հակահայկական քարոզչության նպատակներով: Գրասենյակից պարզաբանեցին, որ ՄԱԿ-ը որեւէ ներգրավվածություն չունի եւ իրենք տրամադրում են միայն սրահը: Միաժամանակ նշեցին, որ իրենք հայկական կողմի մտահոգությունները հայտնել են կազմակերպիչներին, որոնք էլ խոստացել են որեւէ սադրիչ գործողություն կամ ելույթ թույլ չտալ»,- հայտնեց Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան մեր աղբյուրը:

«Իրականում ադրբեջանցիները ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ հրավերներ են ուղարկել՝ ներկայացնելով միջոցառումը որպես ՄԱԿ-ի միջոցառում, ինչը պարզ երեւում է իրենց հրավերից: Խաբել են նաեւ հանձնակատարի մասնակցության մասով: Իսկ խտրականության հարցերով զեկուցողի մասնակցությունը այդ քարոզչական միջոցառմանը, ինչպես նաեւ նախօրոք ծրագրված Խոջալուի վերաբերյալ տեսանյութի տարածումը տեղի չունեցավ՝ հայ դիվանագետների միջամտությունից հետո: ՄԱԿ-ի մասնակցությունը նվազագույնի հասցնելու համար անգամ կազմակերպական հարցերով զբաղվող որեւէ ՄԱԿ-ի պաշտոնյա միջոցառմանը ներկա չէր: Համաժողովի ժամանակ քննարկումներ են ծավալվել նաեւ թեմայից դուրս՝ հիմնականում Եվրոպայի մահմեդական բնակչության իրավունքների վերաբերյալ: Ադրբեջանցիները առիթը բաց չեն թողել խոսելու Խոջալուի մասին, իսկ հայ պատվիրակներն էլ պահանջել են պատասխանի իրավունք եւ ներկայացրել նաեւ հայկական կողմի դիրքորոշումը»,- ասաց մեր աղբյուրը: Հայկական կողմը շեշտել է, որ անթույլատրելի է ՄԱԿ-ում ընձեռված հնարավորությունը եւ ամբիոնը օգտագործել քարոզչական նպատակներով եւ անհիմն ու բացահայտ սուտ տեղեկություններ տարածել Խոջալուի դեպքերի վերաբերյալ, միաժամանակ փաստեր հնչեցնելով նաեւ Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին: Հայաստանի ներկայացուցիչը խոսել է նաեւ կրոնական երկխոսության, իսլամական երկրների հետ Հայաստանի եւ հայ համայնքների օրինակելի հարաբերությունների մասին, ինչն արժանացել է միջոցառման մասնակիցների դրական արձագանքին: Նշվել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումը՝ իր նեղ շահերին ծառայեցնելու համար, չի նպաստում կրոնների միջեւ երկխոսության ծավալմանը եւ ուղիղ կերպով հակասում է ՄԱԿ-ի եւ ԵԽ անդամ պետության ստանձնած պարտավորություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել