Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն պնդում է ԱԳ նախարարի հրաժարականը

Հունվար 14,2010 00:00

Երեկ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ասուլիսում հրապարակեց ՍԴ որոշման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Մենք համոզված էինք եւ ենք, որ Սահմանադրական դատարանը, հանգամանորեն վերլուծելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, բավարար հիմք ուներ Հայաստանի կողմից այս արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող: Ցավոք, դա տեղի չունեցավ: Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում ազգային-պետական շահերը վտանգող արձանագրությունների դեմ ծավալված ընդվզումն օր օրի տալիս է իր դրական արդյունքը: Առաջին փաստն այն է, որ ՍԴ որոշումը նույնպես ապացուցում է՝ այս արձանագրությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի վատ աշխատանքի արդյունքն են»: Ավելի ուշ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ուժի մեջ է մնում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի վերաբերյալ իրենց պահանջը, եւ ՍԴ որոշման մի կետից հետո իշխանության առաջին քայլը պետք է լիներ արտգործնախարարին պաշտոնից ազատելը: Նկատի ուներ ՍԴ որոշման այն կետը, ըստ որի՝ արձանագրություններն ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ, եւ Հայաստանը չի կարող ստանձնել երրորդ երկրին վերաբերող որեւէ պարտավորություն. «Իսկ այս արձանագրությունների մեջ, ինչպես գիտեք, հենց հստակ դա է մատնանշված,- պնդեց պրն Ռուստամյանը:- Բանակցային գործընթացը միայն այդ կետով պետք է համարել ձախողված, որովհետեւ չէր կարելի թույլ տալ այդպիսի կոպիտ սխալ եւ թույլ տալ, որպեսզի Հայաստանը միջազգային իրավունքի պրակտիկային բոլորովին չհամապատասխանող ինչ-որ լրացուցիչ պարտավորություն ստանձներ»:
ՀՅԴ հայտարարության մեջ նաեւ նշված է. «ՍԴ-ն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին եւ բավարար հիմքեր է ստեղծել Հայաստանի կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար»: Եվ կարեւորելով ՍԴ իրավական գնահատականները՝ ՀՅԴ-ն հաստատում է. «Դրանք կարող են լիարժեքորեն չեզոքացնել առկա վտանգները, եթե վավերացման փուլում ՍԴ այս որոշման ուժով, միջազգային իրավունքին համապատասխան, վերածվեն արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումների»: Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ ԱԺ առաջիկա նստաշրջանում ներկայացնելու են նախաձեռնություն, ըստ որի՝ խորհրդարանը իրավունք է ունենալու վերապահումներ կատարել այն միջազգային փաստաթղթերում, որոնք վավերացնում է:
Ըստ նրա, եթե իշխանությունն արձանագրությունները վավերացնելիս վերապահում չանի՝ դրանից հետո մնում է արձանագրությունները չեղյալ հայտարարելու գործընթացը: «Չեղյալ հայտարարելու գործընթացը քաղաքական առումով կնշանակի իշխանափոխության գործընթաց»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Արձագանքելով ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի գնահատականին, թե ՀՅԴ-ն «խամաճիկային ընդդիմություն է»՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Թող դուրս գան այդ հոգեվիճակից եւ իրենք էլ զբաղվեն մեր պետության եւ երկրին անհրաժեշտ քայլերի լուծմամբ եւ դրա մեջ դերակատար լինեն: Պետք չէ միայն մյուսներին քարկոծելով, վատաբանելով ներկայացնել, որ իրենք միակն են եւ անկրկնելին»: Եվ եւս մեկ անգամ պնդեց, թե ՀԱԿ-ը որեւէ կերպ դեմ չէ գործընթացին. «Եթե դա այդպես չլիներ, ինչ-որ տեղ կընդվզեին, կառարկեին: Ոչ թե կառարկեին մեր գործողությունների դեմ, այլ կառարկեին այս գործընթացի դեմ, որ օր առաջ դա կասեցվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031